Մեկնաբանություն

24.07.2020 13:20


Քաղաքականության անբարոյական կողմը. Ծառուկյանին դավաճանեց՝ աքաղաղի առաջին իսկ կանչից

Քաղաքականության անբարոյական կողմը. Ծառուկյանին դավաճանեց՝ աքաղաղի առաջին իսկ կանչից

Մինչ մեր զորքերը լուծում էին ադրբեջանցիների հարցերը և գրոհում Տավուշի մարզում, տավուշցի Նիկոլ Փաշինյանը գրոհում էր ԲՀԿ–ի ուղղությամբ։ Ասել է թե՝ ամեն մեկն զբաղված էր իր գործով. բանակը պաշտպանում էր ժողովրդին թշնամուց, իսկ Նիկոլը ժողովրդի թշնամացման հերթական գործընթացն էր նախաձեռնում։

Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի կամ ժամանակակից տարբերակով ասած՝ խմբակցություն չկա, որ Արման Բաբաջանյան չունենա։

Սերգեյ Բագրատյանը շուտվանից էր «պալիտ» եղել, քանզի Նիկոլ Փաշինյանին քծնելու և «Իմ քայլի» արտահաստիքային աջակցի դերը կատարելու գործում նա աչքի էր ընկնում դիմում գրելուց շատ առաջ։

Սա այն Բագրատյանն էր, որը ղազագիր էր գրել, թե բա անբարոյականի զավակ լինեմ, եթե Ծառուկյանի առաջին իսկ պահանջով չհրաժարվեմ մանդատս վերցնելուց։ Հիմա նա անում է ղազագրում գրածի փիլիսոփայությանը կտրուկ հակասող քայլ։

Նկատենք, որ մեղավորություն ունի այս հարցում նաև Գագիկ Ծառուկյանը։ Եթե մեկը նման ղազագիր է գրում, նշանակում է՝ չունի սեփական ես, սեփական մտածողություն, արժանապատվություն և առաջին իսկ առիթով թռնելու է՝ դառնալով այն, ինչը ղազագրով պարտավորվել է չդառնալ։ Եթե մեկը նման ղազագիր է գրում, ուրեմն առաջինն է մեջքիցդ հարվածելու, մի՞թե պարզ չէ։

Քաղաքականության մեջ հնարավոր չէ ստրուկների միջոցով հաջողության հասնել։ Ստրուկը պայքարի գնացող չէ։ Ստրուկը կարող է հնազանդորեն ուտել «կոռմը», ընդորում՝ բոլորի տված «կոռմը»։

Ստրուկը նաև վախկոտ է։ Մի հատ «փըշտ» անեն, կփախնի։ Բագրատյանին հենց այդ «փըշտն» են արել։

Բագրատյանը Ծառուկյանին քծնողների առաջին շարքերում էր։ Բայց հենց դրանք են վտանգավոր «կենդանիները»։ Քծնողները գետնից կտրում են Ծառուկյանին ու տանում անիրական դաշտ։ «Անբարոյականի զավակ լինեմ»–ի տակ ստորագրած Բագրատյանի օրինակը պետք է դաս լինի Ծառուկյանի համար։

Իսկ ընդհանրապես, պետք է իմանալ, որ քաղաքականությունն անբարոյական զբաղմունք են դարձնում անբարոյականները։ Կամ էլ՝ դրանց զավակները։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Ծառուկյանի հետ տեղի ունեցողը դեժավյու է։

Նախորդ իշխանությունների ժամանակ էլ հենց որ ԲՀԿ առաջնորդը քննադատեց իշխանություններին ու դեմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին, Բ26–ից սկսեցին ԲՀԿ խմբակցությունից «անասուն» գողանալ։

Բա Նիկոլն ասում էր, թե բա երկրում իրավիճակ է փոխվել ու նախորդ իշխանությունների բարքերին հրաժեշտ ենք տվել։ Էս հարցում էլ խաբեց։

Այս խորագրի վերջին նյութերը