Մեկնաբանություն

21.07.2020 14:40


Ընդունելության քննությունների «բոլոլա», արդյոք արդա՞ր է այն, ինչ կատարվում է

Ընդունելության քննությունների «բոլոլա», արդյոք արդա՞ր է այն, ինչ կատարվում է

Արդեն երկու օր է, ինչ հանրապետության ամենատարբեր բուհերի բազմաթիվ դիմորդներ, ինչպես նաև՝ նրանց ծնողները, արդարության պահանջով բողոքի հախուռն ակցիաներ են անում: Այսօր Ազգային ժողովի մատույցներում:

Ի՞նչ է կատարվել, ինչի՞ց են մարդիկ բողոքում: Հիմնական դժգոհությունները միավորների մրցութային հաշվարկման, ընդունելության չափորոշիչների, հայտագրման հերթականության մոտեցումներից են, որոնք շատերին անհասկանալի են: Առավել ևս, որ երկու օր է, այդ մարդկանց ոչ մեկը, գոնե հրապարակային, ոչ մի բան չի էլ բացատրում, պարզաբանում, օգնում, որպեսզի հասկանան, պատկերացնեն իրենց խնդրի որևէ լուծում կամ դրա տարբերակ տեսնեն, բողոքի դրդապատճառն էլ հանգուցալուծվի:

«Ոչ մեկը» ասելով՝ նկատի ունենք, իհարկե, ԿԳ և այլն նախարարության պատասխանատուներին, գերատեսչության ղեկավարներին, թեկուզ հենց նախարարին, առաջին հերթին: Հնարավոր է, որ այսօր, գուցե ընթացքում, գուցե մի քանի օրից, ի վերջո, արձագանոքեն: Բնականաբար, կմեղադրեն դիմորդներին, ծնողներին, բոլորին «սխալ կհանեն», իսկ իրենք կներկայանան միակ ու աներկբա (իրենց վարչահրամայապետի սիրած բառերից է) ճշմարիտը:

Հանուն ճշմարտության, նկատենք, որ ընդունելության քննություններից բողոքներ ու դժգոհության դրսևորումներ եղել են գրեթե միշտ, առնվազն վերջին 29-30 տարվա ընթացքում: Առաջին նման «ընդունելության» բողոքի ցույցերը հիշում եմ դեռևս 1992 թվականից: Պահանջը կայուն նույնն է մնացել՝ արդարություն: Բայց պատմական էքսկուրսները, 90-ականների հետ աղերսները արագության վրա շրջանցենք ու գանք կոնկրետ երեկ ու այսօրվա դրսևորումներին, որոնք բավականին հետաքրքիր դիտարկման նյութ են:

Պայմանական ասած՝ «հայտաբալային» ընդունելության կարգը պարբերաբար դժգոհությունների տեղիք է տալիս: Այս դեպքում շատ ու շատ ծնողներ, դիմորդներ բողոքում են, որ օրինակ 14,25 միավորով ընդունելության մրցույթը չեն անցել, բայց նույն մասնագիտության գծով մեկ այլ դիմորդ, օրինակ, 8,9 միավորով ընդունվել է: Պատճառն այն է, որ այդ երկրորդ դիմորդը տվյալ մասնագիտությունը նշել է հայտում առաջինը, իսկ մյուս՝ ավելի բարձր միավորներ հավաքած դիմորդը, օրինակ, հայտում երկրորդը կամ երրորդն է լրացրել այն:

Դժգոհող քաղաքացիները նաև այլ անհասկանալի դրվագներ էին նշում, մասնավորապես, որ հայտային լրացուցակում նաև հաջորդականությամբ ավելի բարձր տեղում են նշել, բայց զիջել են ավելի ցածր տեղում նշած ու նաև՝ քիչ միավորներ կամ ցածր գնահատական ստացածներին: Դրանք բոլորը դեպքեր են, որոնք առանձին-առանձին պետք է ստուգվեն: Ու այստեղ պետք է հատուկ ընդգծել, որ նախկինում վերջիվերջո բողոքարկման որոշակի ընթացակարգ էր սահմանվել, որի միջոցով հիմնականում կարգավորվում էին նման խնդիրները՝ արդեն չվերաճելով բողոքի նման ցույցերի:

Այս օրերին դիտարկվող ընդունելության քննությունների «բոլոլան» հուշում է, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած գերատեսչությունը ոչ միայն չի կարողացել այս առումով նոր բան մտածել, այլև ըստ էության կիրառելով նախկինում եղած կարգը, աշխատանքը կազմակերպել է այնպես, որ նման թջուկ է ստացվել: Չնայած, նկատենք, որ ԿԳ նախարարույթունը այս և նման խնդիրները կարգավորելու համար առավել քան բավարար ժամանակ ուներ: Դե, իհարկե, սա արդեն կոնկրետ աշխատանք է, այլ ոչ թե, ենթադրենք, նախկինների կամ ոչ իշխանական որևէ մեկի հասցեին զազրախոսական ֆեյսբուքաբլթոց: Եվ, եթե երկրորդի հարցում ԿԳ նախարարը, ինչպես ասում են՝ «մոմ» է, ապա իր անմիջական աշխատանքային պարտականությունների կատարման առումով «արդյունքը» տեսնում ենք՝ այս շոգ-կրակին ԳԹԿ-ի կամ ԱԺ-ի մատույցներում բողոքող ու արդարություն պահանջող դիմորդների և նրանց ծնողների ինքնաբուխ ցույցերի տեսքով: Հանրագումարում, կարելի է չկասկածել, որ ԿԳ նախարարն ու այս քննությունների կազմակերպիչները բոլ-բոլ պարգևավճարներ էլ կստանան:

Եվ մի հպանցիկ, այսպես ասեմ՝ կողմնակի դիտարկում էլ: Բողոքող մի հասուն տղամարդ քիչ էր մնում ոստիկանության մայորին երդվեր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկել: Ասածն այն էր, որ սա քաղաքական ինչ-որ հարց չէ, որ իրենք ընդդիմադիր են, այսինքն՝ էն «քը՛խ» ցուցարարներից չեն, իրենք «պուպուշ» ցուցարարներ են: Իսկ հետո, արդեն բորբոքվում էր՝ այսպես ու այսպես, արդա՞ր է այս ամենը:

Իհարկե, ինչպես ցանկացած նորմալ մարդ, չես կարող չցավալ 17-18 տարեկան երեխաների համար որ նման դաժան բախմամբ են «մտնում կյանք»: Բայց ինչ վերաբերում է նրանց ծնողներին, ապա, որոշակի հարցադրմամբ միանշանա՛կ արդար է, այն, ինչ կատարվում է: Արդա՛ր է, այնքանով, որքանով նրանք իրենց կամքով ձևավորել եք այն կառավարությունը, որը ցանկացել են, թեպետ հրաշալի երևում էր, թե ինչ անձինք են մղվում իշխանության:

Հա, ու սա ամենից քաղաքական հարցն է: Քանզի անվտանգության հիմնախնդիրներից հետո, իսկ իմ ընկալմամբ, նույնիսկ համահավասար, չկա ավելի ռազմավարական ու քաղաքական բան, քան կրթությունն է, կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև բուհ և գիտական հաստատություններ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը