Մեկնաբանություն

27.11.2019 03:30


Ինչ էլ անեն, մեկ է՝ գործը ջուր է, տակը բան չկա

Ինչ էլ անեն, մեկ է՝ գործը ջուր է, տակը բան չկա

Ինչպես հայտնի է, «թավիշների» սրտի վնգստացող ՀՔԾ-ն, ի կատարումն Փաշինյանի հանձնարարականի, որ միառժամանակ առաջ բարձրաձայնեց հանցագործությունների բացահայտման հետ ի պաշտոնե, այսինքն` դե յուրե, որեւէ առնչություն չունեցող իմքայլական պատգամավորը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ներգրավել է Մարտի 1-ի գործում որպես մեղադրյալ:

ՀՔԾ-ն անգամ վերջնագիր է ներկայացրել Կոստանյանին. 48 ժամ է տվել` ներկայանալու վարույթն իրականացնող մարմին՝ քաջ իմանալով, որ վերջինս չի կարող կիսատ թողնել Մոսկվայի ԲՈՒՀ-երից մեկում իր կողմից իրականացվող ուսումնական ծրագիրը եւ վերադառնալ Երեւան` «տեր կանգնելու» իրեն առաջադրված մատից ծծած մեղադրանքին։ Ու քանիցս հայտարարել է այդ մասին, վստահեցրել` կգա, երբ քննաշրջանն ավարտվի։

Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ ամռանը որպես վկա հարցաքննվելուց հետո ամիսներ շարունակ, երբ Երեւանում էր եւ կաշկանդված չէր պայմանագրային պարտավորություններով, նրա իրավական կարգավիճակը չփոխվեց, եւ միայն այն բանից հետո, երբ մեկնեց երկրից`գնաց իր գործին, հանկարծ նման որոշում կայացվեց` դժվար չէ կռահել։

Թերեւս, հույս ունեին, որ մեղադրանք առաջադրելու «սպառնալիքը» զսպող գործոն կլիներ նախկին գլխավոր դատախազի համար. «երաշխիք», որ «լեզուն իրեն կպահի»` չի խանգարի «սահմանադրական կարգի տապալման» կեղծ վարկածը «հիմնավորելու» հերոսական ջանքերին։ Առավել եւս, որ մտրակից բացի, բլիթ էլ էին առաջարկել՝ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ նշանակվելու «տեսքով» «պաշտոն`իրենց ուզած ձևով ցուցմունք տալու դիմաց» բիզնես-ծրագրի շրջանակներում։ Կոստանյանը, ճիշտ է, հրապարակավ չի ասել այդ մասին, բայց նաեւ չի հերքել` անուղղակիորեն հաստատել է, անպատասխան թողնելով լրագրողի հարցը` նման առաջարկություն եղե՞լ է, թե՞ ոչ։

Կոստանյանն, ավաղ, «չարդարացրեց» վարչախմբի հույսերը. իր վերջին հարցազրույցներով ուղղակի ջախջախեց Ռոբերտ Քոչարյանին ներկայացված «մեղադրանքի» հիմքում դրված հիպոթետիկ ենթադրությունը, թե բանակն ապօրինաբար ներքաշվել է ցույցը ցրելու գործողությունների մեջ, կրակել «ժողովրդի վրա», ինչը «կոծկելու» համար ինքը, որպես եվրոպական դատարանում նախագահի ներկայացուցիչ, ոստիկանության պատասխանատուներին իբր դրդել է զանգվածային «կեղծիքների` «ստիպել» է փաստաթղթեր եւ իրեղեն ապացույցներ կեղծել, ընդամենը զուտ տեսականորեն հնարավոր` մահվան մեկ դեպքի, մահացու մեկ կրակոցի հետքերը թաքցնելու նպատակով։ Եվ, խնդրեմ` մեղադրանքը պատրաստ է։

Ինչո՞ւ Փաշինյանն այլ որոշում չէր կարող կայացնել։ Բանն այն է, որ Կոստանյանի վրա կարված «հանցակազմն» այդքանով չի սպառվում։ Նրան մեղադրում են նաեւ եվրոպական կառույցներին, հատկապես ՄԻԵԴ-ին ապակողմնորոշելու`մոլորեցնելու մեջ։ Ըստ «սցենարի հեղինակների»՝ դա է պատճառը, որ ՄԻԵԴ-ը, Մարտի 1-ի գործով դատապարտված առանձին անձանց իրավունքների խախտումներ արձանագրելով, ցուցարարների հանդեպ կիրառված ուժի իրավաչափության հետ կապված խնդիրներ տեսնելով հանդերձ, կասկածի տակ չի դրել արտակարգ դրություն հայտարարելու նախագահի, ապա` նաեւ Ազգային ժողովի որոշումների օրինականությունը։

Իսկ ՄԻԵԴ-ը, ի տարբերություն Նիկոլի սրտի ՀՔԾ-ի, դատախազության եւ վնգստացող դատավորների, ամնեզիայով չի տառապում, քաղաքական նպատակահարմարությունից կախված` ձեռնոցի պես չի փոխում իր դիրքորոշումները, իր իսկ նախադեպային որոշումների վրա աչք չի փակում ու դրանց տրամաբանորեն հակասող որոշումներ չի կայացնում. սեղանին դրված փաստերին եւ փաստարկներին գնահատական է տալիս` հաշվի առնելով նախկինում ընդունած որոշումներն այս կամ այն գործի վերաբերյալ։

Այս իրավիճակում «թավիշների» եւ անձամբ «գլխավոր գերագույնի» համար կենաց-մահվան խնդիր է` վարկաբեկել Կոստանյանին ՄԻԵԴ-ի աչքում, նրա արածը ներկայացնել ծուռ հայելու մեջ, ստեղծել շղարշ, թե իր ջանքերով է Եվրոպական դատարանը «սխալ» կարծիք կազմել Մարտի 1-ին տեղի ունեցածի վերաբերյալ։ Կարծում են` եվրոպացի դատավորներին էլ կարող են «մատների վրա ֆռռացնել» եւ ՀՔԾ քննիչների «քաղաքական գնահատականները, կասկածները, անհիմն ենթադրությունները» հալած յուղի տեղ անցկացնել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ՍԴ դիմումը։ Ստեղծվել է 17 դատավորներից կազմված հատուկ մարմին` պալատ, որը պիտի քննի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության խնդիրը, եւ շահագրգիռ կողմերին` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին ու կառավարությանը մինչեւ դեկտեմբերի 4-ը ժամանակ է տվել` ներկայացնելու իրենց դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ։ Դրա համար էլ բռնվել են Կոստանյանին «սխալ հանելու» փրփուրներից։

Բայց այստեղ էլ են սխալվել իրենց հաշվարկներում. որոշում կայացնողն այս դեպքում Նիկոլի սրտի վնգստացող դատավորները չեն։ Ո՛չ էլ նույնիսկ Եվրոպական դատարանն է, որի դիրքորոշումն էս գլխից փորձում են արժեզրկել Հայաստանի նոր (թավշյա) ներկայացուցչի շուրթերով` ասելով. մեկ է` դա պարտադիր կատարման ենթակա որոշում չէ, այլ` «ընդամենը» խորհրդատվական կարծիք։ Որոշումը, վերջին հաշվով, կայացնելու է Սահմանադրական դատարանը։

Այնպես որ, կներեք արտահայտությանս, ինչքան էլ «հետույքները պատռեն»` անհավասար մարտի մեջ մտնելով նախկին գլխավոր դատախազի հետ, անօգուտ է։

Ինչ էլ անեն`գործ ջուր է, տակը բան չկա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը