Մեկնաբանություն

20.08.2020 01:00


«Լուսավոր» մանանե՞խ, հակասահմանադրական «ճաշից» հետո

«Լուսավոր» մանանե՞խ, հակասահմանադրական «ճաշից» հետո

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը հետաքրքրեց: Սահմանադրական դատարան դիմելու և այդ դիմումի բովանդակության վերաբերյալ: Ի դեպ, վերջում Էդմոն Մարուքյանը նշել էր, որ «դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»:

Շատ հետաքրքիր է: Կարելի էր ավելի ազնիվ գտնվել և նշել, որ, օրինակ, ԼՀԿ-ն, մոտ երկու ամիս անց, միացել է ԲՀԿ-ի՝ հունիսի 22-ի հայտարարությանը՝ ՍԴ դիմելու վերաբերյալ:

Հարց է ծագում, իհարկե, թե ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, այդ ի՞նչ շրջադարձային զարգացումներ են եղել, որ Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին կամ թեկուզ 23-ին ոչ մի կերպ չէր կարող միանալ ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնությանը, իսկ 56 օր անց, ահա, միացել է, ավելին, դա հրամցվում է գրեթե որպես «Լուսավորի» նախաձեռնություն:

Նույնիսկ խիստ պայմանականորեն ընդդիմադիր խմբակցության գործառույթ ունեցող «Լուսավոր Հայաստանի» ու իր ղեկավարի կողմից այս «երկարաձգված» դիմումը ինչ-որ տեղ ավելի տարօրինակ տպավորություն է թողնում, քան Փաշինյանի կառավարության կողմից «արտակարգ դրության» շարունակական երկարաձգումները:

Լավ, ի՞նչ հիմնախնդիրներ են արտացոլված այս՝ գրեթե երկու ամիս երկարաձգված դիմումի մեջ:

ԼՀԿ ղեկավարի հայտարարության մեջ որպես առաջին հիմնախնդիր նշված է, որ «Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար»։ Իսկ որպես երկրորդ հիմնախնդիր ընդգծված է. «Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը»:

Սկզբունքորեն, կրկնված է այն, ինչ Սահմանադրությունն, ըստ իրենց խմբակային շահի «կարուձևելու» փաշինյանական «Իմ քայլի» դրսևորումների վերաբերյալ ասում էին շատ-շատերը: Ուղղակի, այդ շատ-շատերից տվյալ հարցով ՍԴ դիմելու համար պետք էր ԱԺ որոշակի թվով պատգամավորների ստորագրությամբ դիմում: Ահա այդ պահին էր, որ ԼՀԿ-ն առկախեց իր միանալը:

Սկզբունքորեն, դա ձեռնտու էր միայն Նիկոլ Փաշինյանին ու իշխող «քայլամեծամասնությանը»: Համենայն դեպս, դեռ տարեսկզբին ձեռնարկած «բոլոլան» փաշինյանական իշխանությունը ավելի խորացրեց՝ Սահմանադրական դատարանից, ըստ էության՝ ապօրինաբար, հեռացնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ևս երկու ՍԴ դատավորի: Հարցը, ի դեպ հանգուցալուծված չէ, առավել ևս, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում վիճարկում են իշխանության գործողությունները:

Շատ հետաքրքիր է և այն, թե այսօր ի՞նչ կազմով է ՍԴ-ն այդ դիմումը քննելու, եթե իհարկե, քննելու է:

Ուստի ի՞նչ է ԼՀԿ-ի այս ուշացած «միացումը». ժամկետանց «մանանե՞խ»՝ հակասահմանադրական «ճաշից» հետո, թե՞ ընդդիմադիր խմբակցության պաշտոնական գործառույթը մի լրացուցիչ տարբերակով արձանագրելուն միտված գործողություն:

Իրավիճակում, երբ թվում է, թե գնացքն արդեն մեկնել է, ի՞նչ արժեք ունի նման դիմումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը