Մեկնաբանություն

07.02.2020 18:15


Ծայրեծայր դեմագոգիայով ու չարությամբ լցոնված թույլ ելույթ

Ծայրեծայր դեմագոգիայով ու չարությամբ լցոնված թույլ ելույթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ինքնադրսևորումը, որքան գերհագեցած էր ատելությամբ, չարությամբ, նույնքան դեմագոգիկ էր և մանիպուլյատիվ: Դրանում համոզվելու համար դիտարկենք մի քանի հանգամանք՝ առայժմ մի կողմ դնելով «շնաբարո վնգստոցների» մասին գետնատարած քրջի բազարի չարչիներին վայել բառաթեփը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Սահմանադրական դատարանը մի սարսափելի հրեշ է: Ավելին, հատուկ ու մի քանի անգամ ընդգծվում է, թե պետք է այնպիսի ՍԴ կազմ, որը «չլինի որևէ քաղաքական ուժի կրնկի տակ»: Առհասարակ, գործող ՍԴ ներկայիս կազմը առավելագույնս համապատասխանում է այդ պահանջին: Ըստ որում, պահանջն էլ է միտումնավոր խեղաթյուրվում, քանզի քաղաքական չեզոքության պահանջի հետ, որ առաջադրվում է ՍԴ դատավորին, էական է նրա անկախությունը կամ կախվածություն չունենալը, առաջի՛ն հերթին՝ օրվա քաղաքական իշխանությունից (մեծամասնությունից, կառավարությունից, վարչապետից): Հանգամանքների բերմամբ, մեզանում հե՛նց նման վիճակ է ստեղծվել, որ ՍԴ գործող կազմը բացարձակապես Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ չէ: Դա, ի տարբերություն օրինակ, մնացյալ դատարանների, դատախազական և քննչական մարմինների, որ լիովին անցել են Փաշինյանի «թրի տակով» ու մտել կոշիկի ներբանի տակ:

Ի դեպ, լավ է, ինքն է ասում, որ գործող կազմում կան ՍԴ դատավորներ, որոնք դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից են նշանակվել (ընտրվել): Դա լավագույն վկայություններից մեկն է, որ հաջորդող բոլոր իշխանությունները հարգել են Սահմանադրության պահանջները՝ ՍԴ դատավորների վերաբերյալ, անկախ այն բանից, թե ինչ ցանկություններ կարող էին ունենալ կամ չունենալ:

Երկրորդ, որ ավելի կարևոր է. Սահմանադրական դատարանը, գործող կազմով կա, աշխատում, դիմումներ է քննում ու որոշումներ ընդունում 2018 թվականի արիլի 23-մայիսի 8-ից մինչև օրս: Վարչապետ Փաշինյանն ու իր կազմած խմբակցության մտքի գիգանտները կարո՞ղ են նշել փաստեր (գրիչ չառաջարկել), որ կառավարությունը կամ ԱԺ-ն որևէ հարցով դիմել են ՍԴ և չեն ստացել հիմնավորված, իրավական պատասխան: Ավելին, կարո՞ղ են նշել փաստ (գրիչ ու ՀՔԾ խուզարկություն չառաջարկել), որ այս 1 տարի 8 ամսվա ընթացքում ՍԴ որևէ որոշման հետևանքով կաթվածահար է եղել երկրի սոցիալ-տնտեսական կյանքը, որևէ կենսական գործընթաց կամ Հայաստանի Հանրապետությունը ծանր անհարկի լարված վիճակում է հայտնվել արտաքին-քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում կամ ներքին կյանքում: Ո՛չ չեն կարող, քանզի նման բան չի եղել:

Միակ բանը, ինչ եղել է ու կա, փողոցից իշխանության եկած անպատասխանատու և արկածախնդիր անձանց հարուցած արհեստական լարվածությունն է ու չարության գեներացիան՝ ՍԴ շուրջ: Նման թիրախավորման ու հարձակման իշխանական նպատակներն էլ են բացահայտված՝ Ռոբերտ Քոչարյանի «գործից» մինչև ինչ-ինչ փաստաթղթերի վավերացում, որոնցով ՍԴ-ն, մեկ էլ տեսար, Փաշինյանի շահերին կամ քմահաճույքներին հակասող որոշում կայացրեց: Դրա համար էլ Փաշինյանին պետք է իր կրնկի տակ մտած, զուտ ձևական, բուտաֆորիկ ՍԴ, ինչպես, ասենք, ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողի դեպքում է:

Ամենի՛ց կարևորը:

Մի երկու շաբաթ առաջ «իրենցքայլական» իշխանությունն աշխուժացրեց Սահմանադրության փոփոխությունների հարցը: Հիշո՞ւմ եք, անգամ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձևավորվեց, հանձնաժողովի անդամներ ընտրվեցին: Հասկանալի է՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ պիտի մշակի այդ հանձնաժողովը: Իսկ փոփոխություններն էլ, ինչպես հայտնի է, կատարվում են հանրաքվեով: Փաշինյանի արդարադատության նախարարն էլ ասել էր, որ արդեն 2020-ի վերջին կամ վերջին մոտ պատրաստ կլինի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավոր է դնել հանրաքվեի:

Հարց է ծագում. եթե հատուկ այդ նպատակով ձևավորվել է մասնագիտական (ենթադրենք) հանձնաժողով, ավելին՝ փոփոխությունների նախագիծ է մշակվում, որ տարեվերջին պատրաստ կլինի, հապա էլ ո՞րն էր երեկ ԱԺ դահլիճում բեմադրված «Հիստերիա» ներկայացման անհրաժեշտությունն ու, թվում է, թե արդեն այլ ժամկետում պլանավորված հանրաքվեի արագացումը: Իսկ դա Փաշինյանի գործելաոճն է՝ ասել մի բան, հետո ամեն ինչ խառնել, բոլորին հարայ-հրոցի մեջ գցել և փողոցի ճնշմամբ փորձել ստանալ ուզածը: Գնալով ավելի էս համոզվում, որ բնականոն քաղաքական զարգացման ու հարաբերությունների պայմաններում Փաշինյանը շատ փոքր ակնկալիքներ կարող է ունենալ, ասենք՝ մի 5 տոկոս, այն էլ, եթե Մարուքյանը միանա:

Թեթևակի հիշեցնեմ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո քաղաքական նորմալ տրամաբանությունը հուշում էր արտահերթ ընտրություններ: Դա կարելի էր անել և անմիջապես իշխանափոխությունից հետո, բայց իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը դրան դեմ եղավ, ավելին՝ մեջտեղ բերվեցին «բոբո» «Ընտրական օրենսգիրքը» ու ընտրական համակարգը, կազմվեց նույնիսկ երկու հանձնաժողով, որոնց առաքելությունը «Ընտրական օրենսգրքի» ու համակարգի բարեփոխումներ մշակելն էր՝ ԱԺ կողմից հաջորդիվ ընդունմամբ: Այդ տարբերակով ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենային մոտավորապես 2019-ի գարնանը, այսինքն՝ իշխանափոխությունից մեկ տարի անց:

Բայց: Հոկտեմբերի 2-ին, 2018թ., տեղի ունեցավ ըստ էության՝ կառավարության հարձակում Ազգային ժողովի վրա, դե հաջորդած գործընթացներն էլ հայտնի են: Չսպասելով «բոբո» «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին ու ոչ մի բանի, արագացված ռեժիմով, 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցավ «ԱԺ արտահերթ ընտրություններ» թավշահեղափոխական միջոցառումը: Ի դեպ, ԸՕ մասին բոլորն ու միանգամից մոռացան: Ի դեպ, ԿԸՀ նախագահն էլ անգամ նույնը մնաց:

Հա, ու հիմա գրեթե բոլոր նիկոլականները մոռացել են, որ Հայաստան ներդրումների հեղեղային հոսք լինելը, զանգվածային ներգաղթն ու էլի շատ բաներ կապվում էին... ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: Բայց չմոռացողները հիշում են այդ ամենը, մասնավորապես որ ասվում էր, թե ներդրումներ չեն լինի, քանի դեռ հին ԱԺ-ն է: Չմոռացողները տեսնում են նաև, որ Հայաստանի տնտեսությունը շուրջ մեկուկես տարի ներդրումային քաղցի պայմաններում է գոյատևում:

Նույնն էլ՝ հիմա. Սահմանադրական դատարանը թիրախավորվում է Փաշինյանի կողմից ու իր լյումպենների համար՝ որպես ամենայն չարիքի մարմնավորում, մի սարսափելիագույն հրեշ: Հոգեբանական այնպիսի տրյուկ է արվում, որ հնդկական սերիալների ու կիսափակ դռների արանքում Փաշինյանի հիստերիկ ելույթները վայելող, բայց առաջվա նման չքավոր զանգվածին թվա, թե՝ այ, էս մի հարցն է մնացել, այ, հեսա որ Սահմանադրականն էլ վերցնի, դրանից հետո երկնքից մանանա է թափվելու, վարկի տոկոսները հեչ են արվելու, թոշակներն ու աշխատավարձերը հազարապատկվելու են, իսկ ամեն կիրակի էլ իրենք «իջևանյան խոզի» խորոված չալաղաջ են ըմբոշխնելու: Ախ ահա՜ թե ինչ, երևի մտածում են ոմանք, որ երևի մինչև այս երկու օրը չգիտեին էլ ՍԴ կա, տես է, պարզվում է այդ ՍԴ-ն է մեղավորը, որ վատ էինք ապրում ու վարկով բերած ավտոխլամն էլ վրեքներս է մնացել:

Գրպաններդ լայն բացեք, ինչ էլ չլինի, ականջներիդ կախվող արիշտան ծայրահեղ դեպքում գետնին չի ընկնի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը