Մեկնաբանություն

31.08.2020 22:25


Բա պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարին արձակուրդ են ուղարկո՞ւմ

Բա պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարին արձակուրդ են ուղարկո՞ւմ

Նորից արձակուրդ է մեկնել: Հինգ օրով: Նիկոլ Փաշինյանը:

Դե, 5 օրն առանձապես երկար ժամանակ չէ: Չնայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որ նաև ՀՀ պարետն է, կարող է մի 5 օր ուրախանալ վարչապետի փոխարինողի կարգավիճակով: Կարևորը, որ միայն ուրախանա ու նորանոր որոշումներ չընդունի, ասենք առ այն, թե արտակարգ դրության ընթացքում ով միայն աջ ոտքի վրա թռվռա, ով միայն ձախ ոտնաթաթին գուլպա կրի, իսկ ով ընդհանրապես հետ քայլելով շարժի:

Ի դեպ, արտակարգ ասացի, հիշեցի, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ոնց որ թե պատերազմի հետ էին սիրում զուգահեռել հայրենի թավշիշխանավորներն ու իրենց թավշապետի «Մեծ ուսուցիչը»:

Պաշտոնապես տակավին արտակարգ դրության ու կորոնավարակի մեջ ենք: Այսինքն՝ պատերազմը շարունակվում է: Եվ եկեք ու տեսեք, որ երեսպաշտության ու կեղծավորության այդ սուպեր-մամ..., կներեք, սուպեր չեմպիոնները, մեկը մյուսի ետևից արձակուրդ են մեկնում:

Այն օրը առողջապահության նախարարն էր արձակուրդ գնացել, այսօր՝ Փաշինյանը: Մեկը՝ արտակարգ դրության ձևական դրդապատճառի՝ վարակի դեմ պայքարի գլխավոր հրամանատար, մյուսը՝ հրամանատարի գլխավոր հրամանատար: Իրենց սիրելի ոճով կարելի է բումերանգել. բա պատերազմի ժամանակ զորքերի հրամանատարն ու գերագույն գլխավորը արձակուրդ են գնո՞ւմ:

Փաստորեն, նրանց բոլորի փոխարեն հիմա միայն Ավինյան Տիգրա՞նը պետք է «պախատ անի»: Չնայած, իբր առողջապահության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը «վեր էին վառել», մի հատ էլ, բարև ձեզ՝ արձակուրդ:

Մի բանում կարելի է վստահ լինել: Չգիտեմ, թե առողջապահության նախարարն ինչպե՞ս (տարբեր բաներ են ասում), բայց Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հաստատ կվերադառնա:

Մյուս կողմից, ախր ինչպե՞ս չգնան արձակուրդ: Մարդիկ հոգնել են, հանգստի կարիք ունեն: Թեկուզ 5 օրով: Ախր օրնիբուն, ամիսը՝ 4 շաբաթ, շաբաթը՝ 7 օր, օրը՝ 29-30 ժամ աշխատում են, չարչարվում են, տանջվում, կազմակերպում ու ղեկավարում են կորոնավիրուսի վարակի դեմ պայքարը...

Վերցնենք թեկուզ Նիկոլ Փաշինյանին. ամբողջ աշխարհը ցնցված ու հիացած հետևում է, թե ինչպես է Հայաստանի վարչապետը օրնիբուն աշխատում, ինչե՜ր է անում՝ Հայաստանն այդ անտեր վարակից զերծ պահելու համար: Մի ձեռքին՝ պինցետ, մյուսին՝ տնական արաղ ցողող շիշը, մի դիմակ դեմքին, մյուսը՝ ձեռքին, «Կորոնա» վերանվանված Չալոյի ուղեկցությամբ այնպես է աշխատում, այնպե՜ս, որ բոլոր հարևան երկրներին, տո՛, ի՜նչ հարևան, աշխարհի բազմաթիվ երկրների տվել ու անցել ենք կորոնավարակի հարցում...

Ու այստեղ ընդհատվում են ոչ միայն կատակները, այլև դրա փոքր ցանկությունն անգամ, քանի որ իրականությունը դաժան է, իսկ հետևանքներն էլ՝ ողբերգական. մի քանի տասնյակ հազար վարակվածներ, մոտ 1200 մահ... Կիսահեղձ տնտեսություն և ծանր սոցիալական կացություն:

Այ, սրանք են Նիկոլ Փաշինյանի անխոնջ աշխատանքի հետևանքները: Ու դրա համար նրան ոչ թե արձակուրդ արժե ուղարկել, այլ՝ տուն: Ուղղակիորե՛ն տուն: Եվ դա պետության կողմից տրամադրվող կառավարական առանձնատունը չէ:

Ու ոչ միայն նրան: Իր գլխավորած կառավարությանն էլ:

Թե չէ՝ արձակուրդ: Դա ի՞նչ է, հավելյալ պարգևավճա՞ր: Եթե նման իրադրության մեջ պետության այլ ղեկավար արձակուրդ մեկներ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դեռ նախկին կարգավիճակում լիներ, հիմա ԱԺ ամբիոնից հիստերիկ ելույթներ էր ունենալու, իսկ իր ընտանեկան թերթոնն էլ խայտառակ պիտակումներով էր հանդես գալու...

Իսկ ինքը, ահա, գնում է արձակուրդ: Շատ չէ, մի 5 օրով:

Կարելի է կարծել, թե արդեն ավելի քան 2 տարի և միքանի ամիս ու մինչև այսօր «արձակուրդի» մեջ չէր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը