Քաղաքական

27.08.2020 13:05


Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, կգործեն նոր սահմանափակումներ. կարանտին սահմանելու իրավասություն կունենան նաև Երևանի քաղաքապետն ու մարզպետները. Ռուստամ Բադասյան

Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, կգործեն նոր սահմանափակումներ. կարանտին սահմանելու իրավասություն կունենան նաև Երևանի քաղաքապետն ու մարզպետները. Ռուստամ Բադասյան

Հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը իրավաչափ նպատակին՝ այն է՝ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելուն հասնել առանց արտակարգ դրության ռեժիմի: Հենց այդ նկատառումներով մշակել ենք այս նախագծերի փաթեթը: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո իրականացվող միջոցառումներին:

«Նման դեպքերում օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունելու դեպքում ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրոթյունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրանից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող սահմանափակումներն ու միջոցառումները»,-ասաց նա՝ նշելով նաև, որ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի կողմից:

Ըստ նախագծի՝ արտակարգ դրության ավարտից հետո կարանտին հայտարարելու իրավասություն կունենան Կառավարությունը, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը:

«Այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետևյալը միջոցառումները՝ համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադրեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, մեկուսացում, ինքնամեկուսացում»,-ասաց նախարարը, ապա ներկայացրեց Կառավարության կողմից սահմանվող կարանտինի հնարավոր միջոցառումները:

«Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի Կառավարության կողմից՝ պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել հետևալ՝ արդեն ավելի խիստ կանոնները՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում»:

Բադասյանի խոսքով՝ արտակարգ դրությունից հետո այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, թե նախագծի փաթեթը միայն օգոստոսի 25-ին է ուղարկվել իրենց, ուսումնասիրության համար ունեցել են մեկ օր, բայց, այնուամենայնիվ ներկայացրել են առաջարկներ: «Երբ ուսումնասիրում ենք նախատեսվող սահմանափակումները, պետական մարմինների հնարավորություններն ու լիազորությունները, կան որոշակի մտահոգություններ, որոնք վերաբերում են դրանց պրակտիկ կիրառելիությանն ու համաչափությանը»,-ասաց նա՝ նշելով, թե արտակարգ դրության ընթացքում իրենց կատարած մոնիթորինգը ցույց է տվել, որ խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց, այլև հենց պետական մարմինների համար:

«Ունենք նկատառումներ, որոնք վերաբերում են ինքնամեկուսացման, մեկուսացման խնդիրներին, վիճարկման դիմումները քննարկելուն, նաև՝ սկզբունքային հարց է՝ կարանտին և արտակարգ իրավիճակ ռեժիմների հարաբերակցությունը»,-ասաց նա:

Վարչապետն արձագանքեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, երբ Կառավարության նիստին հնչում է, որ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի, սա ինչքա՞ն է շարունակվելու»։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունը հարցը զեկուցող Արդարադատության նախարարությանն էր, իսկ Ռուստամ Բադասյանը նշեց, որ մինչև վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։

Վարչապետը հայտարարեց. «Մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, և գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ, հաշվի առնելով հարցի հրատապությունը` կարող են քվեարկությամբ ընդունել, բայց մինչև ստորագրելը պետք է քննարկվի։ Այսպիսով՝ նախագիծն ընդունվեց, բայց լրացուցիչ կքննարկվի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը