Մեկնաբանություն

05.08.2020 15:00


Սա անվտանգությո՞ւն է, թե՞ ադրբեջանական հաքերների «պռախադնոյ դվոր»

Սա անվտանգությո՞ւն է, թե՞ ադրբեջանական հաքերների «պռախադնոյ դվոր»

Նիկոլ Փաշինյանին նապոլեոնացնելուց ազատ ժամերին վատ չէր լինի, անգամ՝ շատ լավ կլիներ, որ ՀՀ համապատասխան կառույցները մի փոքր էլ խորհեին մեր պետության «թվային» անվտանգության, պետական թվայնացված կուտակարաններում եղած պաշտոնական, նաև քաղաքացիներին ուղղակիորեն վերաբերող տվյալների պաշտպանվածության մասին: Շատ բան, տեսեք, չենք ասում: Ասում ենք՝ խորհեին, մտածեին, մի թեթև անհանգստանային, ինչո՞ւ ոչ:

Հարկատուներիս վճարած միջոցների հաշվին պարգևավճարներ ստանալուց բացի, նաև պիտի լրջորեն անհանգստանային: Չնայած, ի՞նչ ենք ասում: Ի՞նչ անհանգստանալ, գործ պիտի անեն, գո՛րծ:

Ընդհանուր ցնցումային իրադարձությունների շարքում լրահոսում այնքան էլ երկար «չդիմացավ» խայտառակ տեղեկությունը, որ ադրբեջանական հաքերները (կայքահեն, եթե կուզեք), նորի՛ց Հայաստանի պետական կառույցներից տերաբայթերով տվյալներ են «տարել»: Սա ոչ միայն առաջին դեպքը չէ, այլ վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն կդժվարանանք նշել, թե որերորդ դեպքն է:

Այնպես չէ, որ մեր թվայնացված դարաշրջանում որևէ մեկը լիովին ապահովագրված է կայքահեններից: Ոչ, իհարկե: Ի լրումն, հայ հաքերներ էլ կան, որոնք ադրբեջանական «վիրտուալ» ելուզակություններին, բնականաբար, հակահարվածում են: Բայց առնվազն վերջին շրջանում բացահայտ երևում է, որ մենք այս «ճակատում» լրջագույն խնդիրներ ունենք: Լրջագո՛ւյն:

Իսկ այն, որ թշնամու «հաքերային գրոհները», փաստորեն, թափանցում են ՀՀ պետական կառավարման համակարգի տվյալների բազաներ կամ կուտակարաններ, ի լրումն ամենի, հուշում է, որ համապատասխան կառույցները կա՛մ բավարար հետևություններ չեն արել նախորդ գրոհներից, կա՛մ չեն կարողանում արդյունավետ պաշտպանություն գտնել (եթե փնտրում են), կա՛մ ընդհանրապես դա իրենց չի հուզում:

Մինչդեռ, «թվային» ապահովությունը նույնպես ազգային անվտանգության խնդիր է, իսկ մեր օրերում՝ հատկապե՛ս խնդիր է:

Փորձագետներն ահազանգում են, նրանց շարքում Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, տրցակով խնդիրներ է նշում, կետ առ կետ բացատրում, հիմնավորում: Եվ ի՞նչ...

Մի ժամանակ գերօպերատիվ եղանակով, այսինքն՝ երբ դա անձամբ Նիկոլ Փաշինյանին (վարչապետին չէ, այլ հենց Նիկոլ Փաշինյանին) դա պետք է, ԱԱԾ-ն «ֆեյքեր» էր բացահայտում, բռնում (էդ «ֆեյք» «Դիաննան ի՞նչ եղավ, ի դեպ): Ուզում եմ հոգու ամենահեռավոր ու փոքրիկ անկյունում մանանեխի հատիկի չափ հավատալ, որ հիմա էլ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները քնած չեն:

Մյուս կողմից, երբ լսում ես փորձագետների մեկնաբանությունները, միանգամայն պարզ է դառնում, որ այստեղ քաղաքական որոշման խնդիր կա: Այսինքն, նախ, պետք է «հավաքել» ոլորտի մասնագետներին, ի մի բերել խնդիրները, հասկանալ պատճառահետևանքային կապը, լուծման տարբերակներն ու դրանց կադրային և նյութական բազան հստակեցնել, քայլերի հաջորդականությունը ու անցնել գործի:

Կա՞, արվո՞ւմ է: Փաշինյանը քանի՞ խորհրդակցություն է հրավիրել «թվայնագետների» հետ: Մինչդեռ, երբ կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին վերաբերող մի տրցակ տվյալներ թշնամու հաքերները «տարան», դա պիտի լուրջ ահազանգ լիներ արդեն, գործողությունների մղելու խթան:

Բայց վերջին դեպքերը գալիս են վկայելու, որ կարծես ոչ մեկն էլ չի «խթանվել»: Այնպիսի տպավորություն է, որ առնվազի «թվային տվյալների» առումով մեզանում ոչ թե պաշտպանվածություն է կամ անվտանգություն, այլ թշնամական հաքերների, կներեք, «պռախադնոյ դվոր»: Ռուսերեն չիմացողների համար լրացնեմ՝ միջանցիկ բակ, որ ով երբ ուզենա, ազատ մտնի, «ֆռֆռա», ինչ ուզենա կամ ինչը որ «անտեր դրված» է, վերցնի ու գնա:

Մյուս կողմից, ախր, սա ո՞ւմ ենք ասում, ո՞ր իշխանությանը, ո՞ր կառավարությանը: Այն իշխանությա՞նը, որն անգամ իրեն ընտրողներին (հա, հենց իրե՛նց ընտրած, իրենց «վուվուզելա-դմփ-դմփ-հու-աբար իշխանության բերած մարդկանց) բացարձակապես ոչինչ չունի առաջարկելու, բացի ոստիկանական տեռորից, բացի ծուռ դրած դիմակի համար տուգանքով մարդկանց գրպանը մտնելուց, բացի բիրտ ու ցուցադրաբար նրանց խեղդել-քաշքշելուց:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը