Մեկնաբանություն

31.03.2020 16:26


Փաշինյանը Լուկաշենկոյի հետ հակապուտինական կոալիցիա՞ է ձևավորում

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ հակապուտինական կոալիցիա՞ է ձևավորում

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև։

ՀՀ կառավարության կայքն ավելի ո՛ւշ տվեց լուրն այդ մասին։ Բայց դա չէ էականը։ Էականը շեշտադրումներն ու ձևակերպումներն են։

Բելառուսական կողմը հատուկ շեշտել է, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը Փաշինյանինն է եղել։ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ դա բացակայում է (հավանաբար չեն ուզեցել պողոսների մոտ ցույց տալ, որ «դուխով» վարչապետը սեփական նախաձեռնությամբ է խոսել Փաշինյանին քամահրանքով վերաբերող Լուկաշենկոյի հետ)։

Հաջորդ դետալը՝ ամենակարևորը։ Լուկաշենկոյի կայքը նշել է, որ Փաշինյանի հետ խոսել են Ռուսաստանից ներմուծվող ածխաջրածնային վառելիքի գնի մասին։ Խոսել են բնական գազի գնի մասին և արձանագրել, որ Ռուսաստանն իրենց բարձր գնով է այն վաճառում։ Երկու երկրների ղեկավարներն, ըստ բելառուսական կողմի, արձանագրել են, որ ռուսական գազի գինը միջազգայինին չի համապատասխանում և ստեղծված իրավիճակին համարժեք չէ։

Լուկաշենկոյի կայքում նշված է նաև, որ խոսվել է տնտեսական համագործակցության ու վարակների դեմ պայքարի մասին։ Անդրադարձել են ԵԱՏՄ ղեկավար նեղ կազմի մասնակցությամբ քննարկում կազմակերպելու հարցին։ Ներկայացվել են կազմակերպման որոշ դետալներ՝ երբ, որտեղ, ինչպիսի անվտանգության միջոցառումների կիրառմամբ և այլն։

Հայկական կողմի հաղորդագրությունն այս հեռախոսազրույցի թեմայով շատ աղքատիկ է։

Հետաքրքրական է, որ Փաշինյանի պաշտոնական էջում ոչ մի բառ չկա այն մասին, որ Լուկաշենկոյի հետ խոսվել է գազի գնի մասին, մինչդեռ դա անկյունաքարային թեմա էր։ Թե ինչու է հպարտ քաղաքացիներից փորձում այդ լուրը թաքցնել Փաշինյանը, կարելի է կռահել (նկատենք, որ համացանցի դարում դա մանր ժուլիկություն է)։

Փաստենք, որ Փաշինյան–Լուկաշենկո զրույցի բուն թեման հայկական կողմը փորձ է արել թաքցնել։ Փոխարենը կառավարության կայքում կա լուր այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,-մասնավորապես նշված է Գրիգորյանի նամակում։

Եթե պաշտոնականից «թարգմանենք» այս բոլոր տեղեկությունները և բացենք տեղի ունեցածի ենթատեքստը, ապա կարող ենք արձանագրել հետևյալը․

1Փաշինյանը փորձում է Լուկաշենկոյի հետ բլոկ կազմել՝ վառելիքի գնի հարցում։ Նկատենք, որ նրա քայլերի նպատակը ճիշտ է՝ գազի գնի իջեցում, բայց ընտրած ճանապարհը՝ շատ սխալ։ Այնքան սխալ, որ գրեթե բացառում է նպատակի իրագործումը։

Ինչպես հայտնի է, Պուտինի և Լուկաշենկոյի հարաբերությունները շատ լարված են (եթե չասենք՝ թշնամական), քանզի Լուկաշենկոն հրաժարվեց համատեղ պետության գաղափարից, ինչն էլ ստիպեց Պուտինին վերանայել ներքաղաքական զարգացումների սցենարը, ինչպես նաև Բելառուսի հանդեպ ՌԴ մոտեցումները։

Նախկինում Լուկաշենկոն շուրջ 10 միլիարդ դոլարի բոնուս էր ստանում ՌԴ–ից՝ վառելիքի գնի միջոցով։ Հիմա դա չի ստանում։

Երբ Փաշինյանը գազի գնի հարցով դաշնակից է փնտրում՝ ի դեմս Լուկաշենկոյի, ապա դա առնվազն քաղաքական անգրագիտություն է։ Ստեղծված իրավիճակում փոխարենը Փաշինյանն ամեն ինչ անի, որ հայ–ռուսական հարաբերությունները սերտանան, քանզի անվտանգության հարցում կա շատ փխրուն իրավիճակ, նա դեռ մի բան էլ «ժիժի» է խաղում «սպիտակ արջի» հետ։

Կարծում ենք պարզ է, թե ինչու է ՌԴ–ն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օժանդակում Ադրբեջանին։

2․ Գազի գինը հայ–ռուսական բարձր մակարդակով քննարկելու հարց է։ Եթե Փաշինյանն այդ թեման քննարկում է Լուկաշենկոյի հետ ու գնի իջեցում ակնկալում Միլլերից, այն էլ՝ փոխվարչապետի միջոցով, նշանակում է հայ–ռուսական հարաբերությունները բարձր մակարդակով այլևս ֆունդամենտալ են փչացել։

Փաշինյանին «պասլատ» են արել Կրեմլում, իսկ դա վատ է։

Տեղին է հիշեցնելը, որ Կրեմլը ավելի վաղ, երբ դեռ նույնիսկ կորոնավիրուսի թեման արդիական չէր, չեղարկել էր Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ Մհեր Գրիգորյանը գազի գնի հարց լուծող չէ։ Նա նաև գիտի, որ Կրեմլը «ցրել» է իրեն՝ ասելով, որ գնացեք գազի գինը Միլլերի հետ քննարկեք։ Ու հիմա Փաշինյանն իր կարճ խելքով ու շուստրի գեղցիությամբ փորձում է հակապուտինական կոալիցիա կազմել Լուկաշենկոյի հետ, որպեսզի երկուսով կռիվ տան ՌԴ նախագահի դեմ։

Եվ դա այն դեպքում, երբ, կոպիտ ասած, հետույքդ բաց է, մեր երկիրը գրեթե ամբողջությամբ շրջափակված է կորոնավիրուսի պատճառով, իսկ Ադրբեջանը սպասում է հարմար պահի, որ հարձակվի։

Փաշինյանի արկածախնդրությունը և դրսից տղա բերելու տեխնոլոգիան (մանավանդ, որ դրսինը տղա չէ, իսկ եթե տղա էլ է, ապա Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է) զրոյական էֆեկտ է ունենալու գազի գնի առումով, բայց կոնկրետ բացասական արդյունք է ապահովելու հայ–ռուսական հարաբերություններում։

3․ Փաշինյանի խոսակցությունը Լուկաշենկոյի հետ գազի թեմայով ցույց է տալիս, որ Պուտինի հետ նրա կոնտակտը բացակայում է։ Առնվազն գազի հարցում։

Դա նաև ցույց է տալիս, որ Փաշինյանը Կրեմլում լուկաշենկոյական ցուցակում է հայտնվել, իսկ թե ինչ է դա նշանակում, լրացուցիչ բացատրության կարիք չունի։

Թե ինչու են հայ–ռուսական հարաբերությունները լարված, բազմաթիվ պատճառներ կան։ Այլ հարցերից զատ կա նաև շատ կոնկրետ թեմա։ Փաշինյանին մի քանի բան են ուղիղ ասել, բայց նա չի հասկացել կամ էլ՝ չհասկանալու է տվել։ Մասնավորապես՝ հայ–ռուսական հարաբերություններում անկյունաքարային հարց է դարձել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հետապնդման ու կալանքի հարցը։ Դա ոչ միայն ու ոչ այնքան Պուտին–Քոչարյան ջերմ հարաբերություններով է պայմանավորված, որքան անուղղակիորեն առնչվում է Պուտինի իշխանությանը։

Փաշինյանն իրեն, կոպիտ ասած, էշի տեղ է դնում այս թեմայով և ընդառաջ չի գնում Պուտինի խնդրանքին, ինչի արդյունքում հարվածի տակ է դրվում հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունը։ Սրանից շտապում է օգտվել Ադրբեջանը, իսկ Հայաստանը մնում է ՌԴ վարչապետ Միշուստինի հետ շփման հույսին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի անձնական բզիկների, հակապետական մտածողության ու հիվանդագին էգոիզմի պատճառով տուժում են Հայաստանն ու Արցախը, տուժում է հպարտ որակված ՀՀ քաղաքացին, որը պետք է թանկ վճարի գազի համար և այս ծանր օրերին զրկվի ՌԴ աջակցությունից։

Հպարտ քաղաքացուն Փաշինյանն առաջարկում է յոլա գնալ և վճարել քայլարածների անհեռատես քաղաքականության համար, իսկ ինքն ու իր շրջապատը շարունակում են մսխել բյուջեն, միլիոնավոր պարգևավճարներ գրպանել ու մարդկանց հանձնել կորոնավիրուսի բերան։ Ահա, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Փաշինյանի իշխանությունը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը