Մեկնաբանություն

20.02.2020 00:30


Կույր հավատ ու... «կայֆավա՞տ»

Կույր հավատ ու... «կայֆավա՞տ»

Սահմանադրության փոփոխության հակասահմանադրական հանրաքվեի քարոզն էլ է մեկնարկել:

Աչքովս ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ասֆալտապատումային» ֆեյսբուքյան նկար-գրառումը (անհնար էր չնկատել, քանզի երեկ «Ֆեյսբուքի» հայագիր հատվածն աշխուժորեն սրամտում էր այդ թեմայով): Թե ի՞նչ կապ կարող են ունենալ «ծաղկատար երեսով» ճանապարհածածկույթը, ողորկ ասֆալտն ու... Սահմանադրական դատարանի կազմը կամայականորեն փոխելու քաղաքական նպատակը, երևի իրեն՝ Փաշինյանին ու իր մատնանշած «ժողովրդական, «ինքնագործ» քարոզչության» ենթադրյալ քարոզչապետերին է հասու:

Այդ թեմայով մի քանի սրամիտ արձագանքներ ըստ արժանվույն գնահատել-ժպտալուց հետո ինձ այլ մտքեր շրջապատեցին, այսպես ասեմ՝ հիբրիդադավադրաբար: Նայում էի ու մտորում, թե՝ լավ, նա կատա՞կ է անում, ի՞նչ է: Չէր լքում զգացողությունը, որ նման քարոզչանյութը իր իսկ կողմնակիցների վրա «հաճույք որսալու», խոսակցականով արտահայտված՝ «կայֆավատ լինելու» պես մի բան է: Ո՞րն է, ի վերջո, նման «մակարդակի» քարոզչանյութ տարածելու հաշվարկը:

Ոնց նետեցի ու որսացի, եկա այն հավանական հետևությանը, որ հիմնական հաշվարկը իր կողմնակիցների մի որոշակի հատվածի դրսևորած անձի պաշտամունքն է, իր անձի հանդեպ տածած հավատը: Տեղին է ասել՝ կույր հավատը: Այն երևույթը, երբ որևէ բան կամ որևէ մեկն ընկալվում են որպես միակ իսկություն՝ փաստական կամ տրամաբանական հիմնավորումներից անկախ: Հասկանալի է, հավատի ու պաշտամունքի առարկայի վերածված անձի ասածներն էլ ընկալվում են նույն կերպ՝ որպես ճշմարտությանց ճշմարտություն, միակ ու աներկբա իսկություն: Գերազանցապես հուզական, իռացիոնալ ընկալում: Ու նման դեպքում արդեն անէական է, թե հակառակ տեսակետ կամ դիրքորոշում ունեցողն ինչ փաստերով կամ դատողություններով կհիմնավորի իր մոտեցումը: Եվ հակառակը՝ կուռքը, եթե կուզեք՝ «առաջնորդը» ինչ էլ ասի, հավատավորները դա կընդունեն անվերապահորեն՝ որպես անքննելի մի բան, որպես մեծագույն իմաստություն:

Նրանց այդպես հարմար է: Այդպես կարիք չկա ինքնուրույն մտածելու վրա ժամանակ ու էներգիա ծախսել: Կարիք չկա ինքնուրույն որոշում կայացնել ու պատասխանատու լինել այդ որոշման համար:

Առհասարակ, երբ թեթևակի դիտարկում ես Նիկոլ Փաշինյանի այն կողմնակիցների արձագանքները, որ արդեն անձի պաշտամունքի տիրույթում են հայտնվել, այնպիսի տպավորություն ես ստանում, որ մարդիկ իրենց համար որոշակի հեքիաթ են հորինել և նախընտրում են մնալ այդ հեքիաթային «հարմարավետության գոտում»:

Ասել «դասականի»՝ այդ հեքիաթներն իրենց գլուխների, ավելի ճիշտ՝ երևակայության մեջ են:

Մինչդեռ, կարծեք, իշխանափոխության ենթատեքստն ու շարժիչ ուժն այն էր, որ հներին հեռացրած նորերը պիտի հանուրի՛ կյանքը հեքիաթային դարձնեն: Դրա համար անգամ պատկերավոր ասած՝ «կախարդական փայտիկ» էր իրենց տրվել:

Չնայած...

Այնպես չէ, թե Հայաստանի նորիշխանավորներն ընդհանրապես ոչինչ չեն արել: Իրենք՝ «նոր Հայաստանի» նախարար-փոխնախարարները, պատգամավորներն ու Երևանի քաղաքապետարանային պաշտոնավորները ստանում են հեքիաթային աշխատավարձեր, առասպելական պրեմիաներ և կախարդական գործուղումայիններ:

Շատ չէ, մի 20-30 տարի հետո, մեկ էլ տեսար, իրենց կուրորեն հավատացողներին էլ մի բան բաժին կընկնի: Չնայած, կուրորեն հավատացողներին դա էլ պետք չէ: Ի վերջո, կույր հավատը ոչ միայն մթագնում է տեսողությունը, քննական ընկալումը, այլև պարգևում է անսահման երջանկության... պատրանք:

Քիչ թե շատ մխիթարականն այս ամենի մեջ այն է, որ այդ կարգի, այսինքն՝ «կուրորեն հավատացող» հայրենակիցների մի զգալի մասն իշխանական քարոզչամեքենայի հորինած «ֆեյքեր» են, իսկ մեկ այլ՝ մեծ մասն էլ ներկայացնում է «Հայրենիքը հեռվից սիրելու» համոզված կողմնակիցներին: Նրանց, որ միշտ կգերադասեն հեքիաթներ լսել ու վերապատմել Հայաստանի մասին, բայց այն միակ պայմանով, որ ամուր կառչած մնան ամերիկյան կամ եվրոպական իրենց բարեկեցիկ ու ապահով կենցաղային իրականությանը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը