Մեկնաբանություն

26.08.2020 10:10


Աշխարհազոր են ստեղծում, որ ի՞նչ անեն

Աշխարհազոր են ստեղծում, որ ի՞նչ անեն

2018թ. «թավիշների» կողմից գերեվարված բազմաչարչար հայոց աշխարհում տարօրինակ, շա՜տ տարօրինակ բաներ են կատարվում...

Սահմանադրություն են փոխում` իբր պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը, բայց ամերիկյան «սուպերնախագահական» համակարգից փոխառնված «գերժամանակակից արդարադատության» մոդել են ձևավորում` Սահմանադրական դատարանն իբր միավորելով Վճռաբեկ դատարանի հետ և ստեղծելով Գերագույն դատարան։ Այսքանը քիչ համարելով` հիմա էլ պաշտպանության համակարգն են «նորացնում»` համալրում են Սահմանադրությամբ չնախատեսված նոր «կառույցով», որի անունը դրել են աշխարհազոր։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ծանուցմամբ` Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով «սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները»:

«Հարվածային» այդ նախաձեռնության նպատակն, ըստ նրա, «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունն է»։

Ժողովրդի ջախջախիչ մեծամասնության վստահությունը վայելող, մարտական փառավոր ուղի անցած, տարբեր ժամանակներում` 90-ականներից մինչև մեր օրերը մեզ պարտադրված ռազմական գործողությունների բովում կոփված, կայացած, իր գործառույթները լիարժեք իրականացնող կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք «աշխարհազոր» ստեղծելը, ո՞ւմ ուղեղում է ծնվել այդ հանճարեղ միտքը` հայտնի չէ։

Արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ Նիկոլի վարած կեղծ խաղաղասիրական քաղաքականության «արդյունքում» պատերազմի վերսկսման (ոչ թե լոկալ ռազմական բախումների, ինչպիսին Տավուշի ուղղությամբ հակառակորդի սանձազերծած հուլիսյան արկածախնդրությունն էր) հեռանկարն այսօր ավելի քան երբևէ տեսանելի և շոշափելի է. մեր բանակն ի վիճակի չէ ապահովել մեր սահմանների անվտանգությունը, և պետք է պատրաստ լինենք` «ազգովի» կռիվ տալու Նիկոլի կողմից «կիրթ և կառուցողական» հռչակված թշնամու դեմ։

Հարցը ամենևին էլ հռետորական չէ` նկատի ունենալով, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը Հ1-ին տված հարցազրույցում, ի լուր աշխարհի, փաստացի կասկածի տակ է դրել «պարտադիր ժամկետային զինծառայողների» հակառակորդի հարձակմանը դիմակայելու հնարավորությունը։

Եթե ոչ` «ընդամենը» խնդիր է դրված համախմբելու կամավորականների ներուժը հնարավոր պատերազմական սպառնալիքի դեմ, ապա գոյություն ունեցող կարգավորումները երբեք չեն խանգարել, չեն խանգարում, վաղն էլ չեն խանգարելու դրան։ Ասվածի լավագույն ապացույցն ապրիլյան քառօրյան էր` երբ բոլոր կարող ուժերը շատ արագ համախմբվեցին հակառակորդին հետ շպրտելու գաղափարի շուրջ և շտապեցին Արցախ` պաշտպանելու հայրենի հողը թշնամու ոտնձգություններից։

Եթե բանը բանից դեռ չի անցել` Արցախյան թնջուկը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունն ամբողջությամբ չի սպառվել, և մեծն «կոմբինատորը» դեռ կարո՛ղ է իր «խաղաղասիրական» քարոզների, «մինի, միդի և մաքսի հեղափոխությունների» միջոցով «կիրթ և կառուցողական գործընկերոջը» վերադարձնել բանակցությունների սեղանի մոտ, որից սա սպառնում է դուրս գալ (ինչ է թե` «թավշյա իշխանությունը» չի կատարել չգիտես ում, դրսի և ներսի ո՛ր շրջանակներին տված խոստումները միակողմանի զիջումների գնով «խաղաղության հասնելու» վերաբերյալ` այդ մասին թափանցիկ ակնարկեց Բի-Բի-Սիի հաղորդավարը Նիկոլի հետ «դժվար զրույցի» ժամանակ), ինչո՞ւ են «համաժողովրդական զորաշարժ» հայտարարում։

Եթե փորձում են ինչ-որ ձևաչափ գտնել` կյանքի կոչելու «հեղափոխությամբ» ոչ այն է` մերժված, ոչ այն է`սառեցված «ազգ-բանակի» գաղափարը, բայց չեն ուզում խոստովանել («նախկինների» սկսածը «կարելի» է շարունակել մի դեպքում` եթե խոսքը վերաբերում ԼԳՊՏ համայնքի «շահերին», օրինակ` Ստամբուլյան կոնվենցիային, որ նախկինները ստորագրել էին, բայց ոչ մի կերպ չէին ուզում վավերացնել, «թավիշները» եկան, թե չէ` որոշեցին լրացնել այդ բացը, թե բա` դե, նախկինները ստորագրել են, քանի՞ գլուխ ունենք`հրաժարվենք «միջազգային պարտավորություններից»), թո՛ղ այդպես էլ ասեն։

Ինչպե՞ս հասկանալ, որ «աշխարհազորի կիրառման» ասպեկտները թվարկելով`ի շարս պետական սահմանների, հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանության, հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների և այլ գործողությունների դեմ պայքարի, նշում են նաև «հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությունը», «զորքերի, բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությունը և պաշտպանությունը»։

Ի՞նչ է սա նշանակում`որ այդ, այսպես կոչված, աշխարհազորը կարող է օգտագործվել նաև փողոցներ փակած ցուցարարների «զանգվածային տեղաշարժն» արգելելու, «հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանության» քողի տակ, ասենք, ռադիոտունը «գրաված» քաղաքացիներին «ասֆալտին պառկացնելու» համա՞ր։ Այսինքն` այն ամենի դեմ, ինչի «շնորհիվ» Նիկոլը եկավ իշխանության ու սկսեց քանդե՞լ պետությունն` իր բոլոր ինստիտուտներով։ Ինչը, ի դեպ, բացատրում է, թե ինչո՞ւ է շեշտը դրվում հենց մայրաքաղաքի վրա. չէ՞ որ «իշխանափոխական բոլոլաների» սկիզբը և վերջը միշտ եղել և մնում է մայրաքաղաքը։

Ի վերջո, եթե նախաձեռնության նպատակներից մեկը կամավորականների մասնակցությունն է «քաղաքացիական պաշտպանության գործընթացին», ինչո՞ւ են դպրոցներից հանել ռազմագիտություն առարկան. շունը տիրոջը չի՞ ճանաչում, աջ ձեռքը չգիտի՞, ինչ է անում ձախ ձեռքը, թե՞ ինչպես նման դեպքերում սովորաբար լինում է, գիտակցաբար են «նախաստեղծ քաոս» ստեղծում մեզ համար կենսական բոլոր ոլորտներում, որ գլխի չընկնենք`ում պատվերով և ինչի համար է դա արվում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը