Մեկնաբանություն

29.05.2020 23:15


Ինքը ուր, Արցախի հարցը՝ ուր

Ինքը ուր, Արցախի հարցը՝ ուր

«Կիրթ և կառուցողական» Ալիևը հերթական «կիրթ և կառուցողական» հայտարարությունն է արել Արցախի հարցի ուժային «կարգավորման» մասին` շատ կիրթ և կառուցողական դեղին քարտ է ցույց տվել, թե բա`«աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում». երևի ուզում է ասել` աշխարհը չափից ավելի խառն է, աչք չի բացում կորոնավարակի դեմ պայքարից, ոչ ժամանակ ունի, ոչ էլ ցանկություն` զբաղվելու ճ կլասի հարցերով, ինչպիսին Ադրբեջանի ռազմական նոր արկածախնդրությունն է Արցախի դեմ։

Որպես «կառուցողականության» առհավատչյա, «բարի կամքի» դրսևորում, տարածքային պահանջներ է ներկայացրել մեզ` ափսոսանք հայտնելով, որ իր նախնիները «Իրևանը» սխալմամբ ձեռքից տվել են` «զիջել են» Հայաստանին։ Նիկոլի հե՛չ վեջը չէ։ Ում պետք է` նա՛ էլ թող խոսի։

«Կիրթ և կառուցողական» Ալիևը, «թեթ ա թեթ» հանդիպումների ժամանակ Նիկոլի հետ անցկացրած «պատմաքաղաքական լիկբեզը»` դաստիարակչական աշխատանքը, քիչ համարելով` մատչելի բացատրել է՝ ինչ է նշանակում հակամարտության փուլային կարգավորում, որից մեր Նազարը քաջաբար փորձում է տարանջատվել` անհեթեթ մտավարժանքներ անելով, զարգացնելով «փուլային-փաթեթային» ասածի հարաբերականության տեսությունը. շատ պարզ, կիրթ և քաղաքավարի ասել է` Լավրովը ճիշտ է, Նիկոլը և իր արտգործնախարարը`սխալ. բանակցությունների սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը, ու դա ամենևին էլ մեկ, երկու, երեք, չորս անգամ հանդիպելը և մեկ ժամ, 7 ժամ կամ 11 ժամ եղանակի, հակամարտության պատմության կամ «տերմինոլոգիայի» շուրջ խորաթա անելը չէ, ինչպես Նիկոլին թվում է, այլ` «առաջին փուլում հողերի մի մասն ազատելը»։

Ավելին` «կիրթ» Ալիևը ևս մեկ անգամ կրկնել է «տղամարդու իր խոսքը»` «այլ տարբերակ չկա», թող ոչ մեկը չկասկածի`Ադրբեջանի տարածքային ամբողջականության «վերականգնումն» այլընտրանք չունի. «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Ոչ բոլորովին կիրթ, բայց խելքից դուրս «կառուցողական» Նիկոլի վե՛ջը չէ։ Ինքը բանակցում է, «ինչ պետք է», և բացականչական նշան (ո՞ւմ է պետք` իրե՞ն, «կիրթ և կառուցողական» Ալիևի՞ն, Միացյալ Նահանգների՞ն, թե՞ էլի ինչ-որ մեկին, էական չէ). թող ոչ մեկը, ո՛չ «կառուցողական» Ալիևը, ո՛չ «ապակառուցողական» Լավրովը չփորձեն կաշկանդել իրեն` իրենց անպատեհ բացահայտումներով։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Արևելյան գործընկերության երկրների վերաբերյալ բացահայտ հակահայ, հակաարցախյան ձևակերպումներով մի բանաձևի, որով փաստացի զորակցությունն է հայտնում Ադրբեջանի «խախտված» տարածքային ամբողջականությանը և «այլ երկրների» կողմից «օկուպացված» տարածքներում սեփական ինքնիշխանությունն «ամբողջապես պարտադրելու» ջանքերին։ Էլի՛ Նիկոլի վեջը չէ։ Գուցե չգիտի էլ, որ նման բանաձև է ընդունվել. Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, և վե՛րջ. կարևորը` դիմակի գործը առաջ գնա...

Գերմանիայի կառավարությունը փակել է Արցախի arzach.ge կայքը և արգելափակել Արցախի ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Նիկոլի վե՛ջը չէ. ինքը ավելի կարևոր գործեր ունի` էլի ընկել է Սահմանադրական դատարանի հետևից։

Ֆրանսիան դադարեցրել է միջհամայնքային մակարդակով համագործակցությունը Արցախի հետ, Նիկոլի վե՛ջը չէ` իրե՞ն ինչ, թե նախորդ «հանցավոր իշխանությունների» արածը ջուրը կընկնի և երկարատև, հետևողական աշխատանքի արդյունքում «կաթիլ-կաթիլ» ձեռք բերված համաձայնություններն անվավեր կճանաչվեն։ Բա դա իրեն պե՞տք է. իր խնդիրը «ազատության» փրկագին չվճարած կամ քիչ վճարած «նախկիններին» պատկանող «ապօրինի» գույքը բռնագրավելու գործիքակազմն ընդլայնելն ու գործողության մեջ դնելն է` ամեն տեսակ «հակահեղափոխականների», սրանց այս կամ այն կերպ, թեկուզ հիպոթետիկ ենթադրությունների «տեսքով» փոխկապակցված անձանց կուլակաթափ անելը։

Ինքը հենց նրա համար էլ Նիկո՛լ է, որ ոչ մի բան «սրտին մոտ չընդունի», բացի սեփական բզիկներից ու սևեռուն մտքերից։ Ոչինչ չհիշի, ոչ մի բանի համար պատասխանատու չլինի, պատասխանատվություն չկրի ո՛չ իր ասածների, ո՛չ արածների, ո՛չ չարածների, ո՛չ չհաշվարկված խառնիփնթոր, փնթի որոշումների և քայլերի, ո՛չ դրանց հետևանքների համար։ Ինքը խոսում է`քամին տանում է, քայլ է անում, հետո փոշմանում, թքածը լիզում ու սահուն հետքայլ անում, կարծես երբեք չէր էլ արել։

Եվ դա «նորմալ» է. ո՛ր օրը սկսեց հիշել` ինչ է ասել մի տարի, կես տարի, 2 ամիս առաջ, նույն օրը ստիպված կլինի հրաժարական տալ ու վերադառնալ այնտեղ այնտեղ, որտեղից եկել է, որտեղ իր տե՛ղն է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը