Մեկնաբանություն

24.11.2019 12:20


Ի՞նչ է թաքնված Փաշինյանի «աննախադեպ կառուցողական դիրքորոշման» տակ

Ի՞նչ է թաքնված Փաշինյանի «աննախադեպ կառուցողական դիրքորոշման» տակ

Բազմակարծությունը Փաշինյանի գլխում, որ ոմանց կարծիքով` շիզոֆրենիայի նշան է, հատկապես` երբ խոսքը վերաբերում է Արցախյան կարգավորմանը, որեւէ մեկի համար արդեն նորություն չէ։

Մի բան է «մխիթարում»` իրարամերժ հայտարարություններով իր «մտադրությունների ճանապարհային քարտեզը» քողարկելու անհաջող փորձերից հետո («Ղարաբաղը անպայման պետք է վերադառնա բանակցային ձեւաչափ` ես, որպես Հայաստանի վարչապետ, իրավունք չունեմ խոսել Ղարաբաղի ժողովրդի անունից», «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», «Բանակցություններ չկան, կան հանդիպումներ», «Բանակցություններում հետաքրքիր դինամիկա կա» եւ այլն) էլ իրեն պատեպատ չի խփում` կենտրոնացել է, իր կարծիքով` «անխոցելի», իրականում` անհեթեթ մի «բանաձեւի» վրա. «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Այսինքն` խնդիրը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով. այն համաբալասանը, որ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խելք-խելքի տված` «ասեղով» փնտրում են, չեն գտնում։

Ուրիշ բան, որ Փաշինյանը բանակցային գործընթացի հիմքում դրված ստանդարտ մոտեցումը ներկայացնում է որպես աննախադեպ մի բան` չտեսնված-չլսված «նոու-հաու», որի համար, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Նոբելյան մրցանակ է հասնում։ Իրեն հատուկ «ուղղա(պարզա)մտությամբ» այս մասին բացեիբաց հայտարարել է Փաշինյանի «ոչ պաշտոնական խոսնակ» Հովիկ Աղազարյանը` խոսելով Միլանի հայկական եկեղեցում շեֆի ցուցաբերած «փրկչական նկրտումների» մասին։

Ի՞նչ է թաքնված դրա տակ։

Թակարդ հայկական կողմի համար

«Յութուբ»-ում կա մի տեսանյութ («Ամոթալի հայտարարություն. Նիկոլ Փաշինյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին», 2016թ. հուլիսի 22), որտեղ պատգամավոր Փաշինյանը, փորձելով իրենով անել ՊՊԾ գնդի գրավման «ծուռ» օպերացիային աջակցող ամբոխը, կոկորդ պատռելով` քարոզում է իր երեկվա դաշնակից եւ հավերժ գաղափարակից «հիմնադիր» նախագահի դեմ. «Ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այո՛, դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ (ամբոխը ոգեւորությամբ վանկարկում է`«ամո՛թ») Ղարաբաղի հարցում մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանկներում հայտնի է որպես Լավրովի պլան։ Դա մի խայտառակ եւ ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար, եւ այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը դա անում։ Բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա եւս մեկ կարեւոր անձնական մոտիվ։ Տեր-Պետրոսյանը ուզում է օգնել Սերժ Սարգսյանին` ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի, ի վերջո, կարողանա արձանագրել, որ ինքը 1997-98թ.-ին ճիշտ էր ասում (հիշեցման կարգով ասենք, որ այն ժամանակ սեղանին դրված փուլային տարբերակով նախատեսվում էր ոչ միայն ազատագրված տարածքները, այլ Արցախն` ամբողջությամբ թողնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ կարգավիճակի հարցը թողնելով հետագային)։ Բայց սա, էլի եմ ասում, ամոթալի մոտեցում է։ Ինչո՞ւ»։

Եվ, ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ։ Ամենեւին էլ ո՛չ նրա համար, որ Փաշինյանը պապից ավելի կաթոլիկ անզիջում մոտեցում ունի Ղարաբաղի հարցում` «ոչ մի թիզի» կողմնակից է (ՀԺ-ի հայտնի հրապարակման մեջ ինքը չէ՞ր, որ զարմանում ու տարակուսում էր` «ոչ մի թիզ» ասողներն ինչո՞վ են մտածում, որ մերը թողած` մեր հողերին տեր չկանգնելով, աչք են տնկել ուրիշի ունեցվածքի`Ադրբեջանի «օկուպացված տարածքների» վրա

Խնդիրն այն է, ըստ նրա, որ «չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը, ատամները սրած, ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին։ Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ այսպիսի մթնոլորտում` Ալիեւի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում, խոսել փոխզիջման մասին` նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ կապիտուլյացիայի մասին։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի կապիտուլյացիան»։

Սա առանցքային դրվագ է Փաշինյանի «ղարաբաղյան ռազմավարությունը» հասկանալու առումով եւ հստակ ցույց է տալիս` ո՞րն է, ի վերջո, առեղծվածային այն «կետը», որտեղից, իր ասելով, սկսել է բանակցությունները։

«Մթնոլորտը մթնոլորտ» լինի` մնացածը ինքնիրեն կստացվի

Ուշադրություն դարձրեք` Փաշինյանը չի մերժում «ազատագրված տարածքները» վերադարձնելու գաղափարը։ Ընդամենը ասում է` մթնոլորտն «այն չէ». անընդհատ խոսելով հարցի «ուժային լուծման» մասին, շանտաժի ենթարկելով հայկական կողմին, Ալիեւը կամա-ակամա տորպեդահարում է կարգավորման գործընթացը։ Այ, հենց որ դադարի հոխորտալ, զսպի իրեն, ամբախ-զամբախ հայտարարություններ չանի, կարելի է նստել կլոր սեղանի շուրջ եւ գտնել այն փոխզիջումային լուծումը, որը «ընդունելի է նաեւ Ադրբեջանի համար»։

Ո՞վ գիտի` Դուշանբեի վերելակում կամ օտար աչքերից հեռու տեղի ունեցած մյուս կոնֆիդենցիալ շփումների ժամանակ գուցե ա՞յս մասին է պայմանավորվել Ալիեւի հետ. ասել է`մի՛ կրակեք, մի՛ սպառնացեք, մթնոլորտը մի սրեք, որ «հայ ժողովուրդը» հասկանա` Ադրբեջանն այլեւս առաջվանը չէ, շատ ջանալու դեպքում կարելի է լեզու գտնել Ալիեւի հետ, փաստաթուղթ ստորագրել`վստահելով նրա ազնիվ խոսքին, հավատալ, որ Ադրբեջանը հուսալի բանակցային գործընկեր է եւ չի խախտի պայմանավորվածությունները։

Այս «վստահությամբ եւ հավատով» էլ օրը 10 անգամ կրկնում է` ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որ ուզում է «բավարարել» նաեւ Ադրբեջանին, ոչ թե մտածում է միայն հայկական շահերն առաջ «բրթելու» մասին։ Եվ ինչքան էլ Ալիեւը, երկու ոտը մի մաշիկի մեջ դրած, շարունակի իր «քյառթու» հակահայ քաղաքականությունը` բարձրաձայն երազելով Երեւանը, Սեւանը, Մեղրին, Զանգեզուրը «վերադարձնելու» մասին, մեկ է` հույսը չի կտրում. ծնկաչոք խնդրում է, աղաչում, համոզում, բացատրում, թե ի՜նչ կառուցողական է «Հայաստանի վարչապետը», եւ ի՜նչ կարեւոր է, որ մի քիչ էլ Ալիեւը կառուցողական ձեւանա` գոնե մեկ անգամ հայտարարի, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Հայաստանի համար, բայց ապարդյուն։

Ալիեւն անդրդվելի է, ասում է`«Ղարաբաղն Ադրբեջան է, եւ բացականչական նշան»։

Ի՞նչ կլինի` եթե քարը փեշից թափ տա, եւ վերջապես արտասանի կախարդական խոսքերը, որ ուզում է լսել Փաշինյանը, ապահովի փոխվստահության այն «մթնոլորտը», որին այդպես ինքնամոռաց ձգտում է, սարսափելի է նույնիսկ մտածել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը