Քաղաքական

28.08.2020 09:55


Այս ամբողջ գործընթացը հակաիրավական է և ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Այս ամբողջ գործընթացը հակաիրավական է և ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Մի մասին ծանոթ եմ, մի մասին՝ ոչ, բայց դա ամենևին դեր չի խաղում և չի փոխում իմ գնահատականը՝ այս ամբողջ գործընթացը հակաիրավական է և ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի մասնագետներ կընտրվեն ՍԴ դատավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության վերջերս ծավալված գործընթացի վերաբերյալ հարցին։

«Բանն այն է, որ յուրաքանչյուր իրեն հարգող իրավաբան, երբ համաձայնություն է տալիս մասնակցելու մի գործընթացի, որն, ըստ իս, բացարձակ ոչ լեգիտիմ և հակասահմանադրական է, սա արդեն մեծ խնդիր է։ Եվ ես կարծում եմ՝ իրեն հարգող իրավաբանը չպետք է այդ քայլին գնա։ Բայց, այնուամենայնիվ, մարդիկ կարող են այդ քայլը կատարել։ Զուտ մասնագիտական առումով, այո, ես համարում եմ՝ նրանք պատրաստված մասնագետներ են և կարող են այլ պայմաններում կատարել ՍԴ դատավորի առաքելությունը։ Բայց երբ դու մասնակցում ես գործընթացի, որը ոչ լեգիտիմ է, այստեղ արդեն ծագում են բազմաթիվ հարցեր՝ ինչպե՞ս դու կկարողանաս, և արդյո՞ք դու կկարողանաս երբևէ թոթափել այդ բեռը և կյանքի կոչել այդ բարձր առաքելությունը։ Ես կարծում եմ՝ խնդիը հանրային ճնշման մասին չէ, շատ հստակ պարոն Ավետիսյանը ներկայացրել է՝ ինչու է հրաժարվում (իմ դիտողությունն, ի դեպ, համաձայնելու վերաբերյալ տարածվում է նաև պարոն Ավետիսյանի վրա), կարծում եմ՝ որևէ մեկի մոտ պատրանք չկար, թե ինչ է ակնկալվում այդ դատավորներից, այնպես որ ընդհանուր պատկերը անփոփոխ է»։

Իրավասու մարմինների կողմից ՍԴ դատավորներ առաջադրելու հերթականությունը փոխելու հարցի վերաբերյալ Դավիթ Հարությունյանն ասել է, որ հերթականությունը տվյալ պարագայում դեր չի խաղում, որովհետև պետք է առաջադրեին երեք մարմիններ։

«Հաջորդականությունը իմաստ ունի միմիայն այն դեպքում, եթե առաջանում է մեկ թափուր պաշտոն և պետք է որոշել՝ ո՞վ է այս մեկ պաշտոնում թեկնածու առաջադրում։ Այնպես որ այս առումով որևէ խախտում չկա»,-ասել է արդարադատության նախկին նախարարը։

Հանրապետության նախագահը նորից առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածութունը, իսկ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատել է նույն իրավաբանին մեկ անգամ ԱԺ-ում մերժելուց հետո նորից առաջադրելու նախագահի դիրքորոշումը․ այս թեմայով Դավիթ Հարությունյանն ասել է, որ նորից նույն մասնագետին առաջադրելը Նախագահի իրավասությունն է․

«Ես չեմ պատրաստվում դատել, թե ինչու նախագահն ընտրեց այս կամ այն թեկնածուին։ Ինչ վերաբերում է այն անձի քննադատությանը, ապա ներեցեք, ես այդ աստիճան չեմ իջնի, որ ընդհանրապես քննարկման առարկա դարձնեմ իր որևէ խոսք»,-նշել է նա։

Դավիթ Հարությունյանը դրական է պատասխանել հարցին, որ անկախ հանգամանքից, թե ովքեր կընտրվեն ՍԴ դատավորներ, հետագայում հնարավոր է վիճարկել նրանց ցանկացած որոշում։

ՍԴ աշխատանքից ազատված դատավորների շանսերը ՄԻԵԴ-ում հաղթելու գնահատելու հարցին ի պատասխան, Դավիթ Հարությունյանն ասել է, որ անշնորհակալ գործ է գնահատել մարդկանց շանսերը որևէ դատական համակարգում․

«Բայց, ըստ իս, իրավիճակն այնքան ակներև է ցանկացած իրավաբանի համար, որ առանձնապես շանսեր գնահատելու խնդիր չկա»։

«Երբևէ որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ երկրում կարող է ձևավորվել նման քաղաքական հակամշակույթ, ինչպիսին ձևավորվեց մեր խորհրդարանում, երբ նախագահի առաջադրած մի քանի թեկնածուները մերժվեցին։ Սա հակաքաղաքական մշակույթ է։ Եվ երբ առկա են լինում նման երևույթներ, բնականաբար, մարդիկ սկսում են որոնել անհեթեթ իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ցավոք սրտի, մնում է փաստել, որ մենք ունենք հակաքաղաքական խորհրդարան, որը չի ընդունում քաղաքական մշակույթը։ Ես հասկանում եմ, որ նա կարող էր մեկ անգամ մերժել, բայց այն, ինչ տեղի է ունենում, խոսում է հստակ ձևավորված հակաքաղաքական մշակույթի մասին, Սահմանադրության էությունը չընկալելու մասին և այլն։ Եվ այս իրավիճակում լուծումներ պետք է փնտրվեն, միգուցե, թեև ես երբևէ չեմ համարել, որ մի որևէ բացասական երևույթի պատճառով, որը շատ տարօրինակ է, սա դուրս է բացարձակ որևէ նորմալ ընկալումներից, պետք է մտածել և փոխել սահմանադրությունը, որ շտկվի այդ սպեցիֆիկ իրավիճակը։ Պարոն Սարգսյանի առաջարկը (ոչ թե առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, այլ միանգամից առաջադրել) կարող է իրավունք ունենալ լինել քննարկման առարկա, կարող է այն ունենալ նաև բացասական կողմեր։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է արդարացված առաջնային մանդատ չունեցող անձի կողմից առաջադրումը։ Սա, անշուշտ, ունի բազմաթիվ թերություններ։ Այն մոդելը, որն այսօր գործում է, ես կարծում եմ՝ այն չէր ունենա որևէ թերություն, եթե նման ոչ քաղաքական մշակույթ չձևավորվեր խորհրդարանում»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է սահմանադրական ճգնաժամին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, ճգնաժամն առաջացավ, երբ նշանակվեց հանրաքվե։

«Ողջ պրոցեսը ոչ լեգիտիմ է, ուստի ես չեմ պատրաստվում այդ ոչ լեգիտիմ պրոցեսում փորձել ինչ-որ իրավական եզրահանգումներ անել»,-ամփոփել է արդարադատության նախկին նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը