Մեկնաբանություն

27.01.2020 16:00


Գրիչ, մրիչ, ցրիչ...

Գրիչ, մրիչ, ցրիչ...

Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող չգիտակցել, որ արդեն հանրահայտ «գրչապատումը» այն փաստը կամ տվյալը չէ, որ կհիմնավորի ՍԴ նախագահի հասցեին արած իր վարկաբեկիչ արտահայտությունները: Եվ այդ հարցը, ամենայն հավանականությամբ, հասնելու է դատարան՝ հաշվի առնելով Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի ներկայացուցչի հայտարարությունը, որ իրենք արդեն հայցադիմումն են պատրաստում:

Բոլորին, անգամ տխրահռչակ ֆոտոշոփած (մոնտաժված) «լուսանկարը» տարածողներին, նույնիսկ «գրչի» արժողության մասին «ցնցող» հայտնագործություններ շրջանառողներին հասկանալի է, որ գործ ունեն ֆեյք կամ պարզ ասած՝ շինծու «փաստերի» հետ:

Տրամաբանական հարց է ծագում, թե ի՞նչ իմաստ ունի՝ տարածել «տեղեկություններ», որ տեղեկություններ չեն, վկայակոչել «փաստեր», որ փաստ չեն, այլ ավելի շուտ՝ ծաղր են փաստականության ու ողջախոհության, սեփական խոսքի արժեքի գիտակցման ու պատասխանատվության նկատմամբ:

Միջանկյալ այն ցածր դրսևորումը, երբ Երևանի ավագանու իշխանական խմբակցության երիտասարդ անդամներից մեկը հանրային հարթակում, այսինքն՝ հրապարակավ կոչ է անում յուրայիններին «ինքնադրսևորվել» ՍԴ նախագահի դստեր սոցցանցային էջում, (առնվազն) գալիս է լրացնելու վերը ծագած տրամաբանական հարցի ենթատեքստը:

Տողերիս հեղինակին այնպես է թվում, որ ինչ-որ միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի տված գրիչի վրա հյուսված «պատումը», ինչպես նաև՝ ՍԴ նախագահի դստեր դեմ տմարդի դրսևորումը միասնական նույն խնդրի լուծմանն են ուղղված: Իսկ խնդիրը, ըստ իմ ենթադրության, նույն վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորական ու վարկաբեկիչ նպատակ ունեցող արտահայտությունները, կներեք, խոսակցական բառի համար՝ «ցրելն» է:

Մինչ հանրային հարթակներում ակտիվ քննարկումները ծավալվում են մի հարցի շուրջ, նետվում է մեկ այլ, ավելի անհեթեթ ու ջրիկ թեմա, հետո՝ ավելի ցինիկ և ուշադրություն գրավող դրսևորում, այնպիսին, որ կողքով ոչ մեկն անտարբեր չանցնի: Հետո՝ մեկ այլ բան: Եվ արդեն երկրորդ կամ երրորդ ոլորանի վրա շատերը հասցնում են մոռանալ, թե «ինչի համար էին հավաքվել» (մանավանդ, որ շարունակ ակտիվ շեղման գիծ է տարվում), մյուսները արդեն խճճվում են շերտ-շերտ ավելացող թեմաների ու հարցադրումների մեջ, երրորդները պարզապես ձանձրանում ու մի կողմ են քաշվում «մաղով ջուր կրելու» այդ պրոցեսից: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորովին այլ հարցեր են ուշադրություն գրավելու: Եվ այն պահին, երբ կամ եթե հայցը դատարան հասնի ու դատական նիստ լինի, շատ-շատերը չեն էլ հիշելու, թե ինչ էր եղել, ինչն ինչից հետո էր եղել:

Ըստ այս վարկածի, մյուս, իսկ ավելի ճիշտ՝ հիմնական նպատակային մոտեցումն այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը որքան հնարավոր է հաճախ ու շատ հոլովվի բացասական ենթատեսքտում ու մակդիրներով: Այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են՝ «կոռուպցիա», «քծնել», «շողոքորթել» և այլն: Նույնիսկ հակադարձողները կարող են նպաստել դրան, եթե կրկնեն Փաշինյանի հնչեցրածը: Որևէ մեկին վարկաբեկելու կամ ցեխոտելու նպատակով կիրառվող հակաքարոզչական տեխնոլոգիաների շարքում սա, թերևս, ամենից հին ու անվրեպ գործողն է: Դրա նպատակը դատարանում բան ապացուցելը չէ, այլ որքան հնարավոր է՝ հանրային լայն շրջանակների ընկալման մեջ թիրախավորված անձի անունը բացասական բնորոշումների հետ փոխկապացված մխելը:

Այնպես որ, «գրիչ-մրիչ-ցրիչ» դրսևորումը, չնայած իր ամբողջ պարզունակությանն ու մակերեսայնությանը, բավականին արդյունավետ կարող է գործել: Բայց արդյունավետ՝ միմիայն կոնկրետ անձի կամ նեղ շրջանակի շահերն սպասարկելու համար:

Խորքում դա հանրակործանարար երևույթ է: Բանն այն է, որ իշխանականները կամ նրանց հարող շրջանակները, «աջակցության խմբերը», որդեգրած լինելով «նպատակն արդարացնում է միջոցները» գործելակերպը, բացում են հոգեմտավոր ռադիացիայի արկղիկներ, ու այդ ամբողջ թունավոր ճառագայթումը ամենից առաջ խոցում է բացողներին (բարոյական տեսակետից՝ սպանում), ապա՝ քանդում-ավերում է հասարակության նկարագրի այն ներքին սահմանագծերը, որոնք չի կարելի անցնել ոչ մի դեպքում:

Նեղ ու այսրոպեական խնդիրների ետևից ընկած իշխանական վերնախմբին, սակայն, դա առանձնապես չի անհանգստացնում: Իսկ երբ սկսի անհանգստացնել, շատ ուշ կլինի, ցավոք, արդեն՝ բոլորի համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը