Մեկնաբանություն

08.04.2020 23:35


Փաշինյանի «թիմային» խնդիրներն ու հնագույն տեխնոլոգիաները

Փաշինյանի «թիմային» խնդիրներն ու հնագույն տեխնոլոգիաները

Բավականին ուշագրավ ու նաև խոսուն է այն փաստը, որ «լայքալայվում» ամենից շատ հավանություն ստացել էր Նիկոլ Փաշինյանի թիմի վերաբերյալ հարցը: Դե, հեռակա «ասուլիսի» նախաձեռնողը՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ուղիղ միացմամբ անդրադառնալու է իր այդ գրառման տակ տրված այն հարցերին, որոնք ամենից շատ հավանություն կամ լայք կստանան:

Թե ինչպե՞ս են նման դեպքերում կազմակերպվում «լայքերը», արդեն պարզ է սոցցանցերից օգտվող գրեթե յուրաքանչյուրին: Դա, որոշակի իմաստով, կառավարելի գործընթաց է: Ենթադրելի է նաև, որ եթե Փաշինյանն ինքը նման հարցի ավելի ճիշտ՝ այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն չունենար, ապա համապատասխան գրառմանն այդքան հավանություն չէր էլ տրվի:

Ամեն պարագայում, հետաքրքիր է բուն հարցը, որ բոլոր մյուսներից շատ՝ 6700 հավանություն է ստացել, այդ թվում՝ 350 «սրտիկ» և միայն 92 «ջղայնիկ»: Իսկ հարցը, որ հնչեցրել է քաղաքացի, լուսանկարիչ Էդգար Հարությունյանը, մասնավորապես հետևյալն է. «Պարոն Փաշինյան, չեք կարծո՞ւմ, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել: Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»:

Նախ, նկատենք, որ չնայած բուն շեշտը դրված է ԱԺ մեծամասնության ու «Իմ քայլը» խմբակցության կազմը փոխելու վրա, վարչապետի ընդհանուր թիմին էլ է ասվածն առնչվում: Երկրորդ, եթե այս հարցը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում 6700 «լայք» է ստանում, առնվազ նշանակում է որ.

ա) այդ թվում Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցներ համամիտ են նման հարցադրմանը, հարցի հեղինակն իրավացի է, երբ նշում է, որ շատերը հիասթափվել են, մի խոսքով՝ հարցն ու որոշակի առումով՝ հանրային ակնկալիքն ակտուալ են,

բ) Փաշինյանն ինքն էլ է ցանկանում, որ այդ թեման շոշափելու ևս մեկ առիթ լինի:

Եվ ահա, արդեն «լայվի» մեկնարկին, առաջինը հենց այդ «լայքաչեմպիոն» հարցին է անդրադառնում:
Ասելիքը, Նիկոլ Փաշինյանի, ո՛չ բովանդակությամբ, ո՛չ տեխնոլոգիական կառուցվածքով թարմությամբ առանձնապես չի փայլում, այնպես, նույնիսկ ոչ՝ «երկրորդ թարմության թառափ»: «Լայվի» տեսանյութը կա, ամենից առաջին հարցն է ու առաջին պատասխանը (մոտ 5 րոպե), ցանկացողները կարող են մեկ անգամ էլ ըմբոշխնել կոնկրետ պատասխանն՝ առանց միջամտությունների:

Այստեղ ընդամենը համառոտ նշեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղմորեն հակադարձում է հարցի շեշտադրմանը, թե՝ դե պառլամենտ է, «պաղլե»-ի, այն է՝ խոսելու համար ու վայր է՝ խոսում են, թե՝ հպարտանում է իր «Իմ քայլը» խմբակցությամբ, թե՝ նրանց ընդամենը մի բան է պակասում, որ գաղափարական հենքով կուռ ու միասնական դառնան և այլն: Հիմնականը՝ արտաքուստ լիովին պաշտպանում է «իր թիմն» ու թիմակիցներին: Բայց դա միայն շղարշն է:

Սա այն դեպքերից է, երբ հարցը պատասխանում ասվածից ավելի կարևոր է:

Իսկ «տեխնոլոգիան» իհարկե, հնագույն է, այսինքն՝ «բարի թագավորի ու չար բոյարների» հեքիաթի վերարծարծումը: Իբր՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, բանիմաց է, գործունյա ու բարձրակարգ, այդ «բոյարները»՝ պատգամավորները, նախարարները, ենթականերն են վատը: Այդ իմաստով ոչ միայն նորության չկա, այլև վերից՝ վար հնություն է:

Եթե կուզեք, նման մղումները բնորոշ են իրենց իսկ թիմի ու քաղաքական շրջապատի հաշվին լրացուցիչ ինքնահաստատվելու մշտական կարիք զգացող, որոշակի թերարժեքության բարդույթ ունեցող գործիչներին:

Բայց այստեղ ուշագրավ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն չի հակազդում, թե, օրինակ, հարցը արմատապես սխալ է դրված, թե՝ նման բան չկա, թե՝ իր թիմը լավագույն թիմն է, որ կարող է երազել որևէ կառավարիչ, թե՝ ինքն ինչի հասել է՝ թիմի շնորհիվ է և այլն: Հակառակը, ավելի շուտ նկատվում է այնպիսի մոտեցում, որ թիմը կա ու հանրության ողորմածությունն ու բյուջեից տրվող պրեմիաները վայելում է զուտ այն բանի շնորհիվ, որ կա ինքը՝ թիմապետը: Շատ թափանցիկ է ակնարկը (նամյոկը) առ թիմակիցներ, թե՝ լսեք, դուք կաք, քանի որ կա ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, իր հաշվին կան: Այսինքն՝ հանկարծ մտքներովդ չանցնի՝ «խաղեր տալ», հա՜:

Ամեն դեպքում, դա էլ է հետաքրքիր, նկատի ունեմ ներթիմային հովերը, հովիկները և ինտրիգները: Դրանք անպակաս են ցանկացած իշխանության ներսում: Բայց «թավշահեղափոխական» իշխանության դեպքում անխուսափելի են ու, կանխատեսելի է, որ դեռ իրենց շատ ավելի ցցուն դրսևորումներն ունենալու են: Այլ բան որ չլինի, «սաբոտաժնիկների» թեմայի շարունակական շրջանառումները, թաքնված «հակահեղափոխականների» վերաբերյալ իրենց իսկ մտասևեռումները, հիվանդագին կասկածամտությունն իրենց սև գործը արել են, անում են, կանեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը