Մեկնաբանություն

20.05.2020 23:20


ԻՆՔԸ ալֆան է և օմեգան, իր մասին` կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

ԻՆՔԸ ալֆան է և օմեգան, իր մասին` կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Ինքը պետությունն է...

Ինքը ժողովուրդն է...

Ինքը ալֆան է և օմեգան, ամեն ինչի սկիզբը և վերջը...

Ինչ կա-չկա էս արևի տակ, մի մարդ է որոշում, և այդ մարդը ինքն է...

Իրեն չի կարելի քննադատել...

Ինքը կասկածից դուրս է...

Ինքը խնդիր չունի, ո՛չ էլ պատրաստվում է հերքել, որ «տան վրա էրկու միլիոն դոլար են ծախսել, էլ, չգիտեմ`ինչ, է՛լ ինչեր են անում`ռեկետ են անում... Էսինչի գործ են անում, չգիտեմ` բանի, կոշիկի գործ են անում, բանի գործ են անում` նարկոտիկի գործ են անում, դիմակի գործում փայ ունի։ Տենց հերքելով ո՞ւր կհասնի... Վաղը կարող են ասել` մարդ ա ուտում բանի, ընդմիջման ժամերին, էն մյուս օրն էլ կասեն` չգիտես ինչ։ Հա, հողերը ծախեցին, բաները` փողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ»։

Ինքը երկու տարի ա, ամեն ինչ հերքում ա` ոչինչ չհերքելով։ Հո սաղ կյանքը` ջահել-ջիվան, հիմա էլ` արդեն կուշտ, չաղ և բախտավոր բարձրաշխարհիկ կյանքը ոչինչ չհերքելու վրա «ուգրոբիտ» չի՞ անելու։ Ով ուզում ա` հավատա, թող հավատա` «իրան հալալ ա». գլուխը քարը, ինչի կհավատա կամ չի հավատա։ Ինչի՞ պիտի հերքի այն, ինչը, շատերի համոզմամբ, անառարկելի ճշմարտություն է` ապացուցի, որ ուղտ չէ։ Թո՛ղ իր զոհերը` հանցագործ և թալանչի նշանակվածները, օրինակ` նույն Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները ապացուցեն, որ ուղտ չեն` չեն արել այն, ինչի մասին ինքը 20 տարուց ավելի գրում, խոսում և ցուցադրում է, միլիարդներ չունեն, բոլորի հետ «փայ չեն մտել» ու ազգային հարստության 99 տոկոսն իրենց գրպանում չէ։

Ինքը ուրիշ է ու չի վախենում ուրիշ (чужой) լինելուց։ Ո՛չ էլ մենակ մնալուց է վախենում։ Ում հետ պետք է` լավ էլ լեզու է գտնում. շատ «միասնական» է Ալիևի հետ։ Հետո՞ ինչ, որ շարունակական սուր, կարելի է ասել, թեժ հակամարտության մեջ է «ներքին թշնամու»` ամեն տեսակ դավադիրների, դավաճանների, սևերի, հակահեղափոխականների, հիասթափվածների, սերժական, քոչարյանական հանցավոր բանդաների հետ և աչքով աչք չունի` տեսնելու իրեն քննադատողներին։ Թողնես` բոլորին պատի տակ կկանգնեցնի, հերթով կգնդակահարի` աչքն էլ չի թարթի։

Կարևորը` որ «կիրթ և կառուցողական» Իլհամի հետ տարաձայնություններ չունի. միասին սիրտ-սրտի, միտք-մտքի, քիթ-քթի տված` աշխատում են Ղարաբաղի հարցը «Ադրբեջանի համար ընդունելի» տարբերակով լուծելու վրա։ Միակ «կետը», որտեղ էնքան էլ համամիտ չէ Ադրբեջանի սուլթանի հետ, Նժդեհի պատմական դերակատարությունն է. երբ, որտեղ կարողանում է, վիճաբանության մեջ է մտնում հետը` ինչպես «առկա», այնպես էլ հեռակա ձևաչափով, ու բանավեճի պատրանք ստեղծում։ Որ կողքից նայողը վատ բան չմտածի...

Ինքը, երբ «ընդդիմադիր» էր, տակից շատ արդյունավետ համագործակցում էր «կոռումպացված իշխանությունների» հետ, թուլափայ էր ստանում, ու մտածում է, որ նույնը անում էր «Լուսավոր Հայաստանը» (ԲՀԿ-ի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է` ԲՀԿ-ն միշտ էլ ինքնաբավ է եղել, թուլափայի չի սպասել. մի՛ բան էր ուզում`որ Ծառուկյանին հանգիստ թողնեն, շնչի վրա չնստեն, բիզնեսներին ձեռք չտան։ Բնականաբար` լոյալ կամ կառուցողական (վերահսկելի) ընդդիմադիր լինելու դիմաց)։

Պարզ է, չէ՞, ինչու։ Ինքն էր ասում` «յուրաքանչյուրը մտածում ա իրա փչացածության աստիճանի մասին», ասել կուզի` փչածացության չափով։ Իր փորձից գիտի. «Յուրաքանչյուրը ասում ա` ես որ վարչապետ լինեի, ի՞նչ կանեի։ Կդնեի, կդըմփըցնեի սաղին, որդե հնարավոր ա փայ կմտնեի, կգռփեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտի տակ կտայի, կլափեի, կթալանեի»։ Էդպես մտածելով` «ընդդիմադիր ժամանակ» քեֆը ինչ տալիս էր, գրում էր, ում հասցեին ինչ ուզում`ասում էր, աջուձախ «քֆռտում» էր նրանց, ում հետ ստվերային պայմանավորվածության չէր եկել, ստիպում ամեն օր հերքել, ապացուցել, որ ուղտ չեն։ Հերքում էին` բանի տեղ չէր դնում, չլսելու և չտեսնելու էր տալիս։ Չէին հերքում` հոգնում էին նույն բանը կրկնելուց, ասում էր` որ ասում եմ ուղտ եք, ո՛ւղտ եք, էլի։

Ինքը որևէ մեկին ինչ-որ բան համոզելու, արդարանալու պրոբլեմ չունի. շատ պե՞տքն է` ով ինչ կմտածի իր մասին, ինչին կհավատա, ինչին` չէ։ Համ էլ հիշողության հետ խնդիրներ ունի։ Օրինակ, չի՛ հիշում, որ ասել է` կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կքերենք, արաղով դեզինֆեկցիա կանենք, իզն ու թոզը չի մնա, ռեկետը, ծխախոտի «կանտրաբանդայի», դիմակի, չգիտեմ` է՛լ ինչ գործերում «փայ մտնելն» ինչի՞ պիտի հիշի, որ։

Ինքը էնքան ասելիք չունի, և էնքան մենակ է մնացել իր քայլարածների, հհշական ու սորոսական ախպերության հետ, էնպես է խճճվել իր ստերի մեջ, որ «Անասնաֆերմայի» հերոսի պես` միակ փաստարկը, «հաղթաթուղթը» նախկինների վերադարձով մարդկանց ահաբեկելն է։ Թե բա`«ով ուզում ա, թող հավատա «ազգընտիր վարչապետի» մասին «սուտ» լուրերին, «գնա, իր սիրելի իշխանությանը հետ բերի, ընդհանրապես երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ լուր չլինի, ամեն ինչը ճիշտ լինի»...

Հավատո՞ւմ եք` լա՛վ, չե՞ք հավատում`մեղքը ձեր վիզը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը