Հարցազրույց

30.03.2011 16:41


Մանասե Եփրեմյան

Մանասե Եփրեմյան

Հարցազրույց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանի հետ

–Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը ճանաչեց գերիշխող դիրքը չարաշահող և տուգանեց 100 մլն դրամով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք հանձնաժողովի այս որոշումը։

–Սա ավելի շուտ ֆարս էր, քան թե հանձնաժողով։ Ոչ մի իրեղեն ապացույց, ոչ մի իրավական ճիշտ մոտեցում չեղավ։ Իմ բոլոր հարցերի պատասխանը չտրվեց։ Ես ասացի՝ բերեք մեկ օրինակ, բայց ընդհանրապես չբերվեց։

–Այսինքն՝ ձեր ընկերության մեղքն ընդհանրապես չե՞ք տեսնում Ամանորի նախաշեմին ձվի շուկայում առաջացած դեֆիցիտի և գների բարձրացման հարցում։ Այդ դեպքում ո՞վ է մեղավոր՝ առաքիչնե՞րը։

–Երբ որ խոսում ենք մեղքի մասին, պետք է սկզբից պարզենք՝ մեղք կա՞ այդտեղ, թե՞ չկա։ Երբ որ մեղք չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Պարզապես կար հավկիթի մեծ սպառում։ Այսինքն՝ առաջարկը և պահանջարկը դիսբալանս էին կազմել։ Նույն իրավիճակը կլինի նաև, ենթադրում եմ, Զատկի նախօրեին։ Եվ, ասենք, տեսական դիտարկումներով, դիտանցումներով վարչական վարույթ չեն կատարում և նման որոշումներ չեն ընդունում։ Անցած սեպտեմբեր ամսվա 5 մլն տուգանքը, որ մեզ տվել էին, ես ասացի՝ վիճարկելու եմ, և մենք Առաջին ատյանի դատարանում շահել ենք։ Հույս ունենք, որ սա էլ կշահենք։

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ ՏՄՊՊՀ–ն ինչո՞ւ է միայն «Լուսակերտին» տուգանում։

–Դա շատ կարևոր է ինձ համար։ Մեր կառավարությունը բանկային կենտրոն էր ուզում ստեղծել Դիլիջան քաղաքում։ Ինձ թվում է՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ պետք է իր կենտրոնը Ճատկռան գյուղում ստեղծի։ Սա Նոր Գեղիի հին անունն է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը