Մեկնաբանություն

21.12.2019 14:25


Թավշյա անարդարադատության դեմքը

Թավշյա անարդարադատության դեմքը

«Հայրենի» ստապետությունն օպերատիվ արձագանքեց ստահոդ արդարադատության անխափան աշխատանքի քաղաքական պատասխանատու եւ գլխավոր հրահանգիչ Փաշինյանի նախազգուշական «մատթափտվոցիին» (էն, որ ասում էր` «համակարգը դիմադրում է` ինչ արել-չենք արել, ի հեճուկս համակարգի ենք արել, եւ ես առանց հետ նայելու կջարդեմ այդ դիմադրությունը»)։

Քայլարած թավշապետի սրտի ոստիկանությունը երկրիս, ինչպես իրենք են սիրում ասել` «գլխավոր ամբաստանյալի» խափանման միջոցի փոփոխության հետ կապված «հնարավոր չէպեներից» ապահովագրվելու համար շրջանառության մեջ դրեց հայտնի «գովազդային» տեսահոլովակը, որից միջին վիճակագրական պողոսը պետք է վերջնականապես համոզվեր` երկրորդ նախագահին ազատության մեջ թողնելը մահացու սպառնալիք է հայոց պետականության համար. այն, ինչի մասին դատարանի դահլիճում «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց հարազատ որդու արյունը «աճուրդի» հանած «տուժողի իրավահաջորդներից» մեկը։

Ամեն ինչ շատ «պարզ» է եւ թափանցիկ` Ռոբերտ Քոչարյանի պես «անուղղելի չարագործին» ոչ մի դեպքում չի կարելի ազատ արձակել. եթե, գտնվելով անազատության մեջ, կարողանում է «ճնշում գործադրել» վկաների եւ տուժողների վրա, կաշառք է առաջարկում, ստիպում հրաժարվել տուժողի (վկայի) կարգավիճակից կամ փոխել ցուցմունքը, դեռ մի բան էլ` «պերեվառոտի» դավադիր ծրագրեր է մտմտում, պատկերացնո՞ւմ եք`ինչե՜ր կանի, եթե հանկարծ, «նի դայ բոգ», հայտնվի ազատության մեջ։ Ներկայացված «օպերատիվ» հեքիաթը հենց այս մոտիվներով էր։

Դատավոր (դատավո՜ր) Լուսինե Աբգարյանի որոշումն, իհարկե, էն գլխից կասկած չէր հարուցում. հո հենց այնպես չէր, որ դատախազները, «բռնվելով» ՖԲ-ում թուղթուգիր անող` գրառումներ մրոտող մեկի տիրաժավորած «սուտլիկ» ստատուսից, շարքից հանեցին Մխիթար Պապոյանին ու իրենց սրտի դատավորին բերեցին` դակելու պաշտպանական կողմի միջնորդությունը չորով մերժելու որոշումը։

Պարզ էր, որ Դավիթ Գրիգորյանի կողմից «սխալմամբ» կալանքից ազատված Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու «բարի լուրը» ցնծությամբ դիմավորած (ժամանակակից տերմինոլոգիայով՝ «լայքած») տիկնոջը, որ ո՛չ իր աշխարհընկալմամբ, ո՛չ հոգեկերտվածքով, ո՛չ մասնագիտական հմտություններով, ո՛չ մասնագիտական էթիկայի եւ արդարության մասին պատկերացումներով չէր տարբերվում վնգստացող արդարադատության մյուս ռահվիրաներից (Արմեն Դանիելյան, Աննա Դանիբեկյան եւ այլն), եւ առանց այդ էժանագին «տրյուկի» էլ ոչ մի դեպքում չէր փչացնի միջին վիճակագրական Պողոսի տոնը`զրկելով Հանրապետության հրապարակում Նիկոլի եւ պետական պահպանության անհարմարություններից տառապող իր բազմամարդ ընտանիքի հետ բրդուճով ու մի բաժակ գինով, Բրեգովիչով, Սերժ Թանկյանով համեմված «ուրախ Նոր տարի» անելու հաճույքից։

Եվ ուրեմն, ինչո՞ւ ստապետությունը գնաց այդ խեղկատակությանը։ Առաջին հերթին` «Ազատություն Քոչարյանին» հանձնախմբի նախաձեռնությունն արժեզրկելու համար. որպեսզի փակի Հայաստանի եւ Ռուսաստանի հայտնի հայերի, մտավորական գործիչների բերանը, որոնք համարձակություն են ունեցել ստորագրել նախագահի խափանման միջոցը փոխելու`կալանքն անձի ազատությունը սահմանափակող այլ միջոցով փոխարինելու պահանջագրի տակ։

Երկրորդ` լրացնելու Քոչարյանին փակի տակ պահելու «փաստական հանգամանքների» պակասող օղակը, որ «դիսկոմֆորտ» է ստեղծում վնգստացող դատավորների համար` թույլ չի տալիս հանգիստ խղճով վավերացնել Փաշինյանի սրտի որոշումները։ Որովհետեւ ամեն անգամ, երբ մեղադրող կողմը սկսում է խոսել Քոչարյանին ազատելու անհաղթահարելի «ռիսկերից», որ ոչ մեկս ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել, հիմնավորել, թե ինչու պետք է երկրորդ նախագահն անպայման ճաղերի հետեւում լինի, պաշտպանական կողմը բացատրություն է պահանջում. այդ ի՞նչ աներեւույթ ռիսկերի մասին է խոսքը, եթե նախագահը երբեք չի փորձել թաքնվել արդարադատությունից կամ ճշմարտության բացահայտմանը։

Հիմա մեղադրող կողմը «զորավոր փաստ» ունի ձեռքի տակ`թեկուզեւ անապացույց, բայց եւ այնպես` ուղեղներ լվանալու առումով հարմար մի միջոց, քարոզչական բադիկ, որ կարելի է քնեցնել, ինչպես «անունը կա, ամանում չկա» սկզբունքով հարուցված բազմաթիվ այլ «սառեցված բացահայտումներ», որոնք ե՛ւ կան, ե՛ւ չկան (մեկը`հենց Պապոյանի պահանջով զրպարտության հոդվածով 8-9 ամիս առաջ սկսված քննությունը, որ մուշ-մուշ քնած է ԱԱԾ գզրոցներում)։ Եվ անհրաժեշտ պահին դնել սեղանին՝ որպես իրեղեն ապացույց, որ «գլխավոր ամբաստանյալը» խոչընդոտում է արդարադատության կայացմանը։

Ստապետության «իրավական կցորդների» գործելաոճը նկատի ունենալով` բացառված չէ, որ մի գործ էլ «պերեվառոտի» մասով կարեն Քոչարյանի վրա։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը