Մեկնաբանություն

17.08.2020 14:18


Կհաջողվի՞ կանխել թուրքական 3–րդ գրոհը

Կհաջողվի՞ կանխել թուրքական 3–րդ գրոհը

1998–ին տեղի ունեցած իշխանափոխությունը կանխեց 1994–ի մեր հաղթանակների փոշիացումն ու հայկական կողմի կապիտուլյացիան։

Դրանից հետո մեր տարածաշրջանում դոմինանտության հավակնություն ունեցող Թուրքիան ձեռքերը ծալած չի նստել՝ փորձելով պանթուրքիզմի գաղափարախոսության կյանքի կոչմանը հասնել հայերի ձեռքերով, քանզի ռազմական էքսպանսիային խանգարում էր ռուսական գործոնը։

Հոկտեմբերի 27

1999–ի հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության թիվ մեկ շահառուն Թուրքիան էր։

Վազգեն Սարգսյանին ասպարեզից հեռացնում էին 1998–ին Ղարաբախի խնդրի լուծման տխրահռչակ «փուլային» տարբերակը վիժեցնելու համար։

Ուղղակի ապացույցներ չկան, բայց դժվար չէ կռահել, որ Թուրքիան շահագրգիռ էր այդ ահաբեկչության կազմակերպման մեջ։

Տեղին է հիշեցնելը, որ ահաբեկիչների ղեկավար Նաիրի Հունանյանն իր գործողությունից առաջ ամենաբարձր մակարդակով ընդունելության էր արժանացել թուրքական ղեկավարության կողմից։ Բացի Թուրքիայի պաշտոնական առաջին դեմքից, նա գրեթե բոլորին հանդիպել էր։ Դա յուրօրինակ «թագադրում» էր նշանակում։

Նաիրին թուրքական վոյաժներից հետո շատ արագ զինվեց ու անցավ իր սև գործին։

Ի դեպ, պատահական չէ, որ սորոսաթուրքական փայատեր ունեցող «թավշյա» հեղափոխությունից հետո թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները մեզ մոտ ակտիվացել են ու դրանց ամենակարկառուն ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը հանդիպել է ... Նաիրի Հունանյանին։ Թե ինչ են նրանք խոսել, չի բացահայտվել։ Իշխանական լրատվամիջոցները գրում էին, որ Նաիրիին գործարք է առաջարկվել՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրենց ուզած ցուցմունքը տալու դիմաց։

Կար նաև տեղեկություն, որ Նաիրին ինքն է նախաձեռնել գործարքի իրականացում, քանզի տեսել է, որ իր կոդերի մարդիկ են եկել իշխանության։ Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա զրույցի նրա միջնորդն ընտրվել է թուրքական շահերը Հայաստանում առաջ մղող «1in.am»–ի պատգամավոր ղեկավար Արման Բաբաջանյանը։

Վերադառնալով ահաբեկչության թեմային՝ նկատենք, որ «Հոկտեմբերի 27»–ը նախաձեռնողները հույս ունեին, որ դրանից հետո քաոս կտիրի մեզանում, քիրվայական ուժերը կակտիվանան և Հայաստանը կկապիտուլացվի։

Քաոս և քիրվայական ուժերի ակտիվացումներ եղան, բայց Ռոբերտ Քոչարյանին ու իր թիմին հաջողվեց իրավիճակը վերահսկելի պահել ստացած մեծ հարվածից հետո։ Թուրքական ծրագիրը 1999–ին չաշխատեց։

Հայ–ռուսական հարաբերությունների մակարդակը դրանից հետո հասավ հետանկախական շրջանի պատմական մաքսիմումին։ Թուրքական ու ադրբեջանական կողմերը ատամները կրճտացնելով պարզապես հետևում էին զարգացումներին։

Թուրքիան ստիպված որդեգրեց «զրո խնդիր հարևանների հետ» կուրսը և փաստացի համաձայնել էր տարանջատել հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանականից։ 2008–ից հետո, սակայն, իրավիճակ փոխվեց։

Մարտի 1

2008–ի մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգության թիվ մեկ շահառուն կրկին Թուրքիան էր։ Միայն այդ երկրին էր ձեռնտու արյունահեղությունը, Հայաստանում քիրվայական ընդդիմության դոմինանտ դերակատարումը և թույլ իշխանությունը։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը կրկին թույլ չտվեց քաոս։ Թույլ չտրվեց նաև քիրվայական ուժերի վերադարձ և «փուլայինի» վերակենդանացում։ Այ հենց դա չի ներվում նրան ու պատահական չէ, որ «թավշյա» հեղափոխության թիվ մեկ թիրախը հենց ՀՀ 2–րդ նախագահը դարձավ. թուրքերն իրենց մուռն են հանում 1999–ին ու 2008–ին կրած պարտության համար։

«Թավշյա» հեղափոխություն

Արդեն իսկ բոլորի համար է ակնհայտ դարձել, որ «թավշյա» հեղափոխության փայատարերից են դարձել սորոսաթուրքական շրջանակները։ Հայ ժողովրդին շատ արագ զրկեցին իր փայից ու անցան գործի։

Դրսի ուժերը Նիկոլ Փաշինյանից ակնկալում էին 4 բան՝

  1. հակառուսական գիծ,
  2. Ղարաբաղի հարցում զիջումներ,
  3. հեղափոխության արտահանում Ռուսաստան,
  4. հայկական ավանդական ինստիտուտների դեմ պայքար։

Այս բոլոր ուղղություններով էլ Փաշինյանը քայլեր արել է, բայց մինչև վերջ չի գնացել։ Միայն ԼԳԲՏ–ների մասով է նա ամեն ինչ անշառ համարում ու թույլ տալիս խորանալ այդ ուղղությամբ։ Մյուս առումներով նա վախենում է մինչև վերջ գնալ, քանզի հասկանում է, որ վերջում կարող է աթոռ կորցնել։

Թուրքական ու ադրբեջանական շրջանակները սկզբում ցնծության մեջ էին «թավշյա» հեղափոխությունից և էյֆորիայի մեջ ընկած պատժեցին իրենց գլխավոր թշնամուն՝ Ռոբերտ Քոչարյանին։

Ժամանակի ընթացքում, սակայն, թուրք–ադրբեջանական զույգը տեսավ, որ Նիկոլն այդքան էլ չի շտապում կոտրել պատմական կարծրատիպերը, ինչը նրանց ստիպեց 5–րդ շարասյանն ակտիվացնել ՀՀ վարչապետի դեմ։ Պատահական չէ, որ Հայաստանում կուսակցության, ՀԿ–ների ու այլ կառույցների տեսքով գործող թուրքական գործակալները սկսել են ճնշել Նիկոլ Փաշինյանին, այդ թվում՝ Ամուլսարի ինվեստիցիոն ծրագրի իրագործումը թույլ չտալու պահանջով։

Նիկոլի սորոսաթուրքական փայատերերը դժգոհ են իրենից։ Նիկոլից դժգոհ են նաև ՌԴ–ում՝ հայ–ռուսական հարաբերությունները փսորելու և պատմական մինիմումի հասցնելու համար։ Աշխարհաքաղաքական առումով «ժողովրդի» վարչապետն, ըստ այդմ, դարձել է օտար՝ յուրայինների և յուրային օտարների մեջ։

ՀՀ բանակի գործողությունները Տավուշում վերջնականապես հունից հանեցին թուրքերին ու նրանք արդեն անցան բացահայտ գրոհի՝ սպառնալով հարձակվել Հայաստանի վրա։ Թուրք–ադրբեջանական հարձակումն առայժմ կանխվում է բացառապես Ռուսաստանի ու անձամբ Պուտինի միջամտությամբ։ Նիկոլը դա լավ գիտի և ուղիներ է փնտրում Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն նրա գնացքն արդեն գնացել է։

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ու Արցախի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարները երկկողմ ու բազմակողմ քննարկումներ են իրականացնում, բայց բացակայում է Հայաստանը։ Պաշտոնական Երևանի հետ որևէ մեկը չի խոսում։ Նիկոլի հետ խոսում են միայն «ծանր զրույցների» տարբերակով՝ դրսի դժգոհ փայատերերի կարծիքը փոխանցելու համար։

Փաշինյանն անգամ հեռախոսազրույց չի ունենում Պուտինի հետ։ Եվ դա այն իրավիճակում, երբ Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա տեղակայելուց «5 պակաս» է։ Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։

«Թավշյա» հեղափոխությունից չստանալով ակնկալածը՝ Թուրքիան հիմա փորձում է ուժով լուծել պանթուրքիզմի ծրագիրը։ Խոչընդոտը հայկական բանակն ու ՌԴ–ն են։

Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանությունը չի համապատասխանում այն մարտահրավերին, որի առաջ կանգնած են Հայաստանն ու Արցախը։

Թուրքական հարձակման 3–րդ փորձը կանխելու համար այլ գործիչներ են պետք։ Գործիչներ, որոնք ունեն նոր մտածելակերպ, թուրքերին տեղը դնելու փորձ, ապագայի տեսլական, հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը վերականգնելու հնարավորություն, տնտեսությունը փրկելու ներուժ, համաճարակի տարածումը կանխելու կարողություն և մեր երկրի անվտանգությունն ապահովելու ռազմավարություն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը