Քաղաքական

22.08.2020 21:24


Իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման բան է

Իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման բան է

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման փաստը ինչ-որ չափով կմեղմի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որը եղավ համավարակի ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատճառով: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի մասին, որով առաջարկվում է մեկ ատյանում միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

«Կա քրեական գործ, կա հաղորդում հանցագործության մասին, և եթե այս որոշումն ընդունվի հասարակության կողմից, ապա, բնականաբար, իշխանությանը շատ ավելի դժվար կլինի մեղադրել սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մեջ: Սա է այս փոփոխությունների նպատակը, իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման մի բան է»,-ասաց նա:

«Այս հարցը պետք է հանրաքվեով որոշվի, այս գաղափարն առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Եթե նայենք և՛ իրավաբանական և՛ քաղաքական տիրույթներում, ապա իրավաբանականում, այո, կա նման մոդել, որն ամերիկյան է, որոշ եվրոպական երկրներ ևս այս մոդելը վերցրել են, սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ որոշումն այստեղ լուրջ մասնագիտական քննադատության է ենթակա: Բայց այստեղ դոմինանտ է քաղաքական բաղադրիչը և սրանով փորձ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ կապված իշխանության ձախողումներն այլ հարթություն տեղափոխել և, վերջապես, իշխանության համար հարմար բարձր դատարան հիմնել»,-շեշտեց նա:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, որը, հավանաբար, կկոչվի «Գերագույն» դատարան:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պետք է հասկանալ, թե այս առաջարկն ինչ դետալներ է ունենալու, սակայն պետք է սպասել և տեսնել ընթացքը և դրանից բխող վերջնական արդյունքը: Այս փոփոխությունների վերաբերյալ հանրության կարծիքին սպասելը, ըստ նրա՝ այդքան էլ մեծ գաղափարի շուրջ չի հավաքվի, քանի որ հասարակության դատական համակարգում փոփոխությունները ժողովրդի առաջնային խնդիրների մեջ չեն մտնում:

«Ես չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի հասարակությանը համոզել, թե սա որոշիչ և կարևոր բան է փոխելու նրանց կյանքում: Կրկնում եմ, որ այստեղ կա քաղաքական շահ, որոնք հետապնդում են իշխող քաղաքական ուժը և դրան սպասարկող քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանը»,-նշեց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը:

«Չեմ բացառում, որ այս գաղափարը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչու է Սահմանադրությունը փոփոխվում: Քանի որ քաղաքական խնդիր է դրված՝ փոխելու Սահմանադրությանը և սրա համար ծանրակշիռ պատճառներ են պետք, բայց օրինակ մենք չենք տեսնում հակվածություն կառավարման ձևը փոխելու, այլ սկզբունքային փոփոխություններ անելու քաղաքական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության մասով փոփոխություններ չեն լինելու և այս նպատակով էր, որ իշխանությունները որոշեցին ինչ-որ ոլորտում փոփոխություններ մտցնել»,-ասաց Մելիքյանը:

Այս խորագրի վերջին նյութերը