Լրահոս

09.12.2019 20:05


Անհայտ անձը գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ է արել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անհայտ անձը գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ է արել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ. ժամը 21:00-ից մինչև 21:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, գողացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված ընկերոջ մեքենայից իրեն պատկանող պայուսակը, որում եղել են դրամապանակը, անձնագիրը, կանխիկ գումար և բանկային քարտ`պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Նույն օրը` 21:48-ին կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հիշյալ հափշտակված բանկային քարտով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում տեղակայված բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչակամ կոմիտեն հորդորում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին:


Այս խորագրի վերջին նյութերը