Մեկնաբանություն

16.07.2020 23:45


Իսկ մեր ի՞նչ խնդիրն են թշնամական տարածքում եղած գազամուղ-նավթամուղերը

Իսկ մեր ի՞նչ խնդիրն են թշնամական տարածքում եղած գազամուղ-նավթամուղերը

Ձևով՝ անկախ, բովանդակությամբ Փաշինյանի «Քայլին» կցված մի պատգամավորի մանդատ կրող կա: Թերևս այդ մեկը կամ միակն է, դժվար է շփոթել: Չնայած չենք նշում, բայց բոլորը թերևս կռահեցին, որ խոսքը Արման Բաբաջանյանի մասին է:

Վերջին օրերին, ինչ թշնամին նախահարձակ ագրեսիվ գործողությունների է անցել հայ-ադրբեջանական սահմանագոտու, ավելի ճիշտ է ասել՝ ռազմաճակատի Տավուշի հատվածում, այս «անկախ» մանդատակիրը իրեն լիովին «կորցրել» է: Ոչ թե ակտիվ է, այլ գերակտիվ:

Մեկ ՀԱՊԿ-ի հետ կապված է ինչ-ինչ հայտարարություններ անում: Մեկ անհեթեթագույն դավադրություններ է հորինում, թե՝ իբր նախկին իշխանությունները հատուկ հրահրել են... որ Ադրբեջանը հարձակվի, իրենք էլ առիթից օգտվելով, Հայաստանում... ռազմական հեղաշրջում անեն: Եվ նմանօրինակ այլևայլ խառնակչական պնդումներ, որոնք դժվար է բնորոշել այլ կերպ, քան բացահայտ ցնդաբանություն և թշնամական սադրանք: Իսկ առհասարակ, ԱԱԾ-ն, որ նախօրեին լրատվամիջոցներին ուղղված, ի դեպ, հիմնավորված կոչով հանդես եկավ, լավ կլինի սույն «անկախ պատգամավորին» զրույցի հրավիրի, որ եթե բան գիտի, բան ասի, այլ ոչ թե ընդհանուր շիլայի մեջ խառնած, անվանարկի ու պիտակավորի մարդկանց: Սույնը, ուրեմն ասում է, թե նախկին բարձրաստիճան իշխանավորները... «ամեն ինչ կանեն, որ ավելի ու ավելի սրվի իրավիճակը և՛ շփման գծում, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում, որը իսկապես կարող է հնարավորություն ստեղծել ներքաղաքական այնպիսի իրավիճակի համար, ինչը կարող է նրանց հնարավորություն տալ ռազմական հեղաշրջմամբ ռևանշն իրականություն դարձնելու»:

Կարճ ասած, ըստ Արման Բաբաջանյանի, նախկիններն ազգի դավաճաններ են: Կրկնում եմ՝ նրա ասածն, ըստ էության, հաղորդում է հանցագործության, ավելին՝ պետական դավաճանության մասին: Այնպես որ, կա՛մ անհերքելի փաստերով ապացուցում է, կա՛մ «սուտ մատնության» մեղադրանքով վերադառնում է բանտ:

Առհասարակ, հիմնականում նողկանք է հարուցում այն, թե փաշինյանական տարբեր հանձնակատարներ ինչպես են մի կողմից «հայրենասիրական դիմակ» հագած համախմբման մասին խոսում, մյուս կողմից՝ նմանօրինակ անպատասխանատու, սադրիչ ու պառակտման նպատակ հետապնդող հայտարարություններ անում:

Բայց դա էլ ամենը չէ:

Արման Բաբաջանյանին, պարզվում է, անհանգստացնում է ադրբեջանական գազամուղ-նավթամուղերի ճակատագիրը, ինչպես նշում է՝ ադրբեջանական տարածքով անցնող օտարերկրյա ենթակառուցվածքները: Նրա կարծիքով, Հայաստանն ու Արցախը պետք է հայտարարեն, որ «միջազգային հանրությունն» իմանա, որ հայկական զինուժն այդ ենթակառուցվածքները չի թիրախավորել, որ Հայաստանը պիտի երաշխավորի այդ գազամուղ-նավթամուղերի անվտանգությունը և այդպես շարունակ: Ինչո՞ւ, քանի որ ադրբեջանական քարոզչաշրջանակները հայտարարել են, թե Հայաստանը կարող է թիրախավորել դրանք:

Եթե ոմանց անհասկանալի է, թե ադրբեջանական այդ քարոզչագոլորշին ինչ նպատակով էր բաց թողած, կարող են ծանոթանալ Մեծամորի Հայկական ԱԷԿ-ին հրթիռային հարված հասցնելու մասին ադրբեջանական բանակի ներկայացուցչի վերին աստիճանի տխմար հայտարարությանը: Սկզբունքորեն, հաշվի առնելով թե ինչ կարգի նենգ թշնամու հետ գործ ունենք, շատ հնարավոր է, նման մի հիմարություն անելու համար նրանք սկզբում հենց իրենք էլ պայթեցնեն իրենց տարածքով անցնող գազամուղն ու նավթամուղը:

Բայց, մեծ հաշվով, Հայաստանի ի՞նչ խնդիրն է երաշխավորել ադրբեջանական տարածքում գտնվող այդ ենթակառուցվածքների անվտանգությունը: Մենք առանց այդ էլ մտածելու այնքան բան ունենք, թեկուզ հենց մեր ռազմավարական ենթակառուցվածքների պահպանության, պաշտպանության, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության ուժեղացման առումներով: Թշնամական տարածքում եղած ինչ-ինչ ենթակառուցվածքների համար թող դրանից շահող ադրբեջանական և թուրքական իշխանությունները անհանգստանան:

Երկրորդը՝ ենթադրենք, ադրբեջանական կողմը հենց գազամուղի երկայնքով հրթիռային կայանքներ է տեղակայում ու դրանցից հրթիռակոծում է մեր դիրքերը կամ բնակավայրերը: Հայոց բանակը, ի՞նչ է, չպիտի՞ դրանք չեզոքացնի, ինչ է, թե գազամուղի երկայնքո՞վ են շարված:

Շատ կներեք, էլի, իսկ Հայաստան մտնող գազատարների անվտանգությո՞ւնը ով պետք է երաշխավորի: «Երկու կողմերին» անբովանդակ կոչեր հղող «միջազգային հանրությո՞ւնը»:

Իսկ առհասարակ, վաղուց ու անզեն աչքով էլ տեսանելի է, որ այսպես ասած՝ «հակառուսականության», ավելի ճիշտ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տորպեդահարելու նպատակադրմամբ հանդես եկող շատ ու շատ կարծեցյալ «արևմտամետականների» հայտարարությունների կամ նախանշած քայլերի, հնարավոր հետևանքները ավելի շատ ձեռնտու են թուրքական կողմին: Պատահական չէ, որ թուրքական շտաբային գաղտնի ծրագրի թիրախային նպատակակետերը մեկին՝ մեկ համընկնում են անցած երկու տասնամյակում Հայաստանում քարոզչական որոշակի շրջանակների որդեգրած հիմնական շեշտադրումներին, այդ թվում՝ նախկին իշխանությունների, բանակային ու ազգային կառույցների պախարակման առումով: Ու դա, ի տարբերություն ոմանց բարբաջանքների, ցավոք ակնառու փաստ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը