Մեկնաբանություն

12.08.2020 21:45


Հայաստան-Բելառուս․ այդքան տարբեր «նմանություններ»

Հայաստան-Բելառուս․ այդքան տարբեր «նմանություններ»

Հետևելով Բելառուսում ընթացող հետընտրական իրադարձություններին, որոնք միանգամայն կանխատեսելի էին ի դեպ, կարելի է չկասկածել, որ յուրաքանչյուրն իր հերթին զուգահեռներ է տանում մեր երկրում ինչպես 2018-ին, այնպես էլ 2008-ին տեղի ունեցած ճակատագրական դեպքերի հետ:

Դա, որոշակի առումով անխուսափելի է՝ զուգահեռներ տանելը: Նմանություններ, իսկապես կան: Ու շատ, սկսած՝ «խաղաղ ցուցարարների» բարիկադային պայքարի մեթոդներից ու միջոցներից, վերջացրած վահանավորված ոստիկանների ֆոնին «բուսնած» «սիրահար» զույգի համբուրվելով (դեռ լավ է՝ տղա-աղջիկ տարբերակով), անգլերենով գրված (բայց, օրինակ, Պուտինին կամ ոչ անգլիախոս լսարանին ուղղված) պլակատներով և այլն, և այլն:

Կամ, ավելի խորքային զուգահեռ. օրինակ, ինչպես հիմա Բելառուսում, այնպես էլ 2018-ին Հայաստանում կիրառվում են նույն կեղտոտ տեխնոլոգիաները (ապատեղեկատվություն, նենգափոխված, կիսատ-պռատ «լուրերի» տարածում, մի խոսքով, տեսել ենք, գիտենք մեր երկրում կատարված փորձարկումներից)՝ հանուն ցանկալի նպատակի իրականացման, այն է՝ իշխանությունը տապալել, ապա տվյալ պետության ղեկին «դնել» օտարերկրյա ինչ-ինչ շրջանակների համար ցանկալի, կամակատարության բարձր աստիճան ունեցող անձանց: Բնականաբար, ինչպես հիմա Բելառուսում կան, այնպես էլ 2018-ի ապրիլյան Հայաստանում կային նաև կուտակված խնդիրներ (պետության ղեկավարի չփոխվելն, օրինակ), լրջագույն պրոբլեմներ, որոնք արտերկրյա տիկնիկավարներին թույլ են տալիս ոչ միայն կիրառել «գունավոր» տեխնոլոգիաներ, այլև որոշակի արդյունք ապահովել: Առանց ներքին լրջագույն խնդիրների առկայության՝ նման արկածախնդրական ձեռնարկից բացարձակապես ոչինչ չի ստացվի: Բայց առիթներ դեռ կլինեն, թերևս, ավելի հանգամանորեն ու համակողմանի այս ամենին անդրադառնալու համար:

Հետաքրքրական և ուսումնասիրության ենթակա նմանությունների հետ կան նաև որոշակի տարբերություններ: Վերցնենք, օրինակ, 2008-ի դեպքերը, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որ 10 մարդու սպանության և տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավորների վիրավորվելու պատճառ դարձան, իսկ երկիրն էլ մի 8-9 տարով հետ շպրտվեց իր բնականոն ընթացքից:

Բելառուսում օգոստոսի 10-ից բորբոքված բախումնային զարգացումները նույնպես հետընտրական էին, ինչպես 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցածը, այն տարբերությամբ, որ Մինսկում դեռ նախքան ընտրություններն էին այդ տրամադրություններն ակնհայտ, իսկ Հայաստանում դա նկատվեց նախօրեին ու դրսևորվեց գարնան առաջին օրը՝ քվեարկությունից 11 օր անց:

Մեկ այլ ու ամենից հետաքրքրական տարբեր «նմանությունը»: Ընտրություններից առաջ ու անմիջապես հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «հաղթել է»: Իսկ այ, Բելառուսում «Զելենսկի» նշանակված նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ոչ միայն լքեց երկիրը և հայտնվեց «մերձակա արտասահմանում», այլև նախօրեին ցուցարարներին կոչ արեց «ցրվել տներով»՝ կոպիտ ասած: Դե, ուղղակի ոչ մի կերպ համեմատելի չեն, իհարկե, Տեր-Պետրոսյանի և Բելառուսում առաջադրված այդ կնոջ կերպարները: Բայց մոտեցումն է հետաքրքիր, ավելի ճիշտ, արմատական տարբերությունը:

Հայաստանում, 2008-ի մարտի 1-ին, առավոտյան ոստիկանության կողմից Տեր-Պետրոսյանի հավաքը ուժային տարբերակով դադարեցնելուց հետո ՀՀ նախկին նախագահն ու իր մերձավոր զինակիցները ամեն ինչ արեցին, որպեսզի դեպքերը զարգանան բախման սցենարով, ամեն կերպ հրահրեցին այդ բախումը՝ վստահ լինելով, իսկ գուցե նաև ցանկանալով, որ արյունահեղություն լինի:

Այդ հանձնարարականը, այսինքն, ամեն գնով «ժողովրդին Մյասնիկյանի արձանի մոտ պահելու», բորբոքելու, ձեռքի տակ եղած իրերով «զինվելու», ոստիկանների հետ «ճակատամարտը» վարելու խնդիրը դրված էր Նիկոլ Փաշինյանի վրա: Եվ նա, կարելի է ասել, հասավ իր նպատակին կամ կատարեց Տեր-Պետրոսյանի գլխավոր հանձնարարությունը, որից հետո, արդեն «շեֆը» կարող էր շատ ու շատ հանգիստ քնել, ինչպես խոստովանել է իր նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին՝ գաղտնալսված ու հանրայնացված խոսակցության ժամանակ:

Իսկ ահա Բելառուսի ընդդիմադիր թեկնածուն հակառակը, մի իրավիճակում, երբ իր կողմնակիցները (թեպետ դա դեռ մեծ հարց է) գործնականում ուժային տարբերակով դիմադրում են Լուկաշենկոյի իշխանությանը, ոստիկաններին, բախումների են գնում, ահա այդ իրավիճակում տիկին Տիխանովսկայան կոչ է անում դադարեցնել բախումները, ասում է. «Բելառուսներ, ես ձեզ խոհեմության և օրենքի նկատմամբ հարգանքի կոչ եմ անում: Ես չեմ ուզում արյուն և բռնություն: Ես խնդրում եմ ձեզ չդիմադրել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ, որպեսզի վտանգի չենթարկեք ձեր կյանքը...»:

Դե, նկատելի՞ է տարբերությունը: Գուցե Տիխանովսկայան «քաղաքական դեմք չէ», գուցե մայր է, դրա համա՞ր է այդպես արտահայտվում: Իսկ մի՞թե Տեր-Պետրոսյանը հայր և պապիկ չէր, չէ՞ որ մարտի 1-ին էլ, նաև իր կոչերից ու հրահանգներից կախված էին այլոց զավակների ու թոռների կյանքերը:

Տիխանովսկայան ասում է, որ չի ուզում «արյուն և բռնություն»: Իսկ այ, Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը 2008-ին Երևանում ուզում էին հենց արյուն և բռնություն: Դա խիստ անհրաժեշտ էր: Դա ծրագիր «մինիմումն» էր, որ պետք էր Տեր-Պետրոսյանին, նվազագույն նպատակը: Դրա համար էլ մարտի 1-ի լույս 2-ի գիշերն արդեն հանգիստ կամ շատ լավ էր անցկացրել:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը