Կարծիք

03.06.2020 14:00


Եվ այդ մեկ մեղավորը դո՛ւ ես

Եվ այդ մեկ մեղավորը դո՛ւ ես

Նիկոլ Փաշինյանը բոլորին մեղավոր է հանում, ինքը դուրս գալիս անմեղ։ Խոսքը, ընդորում, միայն կորոնավիրուսը չէ, բոլոր հարցերում։ Ժողովուրդ, էս մարդը (պացիենտ) տապալել է մեզ տված բոլոր խոստումները, ու միշտ մեղավորը մենք ենք։

Վիրուսը տարածվո՞ւմ է՝ մեղավորը դուք եք, որ դիմակ չեք կրում։ Նիկոլ Փաշինյա՞նն է վարակվել կորոնավիրուսով, մեղավորն ինքը չէ, մատուցողն է։ Չե՞ք կարողանում ապրել, հեղափոխությունը ամեն բան արել է, որ ձեր գլխում եղած աղքատությունը հանեք, է հանե՛ք։ Արտագնա աշխատանքի չե՞ք կարողանում գնալ, մեղավորը դուք եք, որ գյուղատնտեսությամբ չեք զբաղվում, զբաղվելուց էլ կոկիկ չեք հագնված։ Խոստացված գործարանները չե՞ն բացվել, մեղավորը գործարանատերերն են։ Հայաստանում ներդրումներ չկա՞ն, մեղավորը Հրայր Թովմասյանն է։ Մաքսատան աշխատողին գործից հանե՞ց դրոշի պատճառով, մեղավորը հենց նա էր, որ դիմում գրեց, թող չգրեր։ Ռուսաստանն իր գազը Վրաստանի համար էժանացնում է, դաշնակից Հայաստանի համար թանկացնո՞ւմ, մե՞նք չենք կարողանում բանակցել, ոչ, մեղավորը Միլլերն է, Պուտինը, Ռոբերտ Քոչարյանը, վերջ ի վերջո։ Հարավկովկասյան երկաթուղու դեմ շինծու գո՞րծ ենք հարուցում, մեղավորը Ռուսաստանն է, որ չի հասկացել, որ դա «մասկի շոու» էր և լուրջ է ընդունել, փչացրել հարաբերությունները դրա պատճառով։ Խոստացած տնտեսական հեղափոխությունը չի՞ ստացվում, մեղավորը քաղաքացին է, որ ՀԴՄ կտրոն չի պահանջում։

Խոստանում էր՝ ոռոգման ջրի ու սերմացուի խնդիր չեն ունենա գյուղացիները, պարզվեց՝ ունեն, բայց մեղավորը գյուղացիք են, որ մտածողություն չեն փոխում, որ կոստյումներով ու բաբչկեքով չեն գնում հող մշակելու, որ ժամանակակից տեխնոլոգիաներով չեն մշակում։
Բնակչության թիվը պակասո՞ւմ է, մեղավորը սփյուռքահայությունն է, որ հայրենադարձ չի լինում։
Ամուլսարի հարցը չի՞ լուծվում, մեղավորը դարձյալ կորոնավիրուսն է, չնայած որ կորոնավիրուսը մի քանի ամիս է, որ կա, իսկ Ամուլսարի հարցը երկու տարի ձգվում է։

Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սիգարետի, զենքի, ադամանդի ապօրինի առևտրի մե՞ջ, մեղավորը նա չէ, Միքայել Մինասյանին ինֆորմացիա տվողներն են։ Արտակարգ դրությունը չեն հանում, ու դրա համար էլի դուք եք մեղավոր, որովհետև հենց հանեն՝ միտինգ կանեք։

Առաջ այս բոլոր խնդիրներն ունեին հասցեատեր՝ նախկին իշխանությունն էր, իսկ հիմա ժողովուրդն է։

Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որ ապացուցի՝ իշխանությունը մեղք չունի, մեղավորը ժողովուրդն է։

Իսկ ժողովուրդը իրոք մեղավոր է, քանի որ այսքանից հետո հանդուրժում է սրանց։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը