Քաղաքական

14.08.2020 09:33


Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել

Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո սկսել է պարգեւատրումներ ստանալ՝ ընդհանուր առմամբ 11 անգամ։ «Փաստինֆո»-ն ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկանում է, որ Զարեհ Սինանյանը 2019 թ.-ի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 անգամ պարգևատրվել է։ Նշանակում է՝ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը յոթ ամիս շարունակ ամեն ամիս պարգևավճար է ստացել՝ անգամ դեռ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելու, իսկ այս տարի՝ 4։

«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցում էր ուղարկել սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ տեղեկանալու, թե որքան է Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափը, որքան աշխատավարձ է ստացել նախորդ տարի և քանի անգամ է պարգևատրվել։ Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափի գործակիցը 10.50 է՝ 694.470 ՀՀ դրամ։ Նախորդ տարի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը Զարեհ Սինանյանին վճարվել է 4.428.002 դրամ աշխատավարձ։ Բացի այդ՝ Զարեհ Սինանյանն ամեն ամիս պարգևավճար է ստացել։ Յոթ ամսվա ընթացքում նա 7 անգամ պարգևավճար է ստացել, որի գումարն ընդհանուր կազմում է 4.784.170 դրամ։ Սինանյանը պարգեւատրումները շարունակվել են նաեւ այս տարի՝ չնայած համավարակով ստեղծված ճգնաժամային իրավիճակին. 2020 թվականի առաջին կիսամյակում Զարեհ Սինանյանը պարգևատրվել 4 անգամ, որի ընդհանուր գումարը կազմել է 2.738.000 դրամ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատողները նույնպես անմասն չեն մնացել պարգևատրումներից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի» Էդ. Աղաջանյանի ստրագրությամբ գրավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020-ի առաջին կիսամյակում 4 անգամ պարգեւատրվել են նաեւ գրասենյակի աշխատակիցները՝ վճարվելով 23.077.400 դրամ։ «Հունվարին պարգևատրվել է 36 աշխատող, որի համար հաշվարկվել է 7.560.400, մարտին պարգևատրվել է 23 աշխատող և հաշվարկվել է 2.059.100 դրամ, ապրիլին՝ 29 աշխատող, ում վճարվել է 10.193.600 դրամ, իսկ հունիսին պարգևատրվել է 20 աշխատող՝ 3.264.300 դրամի չափով։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ հանձնակատարի գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում։

Նկատենք, որ իրենց կատարած աշխատանքի համար այս տարի չորս անգամ պարգևատրված աշխատակիցներից 10-ը վարչապետի որոշմամբ հուլիսի 28-ից ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ թերացումների համար։ Ընդ որում՝ պաշտոնանկ արված աշխատակիցներն այս կամ այն երկրում հայ համայնքների հետ կապերի բաժնի պետերն էին, որոնք վեց ամսվա մեջ չորս անգամ պարգևատրվել էին՝ չնայած աշխատանքից առկա դժգոհություններին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հուլիսի 30-ի դրությամբ ունի 28 աշխատող և 1 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն։

Այս խորագրի վերջին նյութերը