Մեկնաբանություն

11.08.2020 00:05


Աղմուկ է պետք, ամեն օր՝ նոր...

Աղմուկ է պետք, ամեն օր՝ նոր...

«Հին», փորձված տեխնոլոգիաներից հուսալի բան չկա: Համենայն դեպս, Փաշինյանի «թավշապետությունն» ակնհայտորեն նոր «աղմուկների» կարիք ունի: Աղմուկ է պետք, ամեն օր՝ նոր:

Մի կողմից կարող է թվալ, որ կյանքն աստիճանաբար ուզում է վերադառնալ իր նախա-«արտակարգ»-յան վիճակին: Համենայն դեպս, օգոստոսի 9-ի կիրակի օրով էլի մի հարայհրոց հրահրվեց՝ ամենաիշխանամետ կամ իշխանական «Ազատության» թեթև «դրոնով»: Աղմուկի թիրախը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր, գիտեք: Տվյալ դեպքում, էականն այն է, որ աղմկահարույց այդ պատմության մեջ ներքաշվածը լիներ նախկին, նկատելի կամ տպավորված դեմք ու... այլ բան պետք չէր: Ավելի ճիշտ, պետք, նույնիսկ կենսականորեն անհրաժեշտ էր հենց աղմուկը: Ցանկալի է՝ կիրակի օրը:

Դե Նիկոլ Փաշինյանն ինչ եկել է իշխանության, չի եկել, չի եղել մի կիրակի կամ «հնից եկած» տոն օր, որ ինքը կամ իր քարոզչամանկլավիկները չհարամեն: Եթե այլ բան չլինի, մի անալի բան կհորինեն ու՝ գնա՜ց: Գրեթե կես տարի ձգվող «արտակարգ դրության» խորապատկերում «կիրակնօրյա սենսացիաների» հիշողությունը մի տեսակ խամրել էր: Բայց՝ թարմացրեցին:

Նախքան այդ էլ՝ Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿ հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդության աղմուկն էր:

Այսօր արդեն «նոր թեմա» է ստացվել. ԱԱԾ-ն հաղորդեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որ առավել հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» մականունով, կալանավորվել է (մեղադրանքը՝ խմբի կազմում ավազակային հարձակում, ապօրինի զենք): Հետաքրքիր նրբերանգ էլ կա. «...ՌԴ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա հանձնվել է ՀՀ իրավապահներին»: Դրանից հետո, մի հատ էլ նրա ներկայությամբ է կալանքի միջնորդություն արվել և դատարանը կայացրել է համապատասխան որոշում:

Հետաքրքիր նրբերանգն, իհարկե, այն է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները սերտորեն համագործակցել են Փաշինյանի ԱԱԾ-ի հետ, ապա նաև՝ Լևոն Սարգսյանը հանձնվել է հայկական կողմին: Ինչևէ:

Այս ամենը, բացի այն, որ ուշագրավ է, ապահովում է Փաշինյանին այսօր այդքան անհրաժեշտ «զուգահեռ աղմուկը»:

Լավ, կասի ընթերցողը, այդ ի՞նչ աղմուկ է, ավելի ճիշտ, ինչո՞ւ են Փաշինյանին անհրաժեշտ նման աղմկահարուցումներ:

Մեզ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանին, պայմանական ասած՝ «զուգահեռ աղմուկը» անհրաժեշտ է իրական և շատ ավելի խորքային խնդիրներից ուշադրություն շեղելու, պրոբլեմային բացահայտումները, խնդիրները դրանցով կոծկելու կամ գոնե քողարկելու համար: Բայց այդ հնարքը լավ էր երկու, մեկ, գուցե նաև 10 ամիս առաջ: Հիմա, գոնե արտաքին տպավորությամբ, այդ հին ու փորձված տեխնոլոգիան չի աշխատում, ավելի ճիշտ՝ չի թողնում այն ազդեցությունը, ինչ մի ժամանակ առաջ: Դա առավելապես Նիկոլ Փաշինյանի և իր քիչ թե շատ նկատելի թիմակիցների ձեռքբերումն է, առաջին հերթին: Չափից դուրս հաճախակի ու չափից դուրս շատ են նրանք ստել, խաբել, հակասական հայտարարություններ արել, որպեսզի շարունակեին վստահություն վայելել (այսպես ասած՝ «զոմբիները» հաշվի մեջ չեն):

Մյուս կողմից, իրենք՝ «թավշյա», «անբիծ» ու չգիտեմ, թե է՛լ ինչ նորիշխանավորները, հասկանալի է՝ իշխանապետի գլխավորությամբ, այնքան խնդիրներ են կուտակել, այնքան «կմախքներ» են հասցրել դիզել իրենց «պահարաններում», որ «զուգահեռ աղմուկների» շարժառիթները խամրում են դրանց կողքին:

Ամուլսար, կրթական խեղորոշիչներ, մաքսանենգ ծխախոտի պատմություն, երրորդը, չորրորդը... Բայց առաջինը՝ կորոնավարակի հետ կապված խայտառակ տապալումն ու ավելի քան 1000 մարդու մահը: Տնտեսական ու սոցիալական օրեցօր մռայլվող իրավիճակի մասին առայժմ լռենք:

Պահը, երբ դատարկ սառնարանը ցանկացած կոչից, շինծու կամ թեկուզ ոչ շինծու աղմկահարույց պատմությունից ավելի ուժեղ է ազդելու, իրականում այնքան էլ հեռու չէ, ինչպես կարող է թվալ շատերին, առաջին հերթին՝ Փաշինյանին ու իր իշխանախմբին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը