Մեկնաբանություն

15.05.2020 13:17


Ժամկետանց կառավարություն

Ժամկետանց կառավարություն

Ամեն օր ավելի է ամրապնդվում զգացողությունը, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունն աներևակայելի արագությամբ դառնում է ժամկետանց:

Այնպիսի տպավորություն է, որ «թավշյա» կառավարության անդամներն առանձին-առանձին, իսկ հետո՝ նաև միասին վերցրած, մասնակցում են «Օրվա (շաբաթվա, ամսվա, տարվա) ամենից անհեթեթ որոշում» մրցույթի՝ բոլոր անվանակարգերում մրցանակներն ստանալու անվիճելի հնարավորությամբ:

Չէ, ավտոբուս-միկրոավտոբուսների կամ հանրային տրանսպորտի «վերագործարկումից» մեկ շաբաթ անց շնչադիմակակրումը տուգանքի սպառնալիքով պարտադիր դարձնելու պատճառահետևանքային անկապության պահը կշրջանցեմ: Առանց այդ էլ, մի ամբողջ «Ֆեյսբուքի» հայագիր-հայախոս հատված, կներեք, «ղժժում» է դրա ու պաղպաղակ ըմբոշխնելիս դիմակ չկրելու հանճարեղ թույլտվության վրա: Կորոնավիրուսի դեմ պայքարողներ ունենք, աշխարհը չունի: Չնայած, չէ, ավելի ճիշտ է ասել՝ այնպիսի կառավարություն ունենք, որ Վրաստանից նայում ու նախանձից կանաչում են:

Իսկ եթե այնուամենայնիվ՝ լուրջ, ապա՝ եղած «թավշյա» իշխանությունն ու հասարակության աստիճանաբար ավելի մեծացող մասը արդեն ոչ միայն «տարբեր լեզուներով» են խոսում, այլև միմյանցից ավելի ու ավելի արագ հեռացող հարթություններում են հայտնվել:

Ու անխուսափելիորեն ծագում է այս ժամանակահատվածում հրատապությունը չկորցնող հարցը. մի՞թե սա էին երազում, այս էին ցանկանում, այս էին ակնկալում հազարավոր ու հազարավոր հայրենակիցներ, որ ընդամենը երկու տարի առաջ ոգևորությունից վուվուզել էին փչում, դըմփ ու հու անում կամ գիշերվա կեսին դատարկ կաթսա էին զարկում, մի խոսքով, անում այն ամենը, ինչը բնորոշվում էր որպես էյֆորիա: Խիստ կասկածում եմ, թե այդպես տոնախմբվողների ճնշող մեծամասնության ցանկացածն այս լիներ:

Ի դեպ, դատարկ կաթսաների մասին: Դրանք, արդարացնելով ժողովրդական խոսքը, բավականին բարձր նոտաներով էին զնգում-զրնգում: Այո՛, դատարկ տարաներից բարձր ձայներ են ելնում: Վերջերս փաշինյանական իշխանությունն էլ է բարձր ու ջղային ձայներ արձակում: Ու ոչ միայն ձայներ: Իշխանությունը բռունցքների է դիմում, ինչով ևս լիովին բացահայտում է իր գաղափարաքաղաքական սնանկությունը: Այնպես, որ նույնիսկ ամենավերջին, կներեք, «պողոսն» էլ դա տեսնի:

Սակայն թողնենք բազմաբարդ ձևակերպումները քաղաքական վերլուծաբաններին:

Պա՛րզ: Նույնիսկ պարզունակ թվացող դիտարկումներով խոսենք:

Մի՞թե կողքի շքամուտքից տիկին Վարսիկի երազանքը այն էր, որ իր 6-7 տարեկան թոռնուհին դպրոցից վերադառնա և տատին բացատրի, թե գոտկատեղից ներքև մարդու մարմնի վրա ինչ անցքեր կան ու ինչի համար են: Թե՞ հարևան Սոֆիկը, երբ շերեփը դատարկ թավային էր զարկում, երազում էր այն մասին, որ իր 10-12 տարեկան տղան պիտի մի օր գա և հայտարարի, որ ընկեր Լյուսիիի դասից հետո հասկացել է, որ ինքն իրականում աղջիկ է, այլ ոչ թե տղա:

Լավ, դա դեռ իր հերթին:

Տաքսու վարորդ, կարծես առհավետ բոլորից ու կյանքից դժգոհ Վաղինակը մի՞թե երազում էր «լիցենզիաների» ու «ծածուկ ծառայող գաիշնիկների» մասին, երբ իր «պայթած» «07»-ով երկու տարի առաջ ճամփա էր փակում:

Թե՞ սալիկագործ Պավլեն էր ցանկանում, որ վարչապետի մակարդակով հայտնի լինի, թե ՄՓՉԼ բանկում ինքն ինչքան փող ունի «թաքուն» հաշվի վրա ու դրանից էս ամիս քանի հազար դրամն է ծախսել կամ չի ծախսել էլեկտրական հոսանքի դիմաց վճարելու նպատակով:

Թե՞ «բաբնիկ Գարուշը» առաջներում անհանգիստ էր քնում, քանի որ պետական կառույցները չէին կարող հեռախոսով իրեն հետևել, իսկ հիմա երջանիկ է, որ համապատասխան ծառայությունները տեղյակ են, թե որտեղ է նա բնակվում և որտեղ՝ հանդիպում սիրուհու հետ:

Գուցե բակի զրուցատաղավարի մշտազբաղ-խորագետ հայրենակիցնե՞րն էին նման երազանքներ փայփայում: Նույնիսկ գնդակահարության պատի տակ հայտնվելու հեռանկարի սպառնալիքի դեպքում վստահ եմ, որ ո՛չ:

Ու հաստա՛տ, նրանց երազածն այն չէր, որ վարչապետը կրկնապատկված «կալոննա» ունենա, նախարարները եռապատկված աշխատավարձ ստանան, իսկ նրանց գործավարուհիներն ու պատգամավորներն էլ հավելավճարվեն:

Նրանք եթե երազանքներ ունեին էլ, ապա դրանց շարքում ամենից «չալաղաջ» ակնկալիքն այն էր, որ Նիկոլը «թալանածը խլի ու բաժանի սաղին»: Բայց նման երազանքներ ունեցողներն էլ արդեն երևի տեղյակ են, որ դրանք պատրանքներ էին, ու առհասարակ, աղքատությունն իրենց գլխում է: Իսկ «խլածն» էլ, նախարար-մախարարների պրեմիաների համար է, մի խոսքով նրանց համար, որ քայլելով հաղթահարել են աղքատությունը, բայց միայն կենցաղային պայմանների բարելավման իմաստով են հաղթահարել: Հա, ու հիմա էլ ճոխությունն են հաղթահարում:

Ի՞նչ անել: Իսկ ի՞նչ են անում ժամկետանց բաների հետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը