Մեկնաբանություն

21.03.2020 11:40


Բարձրագույն դատական խորհուրդ ունենք` աշխարհը չունի

Բարձրագույն դատական խորհուրդ ունենք` աշխարհը չունի

Ուրեմն` վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրապարակավ մատ է թափ տալիս դատավորների վրա, թե` ով է այն դատավորը, որ իմ ասածին «չէ» ասի, իր խունվեյբիններին քսի է տալիս դատարանների վրա, կոչ անում արգելափակել դռներն ու պատուհանները, իր ուզածը չանող դատավորներին անուն դնում`«վնգստացողի» պիտակ կպցնում, բայց ԲԴԽ-ի հե՛չ պետքը չէ։

Վարչա(հրամայա)պետն ու իր մանկլավիկները, այդ թվում` ՀՔԾ պետը, իրենց թույլ են տալիս գնահատական տալ դատական ակտերին, կասկածի տակ դնում դրանց իրավաչափությունը, ընդհուպ` անօրինական «ճանաչում», առողջապահության նախարարը հրապարակավ հայտարարում է, որ արդարադատության բոլոր երեք ատյաններում հաստատված դատարանի որոշումն իր համար առ ոչինչ է և հրաժարվում է կատարել այդ որոշումը, և ոչի՛նչ` ԲԴԽ-ն աչքն էլ չի թարթում։

Տեղից վեր կացած քայլարած` վարչա(հրամայա)պետից իմքայլական վերջին պատգամավոր, պատեհ-անպատեհ վայրահաչում է դատական համակարգի վրա, կոկորդ պատռում, թե «ժողովուրդը չի վստահում դատական համակարգին», ԲԴԽ-ն ունքը չի շարժում` դա չի համարում անհարգալից վերաբերմունք դատարանի և արդարադատության նկատմամբ։

Դատավորի գլխին օրը ցերեկով սարքում են, չեղած տեղը` բացարձակապես անհիմն քրեական գործ են կարում վրան, ինչ է թե` թավշապետի քիմքին ոչ հաճո որոշում է կայացրել, ապօրինաբար ներխուժում և խուզարկում դատավորի առանձնասենյակը, առգրավում համակարգիչը և «գործի» հետ որևէ կապ չունեցող «այլ իրեր», ԲԴԽ-ն ծպտուն չի հանում` սուսուփուս կասեցնում է դատավորի լիազորությունները։ Միայն օրեր անց` հետին թվով արձագանքելով «մեղադրյալի» դիմումին, լղոզված, ոչինչ չասող, անողնաշար մի հայտարարություն է տարածում ու քննիչի կողմից խուզարկության ընթացակարգի «մասնակի» խախտում արձանագրում։

Քայլարածամերձ փաստաբանը նույն դատավորին հրապարակավ զրպարտում է, աշխարհով մեկ անում, թե որոշումը, որի համար գլխին սարքել են, ինքը չի կայացրել` ուրիշներն են գրել դա իր փոխարեն, ԲԴԽ-ն կեսբերան չի անդրադառնում այդ փաստին, չի ասում` փաստաբանին վայել չէ «օդից կախված» սուտ լուրը ներկայացնել որպես 100 տոկոսանոց իրողություն և անվստահություն սերմանել դատարանի նկատմամբ։ Ինչ է եղել, որ` իշխանության բարեհաճությունը չվայելող դատավորի դեմ մի ոտնձգություն ավել, մի ոտնձգություն պակաս`դա բոլորովին էլ անհարգալից վերաբերմունք չէ դատական համակարգի հանդեպ` առօրյա մի բան է, որի մասին չարժե խոսել։

Ուրի՛շ բան, եթե «փաստաբանի վարքագծի կանոնները» խախտել են իշխանական էլիտայի համար անցանկալի`մեղավոր նշանակված և քաղաքական հետապնդման տակ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանները։ Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որ «ահավոր անհարգալից» վերաբերմունք են դրսևորել Նիկոլի սրտի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. մեկը նրա բացակայությունից օգտվելով` նստել է դատավորի աթոռին, մյուսը դատախազի տեղն է զբաղեցրել, երրորդը, ո՜վ սարսափ, թխկթխկացրել է սեղանին...

Պաշտպանների «վերը նկարագրված վարքագիծը» մինչև հոգու խորքը ցնցել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին. մի քանի օր մտածելուց հետո ուսումնասիրել է այդ «աղաղակող» խախտումներն արձանագրող տեսանյութը և որոշել, որ դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորված «անհարգալից վերաբերմունքը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը» («արդարադատության նկատմամբ հեղինակություն» ձևակերպումն ինքնին անհարգալից վերաբերմունք է հայոց լեզվի նկատմամբ, բայց «մանրուքների» հետևից չընկնենք), ու չպետք է անպատիժ մնա: Եվ առանց ժամանակ կորցնելու դիմել է փաստաբանների պալատի նախագահին` խնդրելով «կարգազանցների» հանդեպ կարգապահական վարույթ սկսել։

Հիշեցնենք, որ նման մի «միջնորդություն» էլ անձամբ Դանիբեկյանն էր ներկայացրել փաստաբանների պալատի նախագահին դատարան չներկայանալու` դատական նիստը բոյկոտելու համար։

Այսպե՛ս են փորձում «կարգի հրավիրել» ի վերուստ սահմանված խաղի կանոններին չենթարկվող փաստաբաններին, որ «քթիմազություն» են անում` հատ-հատ, ապօրինություն առ ապօրինություն բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանության իրավունքի կոպիտ խախտումները, «փաթեթավորում» և ուղարկում եվրոպական դատարան` խնդիրներ ստեղծելով թավշյահեղափոխական «ընտրովի արդարադատության» համար։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը