Մեկնաբանություն

30.03.2020 22:10


Ուրիշի հաշվին լավամարդ դառնալու «նուրբ արվեստը»

Ուրիշի հաշվին լավամարդ դառնալու «նուրբ արվեստը»

Նախորդ շաբաթ` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը, հակադարձելով վարկային պարտավորությունները կատարելու հնարավորությունից զրկված բարեխիղճ վարկառուներին օգնելու առաջարկությանը, կամա-ակամա բացահայտեց հարկադիր պարապուրդի մեջ հայտնված «հպարտ» քաղաքացիներին աջակցելու իր «տեսլականը»։ Այն է` «բռնագրավել ոմանց ունեցվածքը» և բաժանել կարիքավորներին։

Ասաց` հանդե՛ս եկեք նման առաջարկությամբ, ես կպաշտպանեմ, ու մատ թափ տվեց ունեզրկվելու «թեկնածուների» վրա, թե` «այո, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու։ Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար ենք դրել, որ մաֆիոզները՝ իրանց մաֆիաները մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով բան չանեն` չպաշտպանեն։ Ու կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում, այն տեղերից, որտեղից դուք մտածում եք, թե չենք հասնի և չենք բերի»։

Կարելի է չկասկածել` հենց որ սոցիալական իրավիճակը, կորոնավիրուսի դեմ «արդյունավետ պայքարելու» նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում ահագնացող հաճախ անհիմն և անհեթեթ սահմանափակումների պատճառով, այլևս անկառավարելի կդառնա, Փաշինյանը չի հապաղի «հորով-մորով անել» առաջին ընթերցմամբ ընդունված վիճահարույց օրինագիծը` «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին», և սկսել «վերջին 20 տարվա» առասպելական «ալան-թալանը» կոպեկ-կոպեկ հետ բերելու հուզիչ գործընթացը։

Բայց քանի դեռ Սահմանադրական դատարանը չի լուծարվել, և չի ձևավորվել Նիկոլի սրտի ՍԴ-ն, որը երբեք և ոչ մի պարագայում դուրս չի գա «ժողովրդի վարչա(հրամայա)պետի» խոսքից` հակասահմանադրական հանրաքվեն, Նիկոլից անկախ կորոնավիրուսային հանգամանքների բերումով, ձգձգվում է, վտանգ կա, որ այդ սցենարը չի աշխատի։

Բարձր դատարանը տեսականորեն կարող է ձախողել սեփականության անձեռնմխելության դեմ այդ կոպիտ ոտնձգությունը. «հեռու Նիկոլից», բայց, ի՞նչ իմանաս` մե՛կ էլ տեսար, նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը հանկարծ առյուծի սիրտ կերավ ու օրենքն ուղարկեց ՍԴ`պարզելու օրենքի սահմանադրականությունը, կա՛մ մարդու իրավունքների պաշտպանը որոշեց հանդես գալ նման նախաձեռնությամբ, կա՛մ էլ խորհրդարանական ընդդիմությունն «ազվերին» խմեց ու դիմեց ՍԴ։

Ահա այստեղ է, որ Նիկոլին օգնության է գալիս Նիկոլից մերժված` ընտրություններից հետո «բորդյուրին» մնացած, հակասահմանդրական հանրաքվեի հողի վրա «հեղափոխությանն» ու իր «թավշյա» առաջնորդին մի նոր սիրով սիրահարված Արամ Զավենիչը` արժանավոր մարդու անարժան եղբայրը` հաճախորդաց «հարեմից»։

Սա, եթե հիշում եք, Հրայր Թովմասյանին ու ՍԴ մնացած 6 դատավորներին գործից հանելու հարցը հանրաքվեով լուծելու հակասահմանադրական բոլոլայի հենց սկզբից «ձեռքի թեթև շարժումով» խնդիրը տեղափոխեց «բարոյական» դաշտ` հոգեբանական ճնշում գործադրեց ՍԴ-ի վրա, թե`մեկ է, ուշ թե շուտ պաշտոնանկ են անելու. ավելի լավ չէ՞ խաթրով հեռանաք` ինքնակամ հրաժարական տաք, բանը չհասցնեք հանրաքվեի, ու ժողովուրդը, այսինքն` հարկատուն, «հանուն ոչնչի» ծախսի տակ չընկնի։ Եվ, իհարկե, մտքով չանցկացրեց թավշապետին «բարոյականության» դասեր տալ, ասել` եղբա՛յր, ինչի՞ ես էդ 7 միլիոն դոլարն իզուր տեղը ջուրը գցում. ընկել ես 7 դատավորի հետևից, հետապնդում ես թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով, որ ի՞նչ անես։

Հիմա որտեղից որտեղ էլի մեջլիս է մտել` իրեն գցել է Հ1-ի եթեր, հարցազրույց տվել, թե բա` Թովմասյանը մեծ բան չի արել, որ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին. ուզում է «ժողովրդին», այսինքն` Նիկոլին, օգտակար լինե՞լ, թո՛ղ հենց հիմա հրաժարական տա, իր գործընկերներին էլ համոզի`հետևել իր ուսանելի օրինակին, ու ազատի կառավարությանը «էս նեղ մաջալին» հանրաքվեի մասին մտածելու ծանր փորձությունից։ Արդյունքում` հա՛մ հարկատուների փողերը քամուն չեն տա, հա՛մ Նիկոլին անգնահատելի ծառայություն մատուցած կլինեն, համ էլ կարիքավորների հարցերը կլուծվեն ուրիշի հաշվին։

Դե, հո չէ՞ր ասելու` մարդ Աստծո, արի, քարը փեշիցդ թափի՛, ձե՛ռ քաշի կանխավ անօրինական այդ «ձեռնարկից»` չեղարկի հանրաքվեն, էդ 7 միլիոն դոլարը տրամադրի հակակորոնավիրուսային միջոցառումներին, պրծնի-գնա։ Ամենակարևորը` մոռացի՛ր նախարարներիդ, փոխնախարարներիդ, պատգամավորներիդ ամեն ամիս, երբեմն էլ` ամիսը երկու անգամ պարգևատրելու մասին, ու էդ միջոցները ևս ուղղիր սոցիալական աջակցության ծրագրերին։

Արամ Զավենիչի «փոխանցումը» վստահաբար գետնին չի մնա` կգտնվեն «հաճախորդաց դասի» այլ ներկայացուցիչներ, որոնք կբռնեն Արամի նետած «գնդակը» և կզարգացնեն «ոմանց ունեզրկելու», ավելի ճիշտ՝ հօգուտ իրենց սեփականություն կուետակելու կրեատիվ գաղափարը։

Իսկ թե ինչո՞վ այդ ամենը կավարտվի` գլուխը քարը. դրանից հետո` ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը