Մեկնաբանություն

12.06.2020 23:09


Փաշինյանական «բանաձև». ձգենք, տեսնենք՝ որտե՞ղ կկտրվի

Փաշինյանական «բանաձև». ձգենք, տեսնենք՝ որտե՞ղ կկտրվի

Հայաստանում կառավարող «քայլականներին» երևի կարիք կա, որ ինչ-որ մեկը հուշի՝ «արտակարգ դրություն» բառակապակցույթունը դրական պարունակություն չունի: Միանգամայն հակառակը:

Բայց փաշինյանական իշխանությանն, ըստ երևույթին, դուր է եկել ոչ միայն «արտակարգ դրություն» բառակապակցությունը, այլև բուն ռեժիմը: Շատ հարմար ռեժիմ է: Հատկապես, եթե երերացող իշխանությունդ պահելու կամ դիրքերդ ամրացնելու, զուգահեռաբար՝ օրեցօր ավելացող դժգոհությունը ճնշելու, առավել նկատելի դժգոհող-քննադատողներին հետապնդելու խնդիրներ ունես՝ որպես կառավարիչ:

Արդեն նույնիսկ քաղաքականությունից բավականին հեռու կամ քաղաքական անցուդարձի նկատմամբ համեմատաբար անտարբեր մարդիկ են պարզորոշ նկատում, որ «արտակարգ դրության» շարունակական երկարաձգումը գործնականում միայն մեկ հիմնական խնդիր է լուծում՝ պահել իշխանությունը: Արդեն իսկ ակնհայտ է, որ «արտակարգ դրությունը» չի ծառայում այն նպատակին, ինչի պատրվակով հայտարարվել է՝ դիմակայել կորոնավարակի տարածմանը: Այդ «պատերազմում» այս անձեռնահաս ու անպատասխանատու իշխանությունն անփառունակ պարտություն է կրել՝ հասարկությանը թողնելով մեն-մենակ ու դեմ հանդիման ինչպես վարակի, այնպես էլ՝ սոցիալական ու տնտեսական փորձությունների առաջ: «Արտակարգ դրության» պայմաններում վարակվածների թիվն ավելացել է հազարներով, իսկ միայն պաշտոնական տվյաներով՝ ավելի քան 320 հայրենակից է մահացել:

Երկրի կառավարման լծակների մոտ հայտնված նորիշխանավորները միգուցե կարծում են, թե «արտակարգ դրությունը» այնպիսի մի համաբալասան է, որ բավական է այն հայտարարել, ու բոլոր սպառնալիքներն ու հատկապես կորոնավարակը վախից տեղում կքարանան: Կամ էլ, չկարողանալով այլևս որևէ խելամիտ բան գտնել կամ առաջարկել, իներցիայի ուժով շարունակում են նույն մեխանիկակական մոտեցումը՝ երկարաձգել այս «արտակարգ» վիճակը:

Դա, ըստ երևույթին, վարակի դեմ պայքարի փաշինյանական բանաձևն է. ձգենք, երկարագձենք, տեսնենք՝ որտե՞ղ կկտրվի:

Բայց այնպես չէ, թե փաշինյանական իշխանությունն «արտակարգ դրության» ժամանակը միայն ձգում է: Նաև օգտագործում է: Օրինակ, օգտագործում է հանրային ընկալման մեջ քարոզչական մի քանի կաղապար մեխելու նպատակով: Փաշինյանի հիմնական քարոզչակաղապարներից մեկն այն է, թե «անպատասխանատու, անգիտակից ժողովուրդն է մեղավոր, որ նման վիճակ է ստեղծվել»: Մյուս կաղապարը էլ ավելի «ճակատային» է ու պրիմիտիվ՝ «նախկինները, ազգի դավաճանները սաբոտաժ են անում, հատուկ տարածում են կորոնավարակը, որ վատ լինի»: Մեկը մյուսից ավելի մեծ անհեթեթություն է, եթե չասենք՝ ցնդաբանություն, բայց Փաշինյանին թվում է, թե այդ թեզերը ռեալ աշխատում են ու «մեխվում» են հանրային ընկալման մեջ:

Այո՛, հնարավոր է, որ առանձին «պողոսների», այսինքն՝ Փաշինյանին աղանդավորական մոլեռանդությամբ ընկալողների, ուրիշ կարծիք ունեցող կամ պարզապես մի քիչ լավ ապրող հարևանին սպանելու և խեղդելու մարմաջով տառապողների վրա դա ազեցություն դեռևս գործում է: Հնարավոր է, իշխանությունը, ռեալություններից լիովին կտրվելով, իր իսկ ֆեյքերի քծնագովերգանքն առ «թավշապետերն» ընդունում է որպես իրականություն և իրական տրամադրություն:

Բայց «արտակարգ դրության» հակադարձ «ֆոկուսն» այն է, որ այն որքան ավելի է երկարում, մարդկանց, հասարակության մի զգալի մասի վիճակն ավելի է վատանում: Մարդիկ, անգամ ենթագիտակցորեն, հակադրվում են Փաշինյանի կողմից իրենց ուղղված ակնհայտ վիրավորական ու անհիմն մեղադրանքներին, թե դա իրենք են մեղավոր, որ նման ծանր վիճակ է ստեղծվել: Հակառակը, շատերը տեսնում և հասկանում են, որ իշխանությունն է գլխավոր պատասխանատուն և նման վիճակի հասնելու պատճառը: Մարդիկ սկսում են տեսնել, որ իշխանության բարձունքում հայտնվածներն իրենց միամիտների տեղ են դնում և կարծում են, թե կարող են շարունակ խաբել բոլորին:

Հասկանալի է, որ շատերի հասարակական տեսողությունը վերականգնվում է հատկապես սոցիալական նեղությունից ու տհաճություններից մղված:

Մյուս կողմից, ստի, կեղծավորության, փարիսեցիության, չարության ու ատելության «գործիքակազմի» վրա հենվող իշխանությանը նման կացության մեջ մնում է միայն ռեպրեսիաների «գործիքը», որին էլ արդեն դիմում են: Այդ շրջանակում, ասենք, անդիմակ անցորդին կարող են ոստիկանները գրեթե խեղդել, կարող են մեն-մենակ բողոք արտահայտողին «բերման ենթարկել», կարող են այլ ոստիկանական շարժումներ անել, մարդկանց «տուգանքի մատերիալ» դարձնել: Բայց քաղաքականության հեգնանքն այն է, որ բոլոր այդ ռեպրեսիաները հակառակ արդյունք են ունենում:

Եթե իշխանությունը ձերբակալում է մեկին կամ երկուսին, դա կարող է իշխանության դեմ տրամադրել ոչ միայն նրանց ընկերներին ու հարազատներին, այլև բացարձակապես անծանոթ մարդկանց, որոնք տեսնում են, թե ինչ այլանդակություններ են կատարվում: Ու թեպետ նրանք, որպես կանոն, չեն արտահայտվում, անգամ ֆեյսբուքներում, բայց իրենց հետևություններն անում են և նրանց տրամադրվածությունն արդեն ամենևին էլ «դըմփ-դըմփ ու հու»-ն չէ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը