Կարծիք

17.02.2011 18:20


Ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում

Ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում արաբական աշխարհում և Իրանում տեղի ունեցող իրադարձություններն են: Քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողները ուշադրությամբ հետևում են հեղափոխություններին, բողոքի զանգվածային գործողություններին: Այստեղ կրկին մենք բացառություն ենք: Հայկական լրատվամիջոցները բավարարվում են մի քանի կցկտուր լուրերով: Բուռն քննարկումներ, վերլուծություններ չկան՝ չնայած մենք գտնվում ենք Մերձավոր Արևելքի հենց քթի տակ:

Նման անտարբերության պատճառները մի քանիսն են, որոնցից հիմնականն այն է, որ վարչախմբի կողմից կառավարվող լրատվամիջոցներն աշխատում են չանդրադառնալ հեղափոխական շարժումներին: Նկատենք, սակայն, որ այս գործում աշխույժ չեն նաև համեմատաբար անկախ լրատվամիջոցները: Այստեղ տեղին է կրկին հիշել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Միշել Լեգրային, որը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ մեզ` հայաստանցիներիս, մեղադրեց գավառամտության համար: Նա ցավով նշեց, որ չնայած Հայաստանն արդեն անկախ պետություն է, բայց հայերը, հայկական լրատվամիջոցները շարունակում են մնալ գավառային մտածողությամբ: Դեսպանը նշեց, որ մենք դեռևս մեզ Ռուսաստանի ծայրագավառ ենք զգում և քննարկում ենք բացառապես հարցերի շատ նեղ շրջանակ, որի մեջ էլ տապակվում ենք: Լեգրան հպարտությամբ նշեց, որ ֆրանսիացին արթնանալուց հետո իր պարտքն է համարում առաջին հերթին ծանոթանալ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ դրանց համար իրեն պատասխանատու է զգում: Այն ժամանակ հավաքված լրագրողները Լեգրայից նեղացան և նրան որակեցին որպես թրքամետ դիվանագետ: Անցել են տարիներ՝ գրեթե մեկ տասնամյակ, բայց աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հայաստանյան արձագանքը վկայում է, որ Լեգրան ճիշտ էր:

Թերթելով մեր մամուլը, հետևելով հեռուստաալիքների լուրերի թողարկումներին և ինտերնետային պարբերականներին, տեսնում ենք, որ թերթերի զգալի մասը հատկացված է ոչ թե ներքին կյանքին, այլ ներքին «մուտիլովկաներին», որոնք միայն նողկանք են առաջացնում, իսկ հեռուստաալիքների լուրերի թողարկումներն էլ շարունակում են մեզ համոզել, որ այսքան երջանիկ կյանքը մեզ Սերժ Սարգսյանն է պարգևել: Կեղծ տեղեկությունների, «մուտիլովկաների» վրա հիմնված վերլուծությունները ակնհայտորեն շատ են: Ոմանք կասեն, թե ժողովուրդը նման պահանջ ունի, բայց իրականում դա այդպես չէ: Եվ եթե նույնիսկ այդպես լիներ, լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, փորձագետների պարտքն է ժողովրդին հասկացնել, որ արաբական աշխարհում և Իրանում կատարվող իրադարձություններն անչափ կարևոր են մեր երկրի համար: Իսկ մեր լրագրողները քաղաքական գործիչներին և փորձագետներին միայն մի քանի անգիր արած հարցեր են տալիս, իհարկե, բացառապես սերիալային ժանրերի մակարդակի: Այլ կերպ ասած՝ բամբասանքի մակարդակից այն կողմ հազվադեպ ենք անցնում: Մե՛կ ԲՀԿ համագումարից հետո Սերժ Սարգսյանին զրահաբաճկոն ենք հագցնում, մե՛կ Հեղինե Բիշարյանի շուրթերով կոալիցիան նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին է պաշտպանում, թեև ընտրություններին դեռ երկու տարի կա: Մի խոսքով՝ մենք չենք նկատում այն, ինչ կատարվում է մեր շուրջը:

Իրանում բուռն իրադարձություններ են սկսվել` Ահմեդինեժադը Թուրքիայում գտնվող իր գործընկեր Աբդուլահ Գյուլին թույլ չի տալիս շփվել իրանցի ցուցարարների հետ, ոստիկանները մեկ մարդ են սպանում, Ահմեդինեժադը սպառնում է պատժել ցուցարարների կազմակերպիչներին, իրանցի հիսուն պատգամավոր էլ ստորագրություններ են հավաքում, որ Իրանի ընդդիմությանը կախաղան բարձրացնեն։ Իսկ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասում է, թե Իրանում չեն լինի քաղաքական լարվածություններ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ հայ-իրանական ծրագրերի վրա: Ավելին, նա ասել է, թե չի կարծում, որ քաղաքական իրավիճակն Իրանում ավելի լարված է, քան նախկինում: Իսկ եթե նա է ասում, ուրեմն անհանգստանալու կարիք չկա: Ահա այսպես են հայաստանցի պաշտոնյաները վերաբերվում հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Իրականում Իրանում քաղաքական իրավիճակը չափից դուրս լարված է, և տեղի ունեցող գործընթացներին ուշադիր հետևելիս պարզ է դառնում, որ այնտեղ կարող են բավական խորքային իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ այլ երկրների հետ նրա ունեցած պայմանավորվածությունների վերանայման: Անկասկած, Իրանում բոլորովին այլ վիճակ է, քան նախահեղափոխական Եգիպտոսում, բայց դա դեռ չի նշանակում, թե ԻԻՀ–ի կղերական իշխանությանը կհաջողվի ուժի գործադրմամբ վերջնականապես լռեցնել ընդդիմությանը: Իհարկե, Իրանի իշխանությունները, ի տարբերություն Մուբարաքի, ունեն բազմաթիվ մոլեռանդ կողմնակիցներ, որոնք կարող են ցանկացած պահի Ահմեդինեժադի կամ կրոնապետի կոչով դուրս գալ փողոց, բայց միևնույն ժամանակ գործող իշխանությունից այդ երկրի բնակչության գերակշիռ մասի դժգոհությունն այնքան մեծ է, որ զանգվածների ցասման առաջ գրեթե հնարավոր չէ պատնեշ կառուցել: Իսկ Իրանը մեր հարևանն է, ռազմավարական գործընկերը, և մեր պարտքն է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած փոփոխության: Համոզված եմ, որ վարչախումբը ո՛չ քննարկել, ո՛չ էլ քննարկելու է Իրանում ստեղծված իրավիճակը: Մեր երկիրն այն վիճակում է, որ մի պահ թվում է, թե ճիշտ են նրանք, ովքեր համոզված են, որ բոլոր հարցերում Սերժ Սարգսյանը սպասում է Մոսկվայից եկող զանգին: Կրեմլից կասեն՝ ինչ դիրքորոշում որդեգրել Իրանի հարցով, այդ դիրքորոշումն էլ կորդեգրվի: Բնականաբար, Ռուսաստանը և որևէ այլ երկիր չեն կարող հարգել և լուրջ մոտենալ Հայաստանի նման երկրներին:

Հայաստանում գործող վարչախումբը որևէ հետևություն չի արել և չի կարող անել Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից, Հորդանանում, Եմենում, Լիբիայում, Բահրեյնում և Իրանում սկսված բողոքի լայնածավալ գործողություններից: Վարչախմբի ցինիկությունը հասել է այնտեղ, որ շարունակում են ուղիներ փնտրել ժողովրդին ավելի շատ կեղեքելու համար: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, թե ինչքան թույլ և անօգնական է վարչախումբը, որ աչք է դրել ժողովրդի վերջին լումաների վրա:

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների տերերի բողոքի գործողություններից հետո փոխանակ մեր օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարվեն, որ մաքսազերծումը և գրանցումը մեզ մոտ եթե ոչ ավելի էժան, ապա գոնե ոչ թանկ լինի, քան Վրաստանում է, վարչախումբը փորձում է լռեցնել ցուցարարներին: Իբր քիչ են գործազուրկները, որոշում է գործազուրկ դարձնել նաև փողոցային առևտրով զբաղվողներին: Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել:

Նման վարչախմբի առկայության պայմաններում զարմանալի չէ, որ լուծարվում է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ Լինսի հիմնադրամը, պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկում է Ադրբեջանին ավելի շատ ռազմական օգնություն հատկացնել, քան Հայաստանին: Եվ ինչո՞ւ չպետք է այդպես լինի, եթե Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքում, և ռուսական ռազմակայանի տեղակայումը Հայաստանում երկարաձգվում է ևս 49 տարով: Չանդրադառնալով այս պայմանագրի մանրամասներին՝ նշենք միայն, որ այն կնքելով՝ պետք էր սպասել նաև այսպիսի պատասխանների: Զարմանալի չի լինի, եթե դադարեցվեն Հայաստանին հատկացվող այլ օգնություններ ևս: Իսկ վարչախմբին, կարծես թե, այս պահին միայն մեկ հարց է հուզում. ի՞նչ անեն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի երկու տարի հետո Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին: Մի՞թե նման մակարդակ ունեցող վարչակազմը կարող է ևս մի քանի տարի կառավարել մեր երկիրը: Իհարկե՝ չի կարող, բայց եթե ինչ–որ հրաշքով նրանք կարողանան պահպանել իշխանությունը և անցնեն վերարտադրման, ապա որքան էլ դառը լինի խոստովանել, այդ դեպքում միջազգային հանրությունը լուռ համաձայնությամբ խաչ կքաշի մեր երկրի վրա, քանի որ նման պետություններն արժանի չեն տեղ զբաղեցնել աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը