Մեկնաբանություն

28.04.2020 22:30


Երբ քանդող տեսակն ընդդիմության մեջ չէ, այլ իշխանության ղեկին

Երբ քանդող տեսակն ընդդիմության մեջ չէ, այլ իշխանության ղեկին

Երևանի ավագանին որոշել է լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն։

Լուծարվեցին մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքներ իրականացնող 11 ընկերություններ։

«Շանգրի լա» խաղատունը փակվելու շեմին է։

Յուքոմ-ի սեփականատերերին` Խաչատրյան եղբայրներին, վարչահրամայապետի մակարդակով ստիպում են ջրի գնով վաճառել ընկերությունը։

Վերջին երկու օրվա լրահոսից առանձնացված ոչ լրիվ այս խճանկարը ցույց է տալիս, թե ինչպես են Փաշինյանն ու իր դրածոները քայլ առ քայլ հագուրդ տալիս գոյություն ունեցող կայացած կառույցները, համակարգերը «վարի տալու» անհագ ցանկությանը։

Նույն տրամաբանության մեջ էր օպտիմալացման անվան տակ գյուղատնտեսության, մշակույթի, էներգետիկայի նախարարությունները լուծարելու և «անվճար լրացման» կարգով այլ գերատեսչությունների կցելու որոշումը։ Գործող կառույցները կազմալուծելու «թավշյա» մսաղացի` «հինը քանդելու» մոլուցքի զոհ դարձան Հակահամաճարակային ծառայությունը, ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը, գիշերօթիկ դպրոցները, ծննդատները, մանկատները։ Ծերանոցները դեռ չեն լուծարվել, բայց դրանց հերթն էլ կգա։

Ինչպես 90-ականներին ժողովրդի ուսերի վրա իշխանության եկած հհշական վարչախումբը Սովետից ժառանգած «30 միլիարդ դոլարանոց» տնտեսությունը հողին հավասարեցրեց ու փոխարենը ոչինչ չստեղծեց` իրենից հետո միայն ավերակներ թողնելով, այնպես էլ «ՀՀՇ-ի մնացուկ» (թափթփուկ, թերմացք` ինչպես կուզեք) Փաշինյանն է կազմաքանդում այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկնում, «կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար» ասելով` ոչնչացնում կայացած կառույցները։ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է «հաջողակ բիզնեսն» ավերել և դարձնել առ ոչինչ, նույնը մտադիր է անել մյուս «հաջողակ բիզնեսների» հետ, որոնց վրա աչք է դրել`մտցրել է բռնագրավման ենթակա օբյեկտների սև ցուցակի մեջ։

Նույնը պատրաստվում է անել Սահմանադրական դատարանի հետ. շտապում է կոտրել «կորոնավիրուսի ողնաշարը» և «վերադառնալ բնականոն կյանքի»` գոնե խոսքով, որ օր առաջ ի կատար ածի ՍԴ դատավորներին տուն ուղարկելու երազանքը և փոխարենը ստեղծի ոչինչ` վնգստացողների դատարան, որ ԲԴԽ-ի օրինակով սուսուփուս` առանց աչքը թարթելու, կկատարի իր անօրինական հրահանգները և ցանկությունները։

Նույն կերպ որոշել է «կարգավորել» հարաբերությունները Հայ Առաքելական Եկեղեցու հետ. ասում է` «Եկեղեցի-պետություն հարաբերությունների հին կարծրատիպերն» իրենց չեն արդարացնում. պետք է քանդել, նորից սարքել։

Նույնը` լրատվամիջոցների դեպքում. «լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը ծախված են նախորդ կոռումպացված իշխանություններին» ասելով`պատրաստվում է կտրել դրանց «քոքը» (ֆինանսավորման աղբյուրները) և իր դռանը վնգստացող լրատվամիջոցների «անկախության» թավշյա մեխանիզմներ հնարել։

Նույնը արտաքին քաղաքականության ծիրում։ Զրոյացրել է հարաբերությունները գրեթե բոլոր արտաքին գործընկերների հետ։ Բոլորի հետ հավասարը հավասարի պես հարաբերվելու կարգախոսը «հեծած»` դաշնակից Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումները հասցրել է շրիշակի մակարդակի։ Հասել է նրան, որ իր ընտանեկան թերթի միջոցով ՌԴ արտգործնախարարին մեղադրում է իրեն «պոդնոժկա տալու»` «ընդդիմությանն օգնելու» մեջ։ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ առհասարակ չի շփվում` «և՛-և՛»-ի քաղաքականությունը «հաջողությամբ» տեղափոխել է «ո՛չ-ո՛չ»-ի դաշտ։

«Արդյունքը» ցնցող է. վերջին 20-22 տարիներին առաջին անգամ Ռուսաստանի նախագահը որևէ կերպ չանդրադարձավ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ, «ժողովրդի սուպերվարչապետին» թողած` ցավակցական ուղերձ հղեց «հավերժ բացակա» Արմեն Սարգսյանին։

Նույնը` Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։ Երկու տարի է` ինքն ու իր արտգործնախարարը ինտենսիվ բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափով, թե՛ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բայց երդվում են, որ բանակցություններ չկան` կան քննարկումներ, այն էլ ոչ թե կոնկրետ փաստաթղթի, այլ կարգավորման «առանձին տարրերի» շուրջ։ Ռուսաստանից շառաչուն ապտակ ստանալով`իրենց «շլանգի տեղ» են դնում, թե բա` ի՜նչ փուլային կարգավորում, ի՜նչ բան, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել։ Բանակցությունները մտցրել են փակուղի, և դա ներկայացնում են որպես «աննախադեպ հաջողություն»։ Որն է բանակցությունների այլընտրանքը` երևի պետք չէ հիշեցնել։

Այդպես է և այդպես լինելու է բոլոր բնագավառներում, քանզի Փաշինյանի տարերքը («ինքնությունը») քանդելն է։ Եթե պետք է քանդել ինչ-որ բան` խնդրե՛մ, պրոբլեմ չունի` տեսեք, ի՜նչ հաճույքով է խոսում այս կամ այն համակարգը, այս կամ այն կառույցը փլուզելու, ընդհուպ`իր կողմից ղեկավարվող պետական ապարատի «դիմադրությունը կոտրելու» մասին, ինչպե՜ս էր երազում նախակորոնավիրուսային հին աշխարհը քանդել ու դրա ավերակների վրա կորոնավիրուսահեն նոր տնտեսություն կառուցել։

Տեսակի հարց է` ոչինչ չես կարող անել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը