Մեկնաբանություն

05.12.2019 15:40


«Մուղամային» դիվանագիտություն

«Մուղամային» դիվանագիտություն

Սորոսական կանանց «խաղաղության» հարցերով համաժողովում «տիկին վարչապետն» առիթը բաց չթողեց` Բրատիսլավայում, հայտնի չէ` ինչի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ (եթե հավատանք «Կոմերսանտի» աղբյուրներին, խոսքը «փոքր քայլերով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մերձեցման» մասին է, որին Ադրբեջանն «այո» է ասել)` հերթական անգամ «պացիֆիզմ քարոզելու»։

Այս անգամ էժան պրծանք` չասաց, թե մեր զոհերը հանուն ոչնչի էին, բայց ելույթն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ էր. իբր` հակադարձելով Մեհրիբան Ալիեւայի, ինչպես պարզվեց, «ֆեյք» հայտարարությանը, թե իր երազանքը Ստեփանակերտում մուղամ «վայելելն» է, մի լա՜վ գովազդեց ադրբեջանցիների հետ «բարիդրացիության», այսինքն` քիրվայության «գաղափարը»։

«Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը, եւ նա լինի մեր հյուրը եւ Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Դա իսկապես հրավեր է, եւ եթե նա ընդունի այդ հրավերը, պատրաստ եմ նաեւ ինքս լինել Բաքվում, հյուրընկալվել իրենց կողմից։ Կարծում եմ, սա կարող է լինել նաեւ ՄԱԿ-ի 1325 բանաձեւի շատ ռեալ եւ շատ բարձր մակարդակի իրականացման ձեւ ամբողջ աշխարհում»,– ասաց Ա․ Հակոբյանը։

Չգիտենք` տիկին Աննան հարցրե՞լ է «Ղարաբաղի ժողովրդի» կարծիքը, թե՞ չէ, բայց կասկած չունի` Մեհրիբանի երազանքն իրականացնելու մի՛ ճանապարհ կա. «Դա խաղաղությունն է, դա Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են, եւ որպես հյուր՝ փոխադարձ այցերն են։ Եվ, ինչպես իրենք կարող են լինել Ղարաբաղում, թեյ խմել, մուղամ լսել եւ վայելել այնտեղի բնությունը, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդը, վստահ եմ, որ կուզենա լինել Բաքվում եւ այլ բնակավայրերում։ Եվ սա այս պահին գուցե ռեալ չի հնչում, բայց սա ռեալ է, սա ֆանտազիայի շարքից չէ։

Աշխարհի տարբեր ժողովուրդներ եւ տարբեր երկրներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տեւող պատերազմներ, ավելի ծանր ցեղասպանություններ եւ մեծ զոհեր, բայց կարողացել են հաղթահարել, եւ հիմա կողք-կողքի, առանց սահմանների` միեւնույն տնտեսական եւ ֆինանսական միության մեջ ապրում են եւ ամենալավ բարեկամներն են։ Այսինքն` եթե դա հաջողվել է եվրոպական ժողովուրդներին, ինչի՞ չպետք է հաջողվի մեզ։ Ուղղակի դրա համար պետք է առնվազն առավելապես եւ հատկապես ադրբեջանական կողմում քաղաքական կամք, եւ վերջապես թոթափի իր վրայից էդ պատերազմի մոլուցքը եւ հասկանա, որ դրանով ոչ մի տեղ չի հասնելու եւ ավելի վատ նվերներ է ունենալու»։

Կարծես՝ չի՛ լսել Ալիեւի հայտարարությունը, թե Սումգայիթի հայկական ջարդերը հայերն են սարքել, «Էրիվանը», Զանգեզուրը, Սեւանը «վերադարձնելու» նկրտումներին էլ ընտհանրապես անտեղյակ է։

Խնդիրը միայն այն չէ, թե վարչապետի տիկինը որպես ի՞նչ է խանում Մեհրիբանին հրավիրում Արցախ (եթե ուզում է վիճարկել Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելու «դափնին» սիրելի ամուսնուց`առաջ ընկնել նրանից «քիրվայություն» քարոզելու մեջ, կարող էր հրավիրել Երեւան` նոփ-նոր վերանորոգված ամառանոցում թեյով, մուղամով «մերձեցման երեկո» անելու, Արցախ հրավիրելու «մենաշնորհը» թողնելով Արցախի նախագահին եւ Արցախի առաջին տիկնոջը։

Խնդիրն այն է, որ «միայն» խաղաղությունը տիկին Աննային քիչ է թվում. նա երազում է Ադրբեջանի հետ «միեւնույն տնտեսական եւ ֆինանսական միության մեջ» ապրելու եւ «լավ բարեկամներ» լինելու մասին։ Շատ էլ, որ Ադրբեջանում հերոսացնում են քնած հայ սպային կացնահարած տականքին, կտրում են գերեվարված հայ զինվորների գլուխները, անզեն մարդկանց` ծերունիների ականջներն ու ցուցադրում իրենց «համալսարանական» կայքերում։

Կարեւոր չէ նաեւ, որ, մինչ ինքը խոսում էր խաղաղության մասին, Մեհրիբանին հրավիրում Արցախ ու պատասխան այցով Բաքու մեկնելու պատրաստակամություն հայտնում, ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ ասաց «տղամարդու իր խոսքը». որ խաղաղության գինը հայկական կողմի անվերապահ կապիտուլյացիան է` «առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից եւ Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

Իհարկե, տիկին Աննան հընթացս փորձեց «կոշտ» երեւալ «քնքշորեն» սպառնաց. «Եթե Մեհրիբան Ալիեւան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ եւ մուղամ լսեն, եթե նկատի ունի` դա անել պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքը անկատար կմնա։ Ոչ միայն անկատար կմնա, այլ` եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»։

Ափսոս, որ ստեղծված իրավիճակում անատամ այդ «սպառնալիքը» պարզապես քմծիծաղ է առաջացնում. ի՞նչ իմաստ ունի «դա անել» պատերազմի միջոցով, եթե կարելի է «փոքր քայլերով» Արցախը փոխանակել «խաղաղության» հետ. այն, ինչի մասին, «չբանակցելով»` բանակցում են Փաշինյանն ու Ալիեւը, արտգործնախարար Մամեդյարովը եւ մեր նույնիսկ լրագրողի առաջ խեղճացող, կմկմացող, ակնհայտ կեղծ թեզերին հակադարձել չկարողացող Զոհրաբ Մնացականյանը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը