Կարծիք

06.04.2011 13:16


Լայն բացված աչքերով

Լայն բացված աչքերով

Քաղաքական գործիչները կարող են սխալվել, բայց հաջողության են հասնում բացառապես նրանք, ովքեր կարողանում են ընդունել իրենց սխալները եւ համապատասխան հետեւություններ անել: Իսկ երբ քաղաքական գործիչը սխալ է թույլ տալիս, այն էլ բավական կոպիտ, եւ ոչ միայն չի ընդունում այդ փաստը, այլ փորձում հինգ տարեկան երեխայի համառությամբ արդարացնել իրենց քայլը, ապա առնվազն դուրս է մղվում քաղաքականությունից, այն էլ բավական խայտառակ ձեւով:

Այսպես. Լեւոն Տեր-Պետրոսյանին այնքան էր հունից հանել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, որ նա չկարողացավ մի կողմ դնել զայրույթն ու ատելությունը եւ մոտենալ Ազատության հրապարակում նստած «ժառանգության» հիմնադրին: Ավելին, օրեր անց նա միայն ծիծաղ առաջացնող պարզաբանումով փորձեց հանրությանը բացատրել, թե ինչու չէր մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսպիսով, ՀՀ առաջին նախագահը, որին այսօր մենք ընկալում ենք ոչ թե առաջին նախագահ, այլ շարքային քաղաքական գործիչ, թույլ տվեց կոպիտ սխալ եւ մանկական համառությամբ փորձեց արդարացնել իր քայլը:

Հիմա մենք ականատես ենք լինում, թե մեր աչքի առջեւ ինչպես է քաղաքականությունից անփառունակ ձեւով դուրս մղվում Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե նա մոտենար Րաֆֆի Հովհաննիսյանին կամ գոնե չփորձեր արդարացնել իր չմոտենալը, ապա այսօր քաղաքական դաշտում այլ իրավիճակ կլիներ։ Ավելին, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ ստիպված չէր լինի հիշել, թե իրեն ինչ էր  ասել Տեր-Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ին` սարսափելի արյունահեղությունից ժամեր առաջ:

Ես Ստեփան Սաֆարյանին անձամբ չեմ ճանաչում, չեմ ճանաչում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի արդեն նախկին պետ գնդապետ Սմբատ Գասպարյանին, բայց ամենապարզ տրամաբանությունն էլ մեզ հուշում է, որ այս դեպքում Ստեփան Սաֆարյանը ստելու որեւէ պատճառ չուներ: Ավելին, մենք այստեղ արձանագրում ենք Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի թույլ տված եւս մեկ կոպիտ սխալի: Նրանք հարգարժան Սմբատ Գասպարյանին դրդել են հայտարարություն անել, որը գցում է ոչ միայն նույն Գասպարյանի, այլ առաջին հերթին տեր-Պետրոսյանի առանց այն էլ անկում ապրող հեղինակությունը:

Չեմ կասկածում, որ նրանք, ովքեր դեռ առաջնորդվում են «Լեւոնը մի բան գիտի» կարգախոսով, կրկին կհավատան Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ստեփան Սաֆարյանին կմեղադրեն բոլոր մահացու մեղքերի մեջ: Բայց եկեք արժանին մատուցենք Ստեփան Սաֆարյանին: Նրա այս բացահայտումը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին չզիջող քայլ է: Ավելին, ժողովրդի աչքերը բացելու համար սա գուցե ավելու հուժկու քայլ է, քան Րաֆֆիի հացադուլը:

Կասկած չկա, հիմա խիստ «պատասխանատու» մամուլը կսկսի փորփրել Սաֆարյանի կենսագրությունը եւ նույնիսկ կպարզեն, որ նա փոքր տարիքում պարսատիկով ճնճղուկների վրա է կրակել, բայց եղածն արդեն եղած է: Ձնագնդին գլորվում է բարձր լեռից եւ աստիճանաբար վերաճում է ձնահոսքի:

Կարող ենք արձանագրել, որ բավական հետաքրքիր քաղաքական գործընթացների ականատեսն ենք դառնում: Դեռ շաբաթներ առաջ ոմանց թվում էր, թե անշեղորեն կենսագործվում է մեկ ազգ` մեկ իշխանություն եւ ենթարկվող ընդդիմություն ծրագիրը։ Թվում էր, թե ժողովուրդը գլուխը կախ լսելու է Տեր-Պետրոսյանին, բայց հիմա իրավիճակը թեև դանդաղ, բայց արմատես փոխվում է եւ գնալով ավելի է փոխվելու:

Ամենակարեւորն այն է, որ արդեն կարող ենք արաձանագրել, որ ձախողվել է ժողովրդի թիկունքում կնքված դաշինքը: Սերժ Սարգսյանի եւ Լեւոն-Տեր-Պետրոսյանի թիմերը ինչ որ նոր բան պետք է մտածեն: Իհարկե, դեռ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հիացած են Տեր-Պետրոսյանով եւ իրենց ներշնչում են, թե Լեւոնը ժողովրդին առաջնորդում է դեպի հեղափոխություն, բայց շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբած կմնան միայն նրա տարեց եւ երիտասարդ ֆանատները, որոնք հավանաբար այդպես էլ չեն հասկանա, որ իրենք վերածվել են խաղալիքների կամ էլ Լևոնի կողքը կմնան, քանի որ ուրիշ տեղ նրանց կարիքը չի լինի ու տեղ չեն ունենա գնալու:

Մնում է, որ այս իրավիճակում հնարավորին չափ արագ ձեւավորվի այն քաղաքական ուժը, որը կհակակշռի ձեւավորված Սերժ-Լեւոն դաշինքին: Քաղաքական այս ուժի առկայությունը հայաստանին պետք է օդի եւ ջրի նման: Պետք է, որ Տիգրան Սարգսյանը գորբաչովյան պերեստրոյկայի ոգով սվիտրով հանկարծ չհայտնվի վերնիսաժում կամ ժակետով ինչ որ գյուղում:

Քաղաքական նոր ուժն անհրաժեշտ է, որ իրականություն չդառնա մեկ երկիր` մեկ օլիգարխ ծրագիրը, եւ որ ամենակարեւորն է՝ քաղաքական նոր ուժի ձեւովորումն անհրաժեշտ է, որ ձախողվի «Ընտրություն–2018» ծրագիրը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը