Մեկնաբանություն

23.04.2020 22:24


«Քաղաքացու օրն» էլ օր չէ

«Քաղաքացու օրն» էլ օր չէ

Աչքիս քայլարածներն էլ են տեղը բերել, թե ինչ ղալաթ են արել երկու տարի առաջ, գլխներիս ինչ փորձանք են բերել`քիթը խոթելով այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ. ոչ մի ոգևորություն` «քաղաքացու օրվա» առթիվ, էնտուզիազմի ոչ մի նշույլ։

Ազգի «պապաներից» ո՛չ մեկը` ո՛չ «հեղափոխության մեսիան», ո՛չ իր նազիր-վեզիրները, չհիշեց օրվա «խորհուրդը», բաժակաճառ չարտասանեց, չխմեց «նախկին կոռումպացված իշխանությունների» կամ, ինչպես հեղափոխական հին գվարդիայի գեներալիսիմուսը կասեր` ավազակապետության դեմ պատմական հաղթանակի կենացը. բազմաչարչար հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող` Արցախյան ազատամարտից ավելի «կարևոր», ավելի «նշանակալի», ավելի «հաղթական» մի հանգրվան, որի մասին արդեն իրենք էլ չեն ուզում հիշել։

Եվ դրա պատճառը միայն նոր (թավշյա վերնախավից էլ նոր) կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը չէ։ Ո՛չ էլ այն, որ ապրիլի 23-ն ավանդաբար նշանավորվում էր Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերի երթով, և սիրուն չէ ապրիլի 24-ի նախօրեին թեկուզ «հեռավար» ծափ-ծլնգոց, գըմփ-գըմփ-հու անել` տոնելով «հպարտ քաղաքացու» օրը, որի անունը կա` ամանում չկա։ Համենայն դեպս, մի տարի առաջ դա բոլորովին չխանգարեց` Երևանի կենտրոնը դարձնելու խորովածանոց`բաց երկնքի տակ, ու «նեղ շրջանակով» ուտել-խմել, քեֆ քաշել`էստի համեցեք անելով «տոնին» անհաղորդ պողոսներին, կոչ անելով միանալ հընթացս հորինված թավշյա բոլոլային։

Իհարկե, քաղաքացիներից քչերն արձագանքեցին հրավերին, բայց բյուջեից դուրս գրված կլորիկ գումարները, առանց մրցույթի, բանի «հաղթող ճանաչված» մի կազմակերպության հերոսական ջանքերով, ծառայեցին իրենց նպատակին. Փաշինյանը կարողացավ ցույց տալ իր խոհարարական հմտությունները, Իջևանի խոզի խորոված անուշ արեց, լիմոնադ խմեց, լայվ մտավ, սելֆիներ արեց, մի խոսքով, շփվեց «հպարտ քաղաքացու» հետ, այնպես, ինչպես ինքն է կարողանում դա անել։

Այդ հիշարժան օրից ընդամենը մի տարի անց «հեղափոխական վերնախավը» քաղաքացու տոնը հիշելու, չեղած բաների մասին խոսելու, «հաղթական ապրիլի» մոտիվներով էժանագին շոուներ սարքելու ո՛չ սիրտ ունի, ո՛չ հավես. գիտեն, որ այդ հեքիաթներին էլ ոչ մեկը չի հավատում, ու կենտրոնացել են ապրիլքսանչորսի զոհերի հիշատակի արարողությունների վրա` կամա-ակամա մատնելով իրենց համակած տխուր խոհերը և մտահոգությունները։

Իրողությունն այն է, որ «սիրո և համերաշխության թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» 2018թ. ապրիլի 23-ին մեռավ` դեռ չսկսված։ Շունչը փչեց, կնքեց իր մահկանացուն`ճիշտ այն պահին, երբ, այլևս սպառված համարելով «Սերժին մերժելու» օրակարգը, որով հպարտ քաղաքացիներին բերեցին հրապարակ, ջանասիրաբար լվացին ուղեղները, արդուկեցին, պողոսացրին ու դարձրին ամբոխ, պարզեցին «Նիկոլ վարչապետ» կարգախոսը։ Ու... Հայաստանը դարձրին որբի գլուխ` պետական ինստիտուտները քանդելու հեղափոխական տեխնոլոգիաների փորձարկման լաբորատորիա, որտեղ էլ մինչև հիմա անցկացնում են իրենց հակագիտական, հակաքաղաքագիտական, հակաիրավական-հակասահմանադրական «էքսպերիմենտները». դատավորների «վեթինգ», Սահմանադրական դատարանի «բռնագրավում» օպերացիա, «ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձում» կամ, որ նույնն է, բռնազավթում, բանկային գաղտնիքի լիկվիդացիա, և այլն, և այդպես շարունակ։

Թե այս ամենից ինչ կստացվի` ինչ հրեշներ դուրս կգան այդ լաբորատորիայից, ինչի կբերի բազմաթիվ անհայտներով լի ինքնաոչնչացման այս «գործընթացը», եթե շաբաթն ուրբաթից շուտ չգա` համարժեք հետևություններ չանենք «հեղափոխական վայրիվերումների» երկու տարվա պատմությունից, ու սրանց չուղարկենք գրողի ծոցը` այնտեղ, որտեղից եկել են, դժվար է ասել։

Բայց որ «քաղաքացու տոնը» տոն չէ` դրան ինչ անուն ասես կարելի է տալ` «Պողոսի տոն», «ֆեյք հեղափոխականի տոն», «ստահոդ ֆեյք հեղափոխության հաղթանակի օր», «մանիպուլյացիայի օր», միայն` ո՛չ «քաղաքացու տոն», անզեն աչքով էլ տեսանելի է։

Աստված հոգին լուսավորի, ինչպես ասում են...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը