Մեկնաբանություն

06.05.2020 00:10


Քաղաքական «փասիանս»` չկայացած հյուրանոցային գործարքի մոտիվներով

Քաղաքական «փասիանս»` չկայացած հյուրանոցային գործարքի մոտիվներով

Նիկոլ Ահեղն էլի խառն է` շա՜տ խառը... Ավազի վրա կառուցված «թավշյա» խմբապետությունը (քայլիշխանությունը, անձնիշխանությունը` ինչպես կուզեք) փլվում է, ու չգիտի` ինչ անել, ինչպես կանխել «իմպերիայի» անկումը, առատության եղջյուրից գլխին թափվող մարտահրավերներից ո՞ր մեկին դիմակայել։

Ոչ այն է`կասեցնի կորոնավիրուսի դեմ պայքարը «վերևից ներքև» ձախողելու պատճառով սասանված վարկանիշի հետագա փլուզումը`«մուտիտների և կռուտիտների» հերթական դոզան նետելով ասպարեզ (մարդկային կորուստների հետ արդեն հաշտվել է), ոչ այն է` փրկի կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի «միֆը», որով կերակրում էր իր զոմբիներին, դարձի բերի «հիասթափվածներին», որոնց թիվը, ինչպես ինքն է խոստովանում, երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է։

Ոչ այն է`կուլակաթափության և սեփականության վերաբաշխման անվերահսկելի գործընթացը «հորով-մորով անի» հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով, ոչ այն է`նոր գործեր սարքի սրա-նրա գլխին և տիրություն անի արդեն կարված` նախաքննության կամ դատաքննության ընթացքում գտնվող կիսամեռ («ո՛չ սաղ, ո՛չ մեռած») գործերին, ոչ այն է`չեզոքացնի ներիշխանական կենտրոնախույս տրամադրությունները։ Արցախյան կարգավորման գործընթացում հասունացող փոթորիկները սանձելու մասին արդեն չենք խոսում։

Մարդը հայտնվել է «ցուգցվանգի» մեջ. հասկանում է, որ ինչ էլ անի, իր դեմ է շուռ գալու, ու որոշել է կտրուկ շարժումներ չանել` իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։ Ընդորում, եթե տեղ-տեղ բնազդաբար` պայմանական ռեֆլեքսով, դեռ «բզբզում» է` փորձում է ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների զարգացման վրա, Արցախի հետ կապված` ընդհանրապես կենդանության ոչ մի նշան ցույց չի տալիս։ Դա իր «ձիուկը» չէ։ Իր «ձիուկը» կոռուպցիայի դեմ պայքարի փուչիկը փչելն է, բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ։ Մասնավորապես, Միքայել Մինասյանի մասով։

Մինասյանը խառնեց Փաշինյանի «խաղաքարտերը»` անսպասելիորեն եթեր մտնելով և պատմելով Հռոմի լավագույն հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջնորդավորված բանակցությունների մասին։

Չիմանալով`ինչպես դուրս գալ սկանդալային այս պատմության տակից՝ Նիկոլ Իջևանցին չի շտապում շանթ ու որոտ արձակել հակառակորդի վրա. առաջին պլան է մղել խորհրդարանում և Ֆեյսբուքում կատաղորեն հաչող, կծող իր «վեցնոցներին»`ծանծաղամիտ Ալենի և ՍԾյոպիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Վանեցյանը նույնպես դեռ չի ասել իր հեղինակավոր կարծիքը, թեև ամիսներ առաջ անուղղակի հաստատել էր Մինասյանի առաջ քաշած վարկածը` ասելով, որ Նիկոլի հանձնարարությամբ է հանդիպել հետը` Նիկոլի առաջարկած օրակարգով. սա թերևս այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան է։

Իհարկե, Փաշինյանը բարդույթներ չունի`ցանկացած պահի կարող է «սուխոյ ատկազ» գալ, ի լուր ամենքի հայտարարել, որ «օբյեկտը» ստում է։ Բայց, դատելով ամենից, չկշռադատված հայտարարություններից խուսափելու լուրջ պատճառ ունի, որի մասին «զգուշորեն» ակնարկեց թիվ 1 աներձագն իր հայտնի գրառման մեջ, որտեղ Արթուր Վանեցյանին մեղադրում էր, ոչ ավել, ոչ պակաս, ԱԱԾ տնօրենի պաշտոնը օտարերկրյա գործակալի «գործառույթների» հետ համատեղելու մեջ։ Եվ, ի շարս «հետաքրքիր այլ հարցերի», այսպիսի հարցադրում արեց.

«Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում` նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»։

Խնդիրը միայն այն չէ, որ Փաշինյանն աներձագի միջոցով չքմեղանում էր` փորձում էր ներկայացնել այնպես, թե Վանեցյանն էր Մինասյանից «հարստություններ շորթում»` ինքը էդ գործում չկա ու չի եղել։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը կասկածներ ունի, թե Մինասյանի հետ բանակցություններն էլ կարող էին գաղտնալսվել, ինչպես իր և Վանեցյանի, Վանեցյանի և ՀՔԾ-ի Սասունի հեռախոսազրույցները։ Եթե այդ կասկածներն անհիմն չեն (դե, Վանեցյանը հո չէ՞ր կատակում` դեղին քարտ ցույց տալով Նիկոլին և զգուշացնելով, որ «կոմպրոմատներների փաթեթը» հուսալի ձեռքերում է), այդ գաղտնալսումների հրապարակայնացման դեպքում, մեղմ ասած, անհարմար վիճակում կհայտնվի։ Դրա համար էլ ձայն չի հանում։

Ինչո՞վ կվերջանա քաղաքական այս «փասիանսը»` կապրենք, կտեսնենք։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը