Մեկնաբանություն

29.07.2020 00:50


«Կրթագիտական կռուտիտներ» «մշակույթի» «մարզիչը»

«Կրթագիտական կռուտիտներ» «մշակույթի» «մարզիչը»

Վերջապե՜ս: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վերջապես բարեհաճեց իր օլիմպիական բարձունքից մի քանի րոպեով իջնել «Հ1»-ի հարցազրույցի տաղավար ու ինչ-որ բաներ ասել՝ այս տարվա ընդունելության քննություններով հարուցած «բոլոլայի» վերաբերյալ:

Իսկ ի՞նչ ասաց: Եթե պատկերավոր, ապա հիմնականում «կրթագիտական կռուտիտներ» կամ պարզապես «կռուտիտներ», այսինքն՝ բուն հարցերից խուսանավելու, հարցերն այլ ուղղությամբ շեղելու նպատակով հնչեցվող մերկապարանոց հայտարարություններ:

Արայիկ Հարությունյանը պնդում է, օրինակ, թե այս բոլոր օրերին ինքն ու իր անձնակազմը լուծել են բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդներին հուզող խնդիրները, հանդիպումներ են ունեցել, քննարկումներ: Եվ ասում է, թե... մեզ համար անսպասելի էր, որ չսպասելով երկուշաբթի օրվա մեր լուծումներին՝ շաբաթ օրը էլի ցույց է լինում:

Կներեք, նախ, եթե բողոքողների, ցույցեր անողների հետ հանդիպում էիք, քննարկում լուծումներ և այդպես շարունակ, ապա ինչո՞ւ էին այդ մարդիկ շարունակում բողոքել, ցույցեր անել, հարցեր բարձրացնել: Առհասարակ, ցուցարարների մշտական պահանջներից մեկը հենց նախարարի հետ հանդիպումն էր: Եթե հանդիպել էին ու հանդիպում են, ապա էլ ինչո՞ւ են հանդիպում պահանջում: Չլինի՞ բողոքողներին ու հասարակությանը ձեր տեղն եք դրել՝ տրամաբանելու ունակության առումով:

Լավ, բա եթե նախարարությունն ու անձամբ Արայիկ Հարությունյանն այդքան բարյացկամ, բողոքող դիմորդներին ընդառաջող մոտեցում էր դրսևորում, հապա էլ ոստիկանական ուժե՞րն ինչու էիք այդ երեխաների ու ծնողների գլխին կուտակել, ինչո՞ւ եք մարդկանց ոստիկանաբար քաշքշում, «տարման ենթարկում»:

Եվ, եթե իսկապես հանդիպումներ ու լուծումներ կային, ապա ինքնափիարվողների իշխանության ներկայացուցիչներն օր առաջ դրա մասին կխոսեին՝ տեսնելով, թե հասարակական ինչ հնչեղություն ու հետաքրքրություն է ձեռք բերել բարձր միավորներով չընդունված դիմորդների բողոքը:

Թերևս ամենից հետաքրքրական պահը: «Կրթագիտական կռուտիտների» մշակույթի «մարզիչը» ասում է, թե... դիմորդների ցույցերը քաղաքական երանգ են ստանում, ցուցարարների մեջ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից կա...

Լավ, ենթադրենք, թե ցուցարարների շարքերում կար Ռոբերտ Քոչարյանի կողմնակից: Չնայած, ես որքան հետևել եմ դիմորդների ու նրանց ծնողների ցույցերին և տարբեր տեսախցիկների առաջ ասածներին, շատերը կաշվից դուրս էին գալիս, որպեսզի իրենց ներկայացնեն որպես Նիկոլ Փաշինյանի կողմնակից, ավելին՝ անարյուն հեղաշրջման մասնակից: Ցուցարարների շարքերում կարող են լինել նաև, որևէ այլ քաղաքական կազմակերպության կամ գործչի կողմնակիցներ, ասենք՝ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, չգիտեմ՝ ՀԱԿ-ի, կոմկուսի: Կարող են լինել թունդ լիբերալներ կամ համոզված կոմունիստներ: Հետո՞: Դրանից ինչ-որ բան է փոխվո՞ւմ: Մարդիկ կոնկրետ հարց ունեն, լուծում չի տրվում, բողոքում են:

Հարցին լուծում տվեք, հարցի՛ն:

Երկրորդը, որևէ խնդիր, որին բախված հասարակական այս կամ այն խումբը բարձրաձայնում է, պահանջներ ներկայացնում օրվա իշխանությանը, արդեն այդ չափով քաղաքական երանգ պարունակում է: Ավելին, երբ օրվա իշխանությունը ոչ միայն չի կարողանում արագ ու արդյունավետ լուծումներ գտնել և առաջարկել, այլև արհամարհական վերաբերմունք է դրսևորում, քաղաքական երանգն աստիճանաբար ավելի է ընդգծվում ու խնդիրը քաղաքականացվում է, բերվում է քաղաքական օրակարգ, չնայած այն ի սկզբանե ուսումնակրթական բնույթի էր:

Մեծ հաշվով, կրթությունն ամենից մեծ քաղաքական հարցն է՝ պետական քաղաքականության իմաստով: Դա շատ ավելի քաղաքական հարց է, քան ասենք, պետության ճանապարհների վիճակի, երկաթուղիների, մետրոյի նոր կայարանների հարցերը՝ միասին վերցրած:

Ի դեպ, երկաթուղի ու մետրո ասացի, միտս եկավ: Արայիկ Հարությունյանը, երբ նոր էր նախարար նշանակվելլ, ցուցադրաբար մետրոյով աշխատանքի գնաց։ Մեկ օր։ Այսօ՞ր էլ է նա շարունակում մետրոյից օգտվել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը