Մեկնաբանություն

16.03.2020 13:40


Բա խի՞ առաջ...

Բա խի՞ առաջ...

Առնվազն հեգնանքի պես է հնչում Նիկոլ Փաշինյանի վատ թաքցված դժգոհությունը... սոցիալական ցանցերից կամ դրանց դերակատարումից: Մարդ, ով քաղաքական կարիերայի բարձրակետին է հասել նույն այդ սոցիալական ցանցերի տարածվածության ու ազդեցության շնորհիվ, երեկ, երբ խոսում էր գրողի տարած կորոնավիրուսի վարակի հարուցած տագնապային տրամադրությունների մասին, ոչ վաղ անցյալում H1N1 վիրուսի 2009 և 2016 թվականների հետ համեմատություններ արեց, մահվան ելքերի ինչ-որ կլոր թվեր նշեց («մասնագետներն ասում են» տարբերակով) ու թե՝ այն ժամանակ այսպիսի իրարանցում կամ աժտիոտաժ չկար, ինչ հիմա է դիտարկվում: Հընթացս դա փորձեց բացատրել նրանով, որ սոցցանցերը այն ժամանակ պասիվ էին, համացանցի ազատության է՛ն աստիճան չկար ու նման բաներ:

Ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե օրինակ «2016 թվականին սոցցանցերը պասիվ էին», իսկ «համացանցի ազատությունն էլ այն չէր»: Դա ասում է մի գործիչ, ում պատկանող լրատվամիջոցը համացանցում շատ էլ ակտիվ է եղել: Ավելին, 2010-2018 թվականներին թվային տեխնոլոգիաների ու արագ ինտերնետի զարգացման ու տարածման հետ Հայաստանում ոչ միայն ակտիվ, այլև գերակտիվ էին ամեն տեսակի հակապետական, հակաիշխանական, նաև՝ հակահայկական կայքեր:

Մեծ հաշվով, զավեշտական է, երբ պետությունը սոցցանցերի ու լայվերի միջոցով կառավարող գործիչը դժգոհում է սոցցանցերից: Այն իմաստով, թե սոցցանցերում հանրույթունն ակտիվ է, դրա պատճառով էլ այս կորոնավիրուսի հետ կապված նման տրամադրություններ, իրարանցում ու տագնապներ կան:

Մոտավորապես սպացվում է, որ կառավարության ղեկավարի ընկալումը չի տարբերվում իշխանական պարզունակ ֆեյքերի կաղապար-շտամպային «անխոցելի» և արդեն անեկդոտային այն մոտեցումից, որ ուրիշ բան չգտնելով, ասում են՝ «բա խի՞ առաջ չէիք խոսում...» կամ նման մի բան:

Չնայած, դա էլ է տարբերակ: Նկատի ունեմ «բա խի՞ առաջ...»-ը:

Սկսենք նրանից, որ գրիպային վտանգներ ավելի վաղ էլ են եղել, ասենք՝ 2005-2006 թվականներին: Դա, կարծեմ, թռչնագրիպ էր կոչվում, հետո, այսինքն մի քանի տարի անց խոզագրիպի վիրուսն ի հայտ եկավ: Այո, թե՛ 2005-2006-ին, թե՛ 2009-ին ու ավելի ուշ նման ընդգրկուն անհանգստություն չկար: Դա ճիշտ է: Բայց ինչո՞վ, ավելի ճիշտ ինչերո՞վ էր դա պայմանավորված:

Ամենից առաջ նշված ժամանակահատվածում պետության ղեկավարությունն ու պետական համակարգը գործում էին, ոչ թե 15 րոպեն մեկ ուղիղ եթեր էին մտնում, այլ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում աշխատում էին և աշխատեցնում էին պետական ամբողջ համակարգը, բնակչության անվտանգության ապահովման համապատասխան կառույցները: Բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, բոլոր խնդիրներով հանդերձ պետական մեքենան աշխատում էր, այլ ոչ թե ամբողջ երկիրը նստած սպասում էր, թե կեսգիշերին Ֆեյսբուքի լայվով ի՞նչ նոր բան է ասելու «վարչապետ» գրությամբ համազգեստ հագած գործիչը կամ ինչպիսին է լինելու նրա թեստի պատասխանը:

Այո, այն պետական մեքենան, որ այդքան փնովում ու անուն են դնում Նիկոլ Փաշինյանն ու իր ֆեյքաբանակը, ահա այդ պետական մեքենան գործում էր: Ճիշտ է, ոչ առանց թերությունների, բայց գործում էր։

Քաղաքական և ոլորտային պատասխանատուներից ստանում էր կոնկրետ ձևակերպված կարգադրություններ և անցնում դրանց իրականացմանը: Եվ ի դեպ, այն, որ հիմա էլ ինչ-ինչ մասշտաբային խնդիրներ լավ-վատ հաջողվում է գլուխ բերել, նույն այդ պախարակված ու փնովված համակարգի շնորհիվ է, այլ ոչ թե չսափրված «կինդեր-սյուրպրիզների» հախուռն ու հակասական գործողությունների:

Ավելին, անհնար է պատկերացնել, որ օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարման շրջանում նույնիսկ ամենաուժեղ վարակի վտանգի դեպքում ինքնամեկուսանար: Նույնիսկ վիրավորական է մտքով նման զուգահեռ անցկացնելը:

Այլ նրբություններ էլ կան: Կորոնավիրուսի մասին առայժմ այդքան էլ շատ բան հայտնի չէ: Առայժմ հակամիջոց նույնպես հայտնի չէ: Իսկ նախորդ վարակների հակամիջոցները բավականին արագ էին գտնվել:

Երրորդը՝ կորոնավիրուսից մահացության աստիճանը նախորդ վարակների ցուցանիշից շատ ավելի բարձր է: Եթե Հայաստանում դեռ մահացու ելքով դեպք չի եղել, դա ամենևին էլ ինքնամխիթարանքի կամ ավելի շուտ՝ ինքնախաբեության տրվելու պատճառ չէ:

Չորրորդ. իսկ ձեզ չի՞ թվում, որ մարդիկ հիմա շատ ավելի անհանգստացած ու իրար խառնված են, որովհետև անկախ այն բանից, թե որքան ցուցադրաբար են «դուխով» գրությամբ գլխարկ դնում, իրականում շատ էլ լավ պատկերացնում ու գիտակցում են, թե ինչ տեսակի անպատասխանատու և անձեռնահաս ղեկավարություն են իրենց ուսերի վրա բերել ու դրել երկրի գլխին:

Ոչ այնքան անհանգստացնող է բուն վիրուսը, որի դեմ միջոց վաղ թե շուտ կգտնվի, այլ նման կառավարիչներ ունենալը, որ սկզբում ասում են, թե այդ կորոնավիրուսը սուտի բան է, գրեթե «հակահեղափոխականների խարդավանք», բայց հենց կողքները մեկը փռշտում է, օրումեջ վազում են առողջության թեստ հանձնելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը