Մեկնաբանություն

16.11.2019 23:10


Մի մանիպուլյացիայի պատմություն

Մի մանիպուլյացիայի պատմություն

Նախորդ իշխանություններին հավատարմորեն ծառայած «թունդ ընդդիմադիր» 1in.am կայքը, որ հիմա էլ Փաշինյանին է «դուխով» ծառայություններ մատուցում, «Սենսացիոն հայտարարություն Ստեփանակերտից․ Քոչարյանը սպասարկել է Բաքվի օրակարգը» վերնագրով մի հոդված է «թխել», որտեղ անդրադառնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւանում բարձրաձայնած թեզին, թե «Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշել է, որ Հայաստա՛նը պետք է ներկայացնի Արցախի շահերը»։

Հեղինակի ասելով՝ սա բաց մարտահրավեր է` ուղղված Ռոբերտ Քոչարյանին, քանզի, ըստ նրա, «զուտ ժամանակագրորեն պաշտոնական Արցախը մինչև 1998-ի նոյեմբերը եղել է բանակցային գործընթացի սուբյեկտ»։ Այն դեպքում, երբ կան բազմաթիվ «իրեղեն ապացույցներ»` գրավոր արձանագրություններ եւ մամուլի հրապարակումներ, որոնց փաստում են, որ Արցախը դեռ Տեր-Պետրոսյանի օրոք` 1997թ. հունվարին էր դուրս մնացել բանակցային գործընթացից, որին մինչ այդ էլ մասնակցում էր ոչ թե լիարժեք, այլ ընդամենը «շահագրգիռ» կողմի կարգավիճակով` ԼՂ չեղած «ադրբեջանական համայնքի» հետ նույն հարթության վրա։

«Արցախից, սակայն, պնդում են, որ այս թեման Ադրբեջանն է շահարկում եւ հենց Ադրբեջանն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին։ Պատասխանելով թերթերից մեկի հարցին` ում նկատի ուներ Լավրովը, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում։ Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից»,-դժգոհում է հոդվածագիրը, եւ զարմանում.

«Զարմանալի է այն համառությունը, որը պաշտոնական Ստեփանակերտը ցուցաբերում է՝ Քոչարյանին ուղղակի կամ անուղղակի պաշտպանելու նպատակով։ Երբ անգամ միջնորդ երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոսում է անառարկելի փաստերի մասին, անիմաստ է տուրք տալ կլանային մտածողությանը, խմբագրել այն կոպիտ սխալը, որը ժամանակին թույլ է տվել Քոչարյանը։ Ստեփանակերտի նման մոտեցումն ակնհայտորեն վնասելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերին` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ» (հիմա հասկացա՞ք` ով կամ ինչն է խանգարում վատ պարողին` կատարելու Արցախը բանակցությունների լիարժեք կողմ դարձնելու խոստումը)։

Ինչպես նկատում եք, վերնագրում գրվածը ոչ մի կապ չունի տեքստի հետ, ավելին` հակասում է դրան։ Վերնագիրը ի լուր աշխարտի ծանուցում է, որ պաշտոնական Ստեփանակերտը Քոչարյանին է մեղադրում բանակցություններից դուրս մղվելու համար, իրականում`ճիշտ հակառակը. պաշտպանում է Քոչարյանին այդ ժամկետանց շահարկումներից։

Այսպես էլ ապրում եւ աշխատում են` մանիպուլյացիայի ենթարկելով հասարակական կարծիքը, սեւը` սպիտակ, սպիտակը` սեւ ներկայացնելով, ու սրա հետ ոչինչ չես անի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը