Մեկնաբանություն

09.05.2020 22:35


Ինչ վախեր էին ծիկրակում Նիկոլ Փաշինյանի ելույթի նյարդային ելևէջներից

Ինչ վախեր էին ծիկրակում Նիկոլ Փաշինյանի ելույթի նյարդային ելևէջներից

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ի «եզրափակիչ ելույթը», որպես դրսևորում համաչափ բացասական էր, ինչպես դրանից ժամեր առաջ նույն դահլիճում տեղի ունեցած «քուչի կռիվը», որին էլ, ըստ էության նվիրված էր նյարդային տոնայնությամբ նրա ճառը:

Այդ ելույթի շեշտադրումները պայմանականորեն կարելի է մի քանի հատկանիշով դիտարկել՝ ձևական, բովանդակային, «մեսիջային»:

Օրինակ, զուտ ձևական էին բռնությունն ու ԱԺ-ում երեկ արձանագրված խայտառակ միջադեպը դատապարտելու մասին նրա հայտարարությունները: Այդ «դատապարտումների» մասին նրա խոսքը առավել քան կեղծ է հնչում, հատկապես այն խորապատկերում, որ նույն ելույթում, իրեն բնորոշ ոճով սկսեց արդարացնել և նույնիսկ խրախուսել բռնություն գործադրելը:

Երբ համադրում ես, ելույթի համապատասխան մասերը, ստացվում է, մոտավորապես հետևյալը՝ հա, վատ բան է եղել, ամոթ է, «մեր պարտությունն է», բայց լավ է արել Սասուն Միքայելյանը, որովհետև Էդմոն Մարուքյանն ու «Լուսավորն» իրենց լավ չեն պահում, շարունակ հոգեբանական բռնության են ենթարկում մեծամասնությանը: Ասել կուզի, «դուք եք առաջինը բռնությունն սկսել ու պատասխան եք ստանում»: Այս մանկապարտեզային, եթե չասվի պատանեկան պրիմիտիվ մոտեցումն էր դրված Փաշինյանի այդ շեշտադրումներում:

Ավելին, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեց որպես ընթացիկ պահի թիվ 1 հակահեղափոխական: Թե այդ «դափինիները» նրան քանի օր կզարդարեն, դժվար է ասել: Ամեն դեպքում, Մարուքյանի վրա սևեռվելը կարող է և այն բացատրությունը կամ պատճառն ունենալ, որ վերջինս Փաշինյանի կողմից ընկալվում է որպես իր «պահեստային» տարբերակ: Նրանք, հիշեցնենք, ընդամենը մի երեք տարի առաջ, միմյանց հասցեին ինչ ասես՝ ասելուց հետո, դաշինք կազմեցին, «հանցավոր ռեժիմի» օրոք, երբ ընտրությունները ծայրեծայր կեղծվում էին ու պատգամավորական քվոտաներն էլ Բաղրամյան 26-ից էին սահմանում (սրանք բոլորը նիկոլական քարոզչական թեզերն են), իրենք՝ Փաշինյանն ու Մարուքյանը, նաև Արամ Սարգսյանը, դաշինքով հայտնվեցին նախորդ գումարման ԱԺ-ում: Այժմ Փաշինյանը ինչ-որ ռեալ վտանգ է զգում Մարուքյանի կողմից, ուստի խնդիր է դրված ամեն կերպ «խփել» նրան, այդ թվում՝ ետևից: Դրանից Մարուքյանը շատերի համար ավելի համակրելի կերպար չի դառնում, բայց տվյալ դեպքում հարցն այդ չէ:

Հատկանշական է, որ կատարվածի մեղքը Փաշինյանը բարդեց հենց Մարուքյանի վրա, թե՝ ինչու նա ամբիոնի մոտից ելավ ու թափով մոտեցավ Սասուն Միքալեյանին, ու՝ «դա սադրանք էր»: Այո՛, շատ տարիներ առաջ, նյարդային տոնայնույթամբ ելույթներ ունեցող, պատմությանը հայտնի մի առաջնորդ կար, որ հատկապես Լեհաստանի վրա հարձակումը ներկայացնում էր որպես պատասխան՝ սադրիչ գործողություններին:

Մեծ հաշվով, եթե խորհրդարանի դահլիճից դուրս նայենք, ապա Նիկոլ Փաշինյանի համար հիմնական «սադրանքն» այն է, որ առհասարակ գոյություն ունեն ընդդիմադիրներ կամ թեկուզ այլ կերպ մտածողներ և, ո՜վ սարսափ, իրեն չփառաբանողներ:

Բովանդակային հետաքրքրական հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, թե խիստ սրտնեղած է, որովհետև իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը հոգեբանական բռնության են ենթարկվում, անգամ, ասաց՝ ֆիզիկական հաշվեհարդարի ու սեռական բնույթի սպառնալիքներ են հնչում իշխանական պատգամավորների հասցեին: Բայց մի րոպե: Եթե կա կոնկրետ պատգամավոր, ում կոնկրետ ոմն մեկը նման սպառնալիք է տվել, ապա տվյալ անձի նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի: Բոլոր իրավապահ և քննչական մարմինները Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ են, եթե չասվի՝ կրնկի:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին դրա համար ինքն իրեն պետք է «շնորհակալություն» ասի, որովհետև ստանում է այն, ինչը տարիներով ինքն է ուրիշների հանդեպ արել, խրախուսել, հրահրել: Բոլորի հանդեպ մաղձ ու ատելություն շնչելը իր ամենամեծ ձեռքբերումն է, և մեր երբեմնի հասարակության ջախջախիչ պարտությունը:

Շատ ավելի հետաքրքիր է երեկվա նրա ելույթի «մեսիջային» բաղադրիչը:

Երեկ կատարվածն ու հատկապես Փաշինյանի ելույթի ոճն ու շեշտադրումները գալիս են լրացնելու այն հիմնավոր կասկածները, որ նրա գլխավորած բավականին խայտաբղետ իշխանական խմբի շարքերում լուրջ խնդիրներ կան, խմորումներ և «անջատողական» տրամադրություններ:

Նման ագրեսիվ երևույթները, ինչպես ֆիզիկական բռնության դիմելը, այնպես էլ ԱԺ ամբիոնից նման տոնայնույթամբ հերթական ելույթը, թերևս, խնդիր ունեն համախմբել սեփական խայտաբղետ թիմը, հնարավորինս չեզոքացնել ապակենտրոն միտումներն ու տրամադրությունները:

Մոտավորապես նույն խնդրի լուծմանն են ուղղված շարունակաբար Ալեն Սիմոնյանին առաջին պլան բերելը: Նա մեկ նույն Մարուքյանի հետ է ԱԺ-ում լեզվակռվի մեջ մտնում, մեկ փողոցում է կռվի մեջ մտնում, և առհասարակ, վերջին շրջանում շատ ավելի ակտիվ է, քան մյուս «քայլականները»: Այս դեպքում, իհարկե, զուգահեռ այլ «մեսիջ» էլ կա՝ ուղղված «քայլաշարքերին», որ ամեն կերպ ցույց տան, դրսևորեն, ապացուցեն իրենց նվիրվածությունն առաջնորդին:

Դա վախի արտահայտություն է: Խոր թաքնված վախի: Ինչպես վախի արտահայտություն են ջղագրգիռ ու նյարդային, բառային ագրեսիայով համեմված ելույթները, ամեն մի իրադարձության ետևում հակահեղափոխություն փնտրելը, պահպանության մեծ ուժերով տեղից՝ տեղ շարժվելը: Հիմնական վախը այդքան բաղձալի իշխանությունը կորցնելն է: Ու դա վերացական զգացողություն չէ: Ակնհայտ է, որ բախվելով լուրջ խնդիրների և, մեծ հաշվով, բացահայտ դրսևորելով կառավարչական անկարողություն՝ Փաշինյանի իշխանությունը և ինքը՝ Փաշինյանը լուրջ կորուստներ ունեցան հանրային աջակցության առումով:

Այստեղից էլ՝ այն ագրեսիան և նյարդայնությունը, որ ուղղակիորեն հորդում է գործող իշխանության ղեկավար-ներկայացուցիչներից, առաջին հերթին՝ Փաշինյանի ելույթներից, իսկ մյուսների դեպքում նաև՝ պահվածքից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը