Կարծիք

31.03.2011 10:35


Ամենազարհուրելի չարիքը

Ամենազարհուրելի չարիքը

Մենք բոլորս ապրում ենք մի երկրում, ուր  պետական և ոչ մի կառույց լիարժեք  չի ծառայում ժողովրդին, չնայած վարձատրվում է ժողովրդի կողմից գանձված գումարներից: Բանն այն, որ ներկայիս պետական կառավարման համակարգում այդ ծառայությունները  ոչ միայն հաշվետու են իրենց վերադասին, այլև ցանկացած օրինախախտման դեպքում, կլինի այն բնապահպանական, մարդու իրավունքների, քրեական թե ցանկացած այլ բնագավառի, պատասխանատվություն եմ կրում ըստ վերադասի ցանկության, ոչ թե ըստ օրենքի կամ ժողովրդի պահանջի:  Հետևաբար նրանք վերածվում են կամակատարների մի ամբոխի, որը գործում է այնպես, ինչպես վերադասը կթույլատրի: Վերադաս, ով  հնարավորություն ունի անտեսել ոչ միայն օրենքն  ու սահմանադրությունը, այլև ժողովրդի պահանջները: Նման պետություններում թե ժողովուրդը, թե ընդդիմադիր դաշտը իրավազուրկ է և չունի որևէ լծակ երկրում ընթացող գործընթացների վրա ազդելու համար: Հասկանալու համար, թե որտեղից է վերադասը նման հնարավորություններ ստանում, բավական է բացել ՀՀ-ն սահմանադրությունը և կարդալ նախագահի լիազորություններ բաժնից գոնե առաջին հոդվածը: Միայն հիմարը կամ անգրագետը, ով տառաճանաչ  չէ անկարող է չհասկանալ, որ նման լիազորություններին տիրապետող անձը միմիայն կամովի պետք է ենթարկվի օրենքին, ինչը սովորաբար չի լինում: Հետևաբար հարց է ծագում, ինչպես կարելի է հույս ունենալ, որ ոստիկանությունը, դատարանները, վերահսկիչ պալատը, սահմանադրական դատարանը, կառավարությունը և պետական այլ կառույցներ  կծառայեն  ժողովրդին: Բնական է, որ առաջին հերթին նրանք կծառայեն այն անձին, ով բազմած է նախագահի աթոռին: Եթե հաշվի առնենք տնտեսական ծանր իրավիճակը, ուր գոյատևելն անգամ բարդ խնդիր է, ուր անհնար է առանց վերադասի հովանավորության ապահով զբաղվել որևէ գործառույթով, ապա միանգամայն պարզ  է, թե ինչու են պետական ծառայողները, մեծահարուստները  և այլ անձիք վերածվում  կամակատարների: Նման  միջավայրում պարզ  և հասկանալի է,  որ ազնիվ, սկզբունքային և հայրենասեր անձը չի կարող ենթարկվել նման կանոնների և հետևապես չի կարող տեսանելի դաշտում հայտնվել,  նա դուրս կմղվի բոլոր պետական կառույցներից: Հետևաբար պարզ և հասկանալի պետք է լինի նաև այն , թե ինչու  ազգային ժողովում, թե պետական մյուս  կառույցներում հայտնվում  են հասարակությունում ցածր արժեք ունեցող անձինք և նրանց թիվը գնալով ավելանում է,  տպավորություն ստեղծելով, թե հասարակությունը ամբողջովին բարոյազրկվել է: Այժմ անդրադառնանք չարիքի ծնունդին: Այն սկիզբ առավ 1990-ական թվականներին,  երբ արցախյան շարժման արդյունքում իշխանության եկած անձիք,  չկարողացան դիմակայել  իշխելու գայթակղությանը: Սկզբնական շրջանում մեծ լիազորություններ տրվեցին վարչապետին, այնուհետև նախագահին: Վերջինս էլ այդ լիազորությունները  չարաշահելով կարողացավ քաղաքական դաշտից դուրս մղել և զրկել հակառակորդներին՝ պետական գործընթացներին միջամտելու հնարավորությունից: Դրանից հետո հանրաքվեի  դրվեց  իրենց իսկ նախապատրաստած սահմանադրության նախագիծը: Ժողովուրդը չնայած տեղեկատվության պակասին, զգալով վտանգը,  չընդունեց ներկայացված նախագիծը, բայց քանի որ պետական կառավարման ողջ համակարգը արդեն կենտրոնացված էր մի խումբ մարդկանց ձեռքին, նրանք կեղծեցին հանրաքվեի արդյունքները և ամրագրեցին այդ չարաբաստիկ նախագիծը:   Այսպիսով ժողովրդի ձեռքից վերջնականապես խլվեց իշխանությունը, պետությունում հաստատելով   «սուլթանի և շեյխերի» տիրապետություն:  Երկիրը բզկտվեց  ու ենթարկվեց թալանի և մինչ այժմ շարունակում է կրել թե տնտեսական, թե բարոյահոգեբանական էթնոգրաֆիական ահռելի վնասներ: Խորտակվեց ժողովրդի մոտ հավատը երկրում արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ունենալու հանդեպ: Սկսվեց մեծ արտագաղթ, որն մինչ այժմ շարունակվում է:  Այս ամենը հանգեցրել է ներկայիս սոցիալ տնտեսական, բարոյահոգեբանական և քաղաքական խոր ճգնաժամի: Նման իրավիճակի պահպանումը կարող է հանգեցնել թե պետության թե հայրենիքի կորստի:

Արդեն տասնվեց տարի է Հայաստանում գործող քաղաքական խմբավորումները պատերազմ են մղում կեղծիքով ձևավորված  իշխանական աթոռների համար և դեռ  քաղաքական թատերաբեմում չի հայտնվել այն ուժը, որը կառաջնորդի ժողովրդին ոչ թե աթոռակռվի այլ նոր սահմանադրության ընդունման, նոր կառավարման համակարգի ձևավորման, ի վերջո նոր պետության ստեղծմանը: Պետություն,  ուր ցանկացած պաշտոնատար անձ և պետական կառավարման միավոր ստիպված կլինի գործել օրենքով և ծառայել ժողովրդին ու հայրենիքին, այլ ոչ թե մեկ անձի կամ խմբի: Չկա այսօր այն ուժը, որը կձգտի առաջին հերթին վերադարձնել ժողովրդին նրանից  խլված իշխանությունը  ու արժանապատվությունը:

Այժմ մի քանի խոսք պետական կառավարման համակարգերի մասին:  Գոյություն  ունեն ընդամենը  երեք տեսակի կառավարման համակարգեր.

-  Միապետական, երբ պետական  կառավարման բոլոր մարմինները  ենթարկվում են մեկ անձի

-  Խմբակային, երբ  կառավարման լծակները գտնվում են մեկ խմբի ձեռքին

-   Ժողովրդավարական, որի հիմնական  հատկանիշներից  առաջնային է այն, որ  ժողովուրդը ունի հզոր լծակներ՝ կառավարման մարմինների վրա ազդելու, իսկ նրանք էլ տարանջատված են այնպես, որ հնարավոր չէ նրանց  միավորումը   և կառավարումը   մեկ կենտրոնից, այսինքն զավթել իշխանությունը:

Ցավոք սրտի Հայաստանում  գործում է 70% -ից  ավելի  միապետական, իսկ մնացած մասով խմբակային  կառավարման մի համակարգ, որը ժողովրդավարության հետ բացարձակապես  որէև  կապ չունի:

Ներկա  արատավոր միջավայրում  դեռ մի կերպ կարելի է հասկանալ պետական ծառայողների կամակատար պահվածքը, կուսակցությունների աթոռակռիվը՝ գահին բազմելու համար, բայց անհասկանալի է այսպես կոչված քաղաքագետների, պետական կառավարման մասնագետների ստրկամտության զարհուրելի աստիճանը և կամ որտեղից այն սարսափելի ատելությանը  սեփական ժողովրդի հանդեպ, որը մղում է նրանց դրական ներկայացնել ներկա սահմանադրությունը: Մի թե նրանք այնքան տգետ են, որ պարտադիր սահմանադրության նախաբանում պետք է գրված լիներ, որ երկրի տերը նախագահի աթոռն է,  իսկ ժողովուրդը՝ ճորտ:

Աղասի Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը