Մեկնաբանություն

27.06.2020 00:46


Եվ թո՛ղ հողը թեթև չլինի «Լուսավոր»-ի վրա

Եվ թո՛ղ հողը թեթև չլինի «Լուսավոր»-ի վրա

Ասում են` հանգուցյալի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։

Բայց սա այդ դեպքը չէ։ Օրերս յուր «քաղաքական մահկանացուն» կնքած «Լուսավոր Հայաստան»-ի անժամանակ մահվան հանգամանքների և ծանր հետևանքների հետ կապված հարցականներն այնքան շատ են, որ հնարավոր չէ քելեխը չտված`մոռանալ «հանգուցյալի» մասին։

Հիվանդությունը (պայմանականորեն անվանենք դա հաճախորդական համախտանիշ) նոր չէ` վաղուց էր անհանգստացնում «լուսավոր» պացիենտին։ Կարելի է ասել` օրորոցից։ Ուղեկցվում էր մե՛կ նալին, մե՛կ մեխին խփելով, տրամադրության, շրջապատող աշխարհի, դեպքերի ու դեմքերի հանդեպ վերաբերմունքի և քաղաքական գնահատականների կտրուկ փոփոխություններով. «Լուսավորը» թունդ հակահեղափոխանից հաշված ժամերի ընթացքում կարող էր դառնալ նույնքան թունդ հեղափոխական և հակառակը, դրսից լինել ընդդիմադիր, ներսից` ընդգծված հակաընդդիմադիր և կարևոր պահերին լա՛վ էլ իշխանամետ որոշումներ կայացնել։

Հիվանդության վերջին սրացումը, որ ճակատագրական եղավ «լուսավոր հաճախորդների» համար, գրանցվեց երկուշաբթի օրը` սահմանադրական փոփոխությունների անվան տակ իշխող ՔՊ ՍՍ-ի կողմից անցկացված հակասահմանադրական հեղաշրջումից հետո (կան մարդիկ, որ դրան սահմանադրական հեղաշրջում են ասում, բայց հեղաշրջման սահմանադրակա՞նս որն է` սահմանադրական լիներ, հեղաշրջում չէր լինի, էլի)։

Բուն հեղաշրջման ընթացքում, երբ ՔՊ ՍՍ-ական մեծամասնությունը հպարտ միայնության մեջ հիմնավորում էր, թե ինչու հանուն ժողովրդի լուսավոր, չաղ և բախտավոր ապագայի անպայման տապալել սահմանադրական կարգը` իշխանության մի ճյուղի (խորհրդարանի) միանձնյա որոշմամբ իշխանության մյուս ճյուղի (դատական իշխանության) բարձրագույն ներկայացուցիչների` ՍԴ դատավորների մի մասին հանել գործից, ԼՀԿ-ն ակտիվորեն դիմադրում էր` ասում էր, որ դա խայտառակություն է` սահմանադրական կարգի տապալում, իրավական բեսպրեդել և այլն։

Բայց երբ նույն դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ն որոշեց ստորագրահավաք սկսել այդ հարցով ՍԴ դիմելու համար, ԼՀԿ-ն, չգիտես ինչու, ցնցումների մեջ ընկավ։ Նախ, իշխանական ՔՊ ՍՍ-ի դերի մեջ մտնելով` սկսեց ապացուցել, որ դա անօրինական է` ԱԺ փոքրամասնությունն իրավունք չունի վիճարկել հակասահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։

Ավելի ուշ, «փոխըմբռնման մթնոլորտում» քննարկելով հարցը ԲՀԿ-ի հետ, «լուսավոր» հաճախորդները նոր հիմնավորում գտան` չմիանալու այդ նախաձեռնությանը. առավոտ շուտ ասուլիս հրավիրեցին ու ավետեցին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել` այո՛, իշխող «խունտան» տապալել է սահմանադրական կարգը, և իրենք անպայման դիմելու են ՍԴ, բայց հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ն արդեն «լուծած» կլինի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա հարուցված վեճը`300.1 հոդվածի սահմանադրականության շուրջ։ Հիմնավորեցին դա նրանով, թե չեն ուզում վեճի կողմ դառնալ, ու վճռականորեն կանգնեցին ՔՊ ՍՍ-ի կողքին` վավերացրին անօրինականությունը։

Հաշվարկը թերևս այն էր, որ սահմանադրախախտ մեծամասնությունը մինչ այդ կհասցնի անցկացնել իր սրտի դատավորներին, և ՍԴ-ն «նոր կազմով» կլսի «Քոչարյանի գործը»։ Եթե չհասցնեն էլ, ՍԴ աշխատանքը կաթվածահար կլինի, և վարույթը կվերսկսվի միայն այն բանից հետո, երբ ՍԴ կազմը համալրված կլինի ՔՊ ՍՍ-ի կադրերով։ Դրանից հետո` թեկուզ ջրհեղեղ։

Իսկ երբ 26 պատգամավոր, այնուամենայնիվ, ստորագրեց դիմումը և մուտքագրեց ՍԴ` համարելով, որ 26 ստորագրությունն էլ հերիք է դրա համար, քանզի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը` 26,4-ը կլորացնելու դեպքում ստացվում է 26, ԼՀԿ-ականներն առաջինն ընդվզեցին դրա դեմ. նախկին «քաղակԾիվիստկա», համատեղության կարգով`հաշվապահ Մանե Թանդիլյանը շտապեց ի՛ր թվաբանությունը պարտադրել ԲՀԿ-ին`ասելով, որ 26,4-ն ավելի մոտ է 27-ին, քան 26-ին, և ուրեմն` դիմումն «անվավեր» է։

Այստեղ էլ հենց «Լուսավորն» ու հաճախորդական սինդրոմով տառապող իր առաջնորդը վերջնականապես կնքեցին իրենց մահկանացուն։ Կարելի էր վերջակետ դնել` խաչ քաշել սրանց «քաղաքական կարիերայի» վրա և ափսոսանք հայտնել, որ ունեին բոլոր հնարավորությունները`հաղթահարելու հիվանդությունը, բայց գերադասեցին քաղաքական ինքնասպանություն գործել, եթե մեզ էլ չքաշեին իրենց հետևից և երկիրը չդարձնեին ՔՊ ՍՍ-ական բեսպրեդելի, իրավական քաոսի, անորոշության պատանդ։

Նրա՛նց ենք պարտական Հայաստանում ստեղծված պատային իրավիճակի համար, երբ բոլորը վիճում են բոլորի հետ. 26 ստորագրությունը բավարա՞ր էր, թե՞ անպայման մի «լուսավոր» ստորագրություն էլ էր պետք սահմանադրական կարգը փրկելու համար։ ՍԴ դատավորներն «ազատվա՞ծ են» աշխատանքից, պարտավո՞ր են ենթարկվել բացահայտ հակասահմանադրական «սահմանադրական փոփոխություններին», թե՞ պիտի առաջնորդվեն ՍԴ մասին օրենքով, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կարգը։

Չէ՞ որ նույնիսկ հակասահմանադրական փոփոխությունները «իրավաչափ» ճանաչելու դեպքում դատավորները, մեկ է`չեն կարող պաշտոնանկ արվել, քանի դեռ օրենքի համապատասխան նորմը չի համապատասխանեցվել Սահմանադրության փոփոխված նորմին։ Ինչո՞ւ։ Որովհետև, ի տարբերություն 2005թ. Սահմանադրության, 2015թ. ընդունված Սահմանադրության դրույթները (բացառությամբ մարդու իրավունքները կարգավորող հոդվածների) անմիջական ուժ չունեն`չեն կարող կիրառվել, մինչև օրենքի հետ հակասությունը չվերացվի։

Սահմանադրական ճգնաժամը, որի մասին մի տարի շարունակ «գուժում» էին ՔՊ ՍՍ-ի ֆյուրերիկները, այլևս դաժան իրականություն է, և ոչ մեկը չգիտի` ինչպես դուրս գալ դրա տակից՝ առանց պետության համար անդառնալի ողբերգական հետևանքների...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը