Մեկնաբանություն

27.06.2020 15:40


Բարձրացրել են դրույքը, քերում են խալխի գույքը, կեցցե՛ «թավշյա» Նիկոլը, գույքահարկը բոլ-բոլ է

Բարձրացրել են դրույքը, քերում են խալխի գույքը, կեցցե՛ «թավշյա» Նիկոլը, գույքահարկը բոլ-բոլ է

Մի «ֆլեշմոբ», մարդավարի ասած՝ նախաձեռնություն է շրջում հանրային ցանցերում, հատկապես՝ «Ֆեյսբուքում»: Նախաձեռնության բուն բովանդակությունն այն է, որ ամենատարբեր մարդիկ դեմ են արտահայտվում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից գույքահարկի դրույքաչափի կտրուկ բարձրացմանը, որն ուժի մեջ է մտնելու եկող տարվանից, որը, ի դեպ, սարերի ետևում չէ:

Չնայած, կասկածից վեր է, որ շատերը քաջածանոթ են այդ նախաձեռնությանը, բայց թերևս արժե մի փոքր մեջբերում անել շրջանառվող հայտարարությունից. «Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից: Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին»:

Կարճ ասած՝ մարդիկ դեմ են «նոր Հայաստանի» գույքահարկին, որը ոչ թե «թավշյա» է, այլ լիովին «փշյա»:

Հետաքրքիր նախաձեռնություն է, իհարկե, որին նաև հանրային ճանաչելի տարբեր հայրենակիցներ են միացել: Նաև այնպիսի հայրենակիցներ են բողոքի ձայն բարձրացրել, որոնք վերջին երկու տարվա ընթացքում անմռունչ հանդուրժել են փաշինյանական իշխանության կողմից հանրային կյանք ներմուծված ամենատարբեր հոռի երևույթներ, ծպտուն չեն հանել ամենաբազմազան այլանդակությունների, բռնությունների, հետապնդումների հետ կապված:

Բայց սա արդեն բոլորովին այլ դեպք է: Եվ նույնիսկ այն հայրենակիցները, որոնք ամենայն հավանականությամբ, էյֆորիկ հրճվանքով փողոցներ են փակել երկու տարի առաջ, ըստ էության՝ իրենց ուսերի վրա Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, ահա նաև այդ հայրենակիցներն են արդեն բողոքում: Որովհետև իրենց սիրելի (կամ գուցե՝ չսիրելի) կառավարիչներն արդեն իրենց ոտքն են տրորում, ձեռքերն արդեն իրենց, կներեք, պողոսագրպանն են խոթում՝ այնտեղից մի քանի դրամ պռճոկելու նպատակով:

Այս նախաձեռնության որոշ նրբերանգներ իսկապես ուշագրավ են: Օրինակ, հետաքրքիր է, որ նախաձեռնության հեղինակները հենց «բնիկ երևանցիներին» են շեշտում: Կարելի է կարծել, թե այս տարիներին Հայաստանի, նաև Սփյուռքի տարբեր անկյուններից Երևան եկած հայրենակիցներին գույքահարկի փաշինյանական օրենքը շրջանցելու է: Ավելին, կարելի է կարծել, թե գույքահարկի նոր դրույքաչափը մի՛միայն Երևանում է գործելու և, օրինակ, Աբովյանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում, էլ չեմ ասում՝ Գյումրիում, Վանաձորում կամ Կապանում այն գույքատերերի, տնատերերի վրա չի տարածվելու:

Մյուս հետաքրքրական նրբերանգն այն է, որ այս օրենքը «թավշյա» իշխանությունը, ի տարբերություն Սահմանադրական դատարանի վրա հարձակման «օրենքների», ափալ-թափալ ու մեկ օր առաջ չէ, որ ընդունեց: Օրենքի նախագիծը կար, անգամ տարբեր փորձագիտական անդրադարձեր եղան դրան, բացատրույթուններով, թե ինչու չարժե ընդունել նման օրենք և ինչ հետևանքների այն կբերի: Բայց այդ ամբողջ ընթացքում նման բողոքի ակցիա տեղի չունեցավ: Եվ միայն հիմա, երբ արդեն օրենքն ընդունված է, բազմաթիվ հայրենակիցներ կարծես «թավշյա» թմբիրից մի պահ դուրս եկան ու հասկացան, որ ախր այն ուղիղ գծով իրենց է հարվածում՝ գոտկատեղից ներքև, այն է՝ գրպաններին:

Դե էլ ո՞ւմ հաշվին պետք է Փաշինյանի իշխանությունը պարգևավճարված գրպանները լցնի, եթե ոչ՝ ժողովրդի: Չէ՞ որ սա «ժողովրդական իշխանություն» է:

Հետաքրքիր է, այնուամենայնիվ, թե ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը աչք դրել մեր բոլորի, մեր հայրենակիցների գրպաններին, թեկուզ գույքահարկի բարձրացմամբ մեզանից մի քանի հազար դրամ ավելին կլպելու համար:

Բանն այն է, որ արդեն անգամ պաշտոնական վիճակագրական տվյալներն են վկայում, որ երկիրը տնտեսական կանգի ու անկման մեջ է: Ավելին, ընթացիկ զարգացումները հուշում են, որ այդ վիճակը դեռ խորանալու է, իսկ երկրին և ժողովրդին տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններ են սպասվում:

Նման պայմաններում «սիրելի», իսկ ոմանց դեպքում անգամ՝ պաշտելի կառավարությունն ու կառավարչապետը չեն կարողանում մտածել պարգևավճարների վրա մսխվող պետբյուջեն լցնելու այլ տարբերակ, քան նոր կամ բարձրացվող հարկերն են, մտացածին տուգանքներն ու նման այլ՝ կլպողական, գջլողական մոտեցումները:

Եվ հատկանշական է, որ նման գիծ է որդեգրել հենց Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ նաև պոպուլիստական հայտարարություններով ու դրանց հարուցած անհեթեթ հրճվանքի վրա, թե՝ արագաչափերն ու կարմիր գծերը, տուգանքներն առհասարակ, վերացնելու է, նվազեցնելու է, հարկերը թեթևացնելու է և այլն, և այդպես շարունակ: Շատերը հաճույքով կտցեցին այդ «կտերը»:

Իսկ հիմա ահա, եկել է այդ էյֆորիայի «տոկոսները» մուծվելու ժամանակը:

Ի վերջո, վարտիքով ու կպչուկով արագաչափ փակողների իշխանությունը արագաչափ-տուգանիչները չվերացրեց, և տուգանքներն էլ գանձվում են: «Կարմիր գծերը» չվերացվեցին, և վճարներն ու տուգանքները ևս գանձվում են: Հարկերը, մեծ հաշվով, չթեթևացան: Էլեկտրաէներգիայի և գազի սակագները չնվազեցվեցին, հակառակը՝ դեռ մի բան էլ որոշ հատվածների համար բարձրացան:

Է՛լ ավելին: Նրանք, ովքեր մինչ իշխանությունը սրտակեղեք և հոգեցունց ճառեր էին արտասանում, թե՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», այսօր նույն ժողովրդին դիտարկում են բացառապես «տուգանքի մատերիալ»: Տուգանք՝ դիմակ-ձեռնոց չկրելու համար, տուգանք՝ անձնագիր չունենալու համար: Շքեղ է:

Հիմա էլ, ահա՝ գույքահարկը:

Իշխանության ներկայացուցիչներն ու մարդկանց բացարձակ «պողոսների» տեղ դրած նրանց ձայնակիցները, հենց գույքահարկի մասին խոսք է բացվում, ասում են, թե՝ դա 21 թվականից է լինելու: Իսկ ի՞նչ է, 21 թվականին մարդկանց եկամուտները եռապատկվելու կամ տասնապատկվելո՞ւ են: Եվ հետո, եկող տարի այդ գումարները իշխանությանը շատ ավելի են պետք լինելու:

Եվ մի հանգամանք էլ կա: Հատկապես Երևանի կենտրոնում տասնամյակներով ապրած մեր մի շարք հայրենակիցներ, ակնհայտորեն չեն կարողանալու դիմանալ այդ գույքահարկին, և շատ հնարավոր է, նրանցից շատերն սկսեն բնակարանները վաճառել: Կենտրոնում բնակարանները, հայտնի է, թանկարժեք են: Բայց երբ շատերը սկսեն վաճառել իրենց բնակարանները, ու համեմատաբար՝ նույն ժամանակային տիրույթում, շուկայի կանոններին համահունչ՝ այդ թանկարժեք տների գները կընկնեն: Եվ հավանական գնորդները հնարավորություն կունենան այդ բնակարանները իրական արժեքից շատ ավելի ցածր գնով ձեռք բերել: Իսկ ովքե՞ր կունենան այդ հնարավորությունները: Ինքնին հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ, դրանք մերօրյա «թավշյա» պետօլիգարխներն են լինելու, նրանք, ում ձեռքը հիմա շատ ու շատ-շատ փող է ընկել: Այսպես օրենքով, կարգով, «ոչ բռնի» նրանք կարող են հասնել ոչ միայն այն բանին, որ մայրաքաղաքի կենտրոնը ազատեն նախկին բնակիչներից, այլև իրենք կբնավորվեն նրանց տներում:

Այնպես որ, կեցցե՜ «ժողովրդական» կառավարչապետությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը