Մեկնաբանություն

04.06.2020 16:59


Արայիկ Հարությունյանի «հեղափոխական ենիչերիությունը»

Արայիկ Հարությունյանի «հեղափոխական ենիչերիությունը»

Արայիկ Հարությունյանը դեռևս մինչև նախագահ դառնալը համարվում էր Չախչախ թագավորը։ Նրա ունեցվածքն ամենուրեք էր։ Նա համարվում էր Արցախի թիվ մեկ և միակ օլիգարխը, որին նախկին իշխանությունները թույլ էին տվել ծավալվել։

Արայիկ Հարությունյանը «Ֆլեշ» ընկերության հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի «պասով» և «մըր խելոք խոխան ա» ծրագրի շրջանակներում դարձավ Արցախի վարչապետ։ Վատ չէր աշխատում։ Անում էր այն, ինչ ասում էին։ Նաև փող էր աշխատում հընթացս։

Հենց Հայաստանում եղավ հեղափոխությունը, Հարությունյանի կոմերցիոն հոտառությունը հուշեց դառնալ «թունդ հեղափոխական», իսկ երբեմն էլ՝ Նիկոլ Փաշինյանից ավելի հեղափոխական։ Հարությունյանը դուր էր գալիս նիկոլենց, քանզի վերջիններիս դուր է գալիս Լֆիկ Սամոյի տեսակը՝ հա՛մ ենթարկվում է, հա՛մ մուծվում։

Կար տեսակետ, որ Հարությունյանը «թավշյա» տղաների ու աղջիկների հետ խաղեր է տալիս մարտավարական խնդիրներից ելնելով, որպեսզի շահի պաշտոնական Երևանի սիրտը։

Կար նաև տեսակետ, որ Արայիկ Հարությունյանը տեսակով է այդպիսին և միշտ քծնում է օրվա իշխանությանը։

Այս տեսակետը ներկայացնողները միակարծիք էին մեկ հարցում, որ Արայիկ Հարությունյանը Արցախի ու տարածքների հարցում նիկոլական մոտեցումները չի կիսում և կողմ չէ որևէ տարածքային զիջման։ Երկու կողմերն էլ այն կարծիքի էին, որ նա նախագահ է դառնում, որպեսզի իր հսկայական սեփականությունը պահպանի, այլապես կարող է ամեն ինչ կորցնել։

Թե ինչպիսին է Արցախի նախագահի իրական կերպարը, պարզ դարձավ նրա պաշտոնամուտի օրն ու դրանից հետո։

Պարզվեց, որ Արցախի միջազգային սուբյեկտայնությունից ու ինքնորոշման իրավունքից խոսող Հարությունյանը որդեգրել է «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» պոպուլիստական ու Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնող բանաձևը։

Փոխվել են Հարությունյանի տեսակետները նաև Արցախի հարցում՝ դեպի քիրվայացում, փուլայնացում և նիկոլացում։

Ինչ վերաբերում է ներքին կյանքում Հարությունյանի պահվածքին, ապա նա Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար «հեղափոխական ենիչերիություն» է արել՝ Արցախում դադարեցնելով Ռոբերտ Քոչարյանի հետ կապվող «5–րդ ալիքի» հեռարձակումը։ Իսկ դա նշանակում է, որ նախագահ դառնալուն պես Արայիկ Հարությունյանի քաղաքական հոտառությունը կորել է, եթե, իհարկե, այն երբևէ եղել է։

Նա դարձել է պաշտոնական Երևանի կցորդը՝ ցույց տալով, որ ամբողջովին զուրկ է ինքնուրույնությունից։

Չի բացառվում, որ Հարությունյանը «5–րդ ալիքը» փակել է Փաշինյանի ուղիղ հրահանգով, այլ ոչ թե սեփական «ենիչերիական» նախաձեռնությամբ։

Բոլորին է հայտնի, որ դա այն լրատվամիջոցն է, որը Արցախի հետ կապված իրական պատկերն է տալիս թե՛ բանակցային գործընթացի, թե՛ Փաշինյանի մոտեցումների մասին։

Եթե ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունների, Ալիևի հոխորտանքի ու Փաշինյանի կասկածելի քաղաքականության ֆոնին փակվում է «5–րդ ալիքը», ապա դա դավադրություն է Արցախի դեմ կամ դավադրության նախապատրաստում։

Ամեն դեպքում շատ սխալ է Հարությունյանի կողմից սեփական նախագահությունը սկսել լրատվամիջոցի հեռարձակումը դադարեցնելու որոշմամբ՝ չհաշված դրսի գործարարից թանկարժեք ամենագնաց ավտոմեքենա նվեր ընդունելու որոշումը։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի համար պետք է ամոթ լինի, որ «5–րդ ալիքը» փակելու իր որոշումը ողջունել ու գովազդել է ՀՀ–ում թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկ, բանակից թռնելու համար դատված ու սեփական մոր վրա ցուցմունք տված «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը, որի լրատվամիջոցը նախընտրական փուլում ամեն կերպ սատարում էր նույն Արայիկ Հարությունյանին։ Այն օրերին դա գնահատվում էր որպես առևտրային գործարք դասալիքի ու նախագահ դառնալու ցանկություն ունեցող կոմերսանտի միջև։ Հիմա պարզվում է, որ դա համատեղ գործունեության ծրագիր է եղել և կա։

Եթե Արայիկ Հարությունյանին թվում է, թե իր այս քայլերով կարողնալու է ոտքը պնդացնել ու Նիկոլին դուր գալ, ապա մոլորության մեջ է։ Դուր կգա, անշո՛ւշտ, բայց ոտքը չի պնդացնի, քանզի մեկը լինի Նիկոլի ոտքը պնդացնի։

Հարությունյանը դեռ կարող է հետ կանգնել բռնած ուղուց և իրեն նորմալ պահել։ Հակառակ պարագայում շատ վատ վիճակում կհայտնվի։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը