Մեկնաբանություն

12.11.2019 09:48


Կարո՞ղ է բան ենք բաց թողել` ՀՔԾ պետը փոխվել է, վրաներս «խաբար» չկա

Կարո՞ղ է բան ենք բաց թողել` ՀՔԾ պետը փոխվել է, վրաներս «խաբար» չկա

Հնարավո՞ր է, որ ՀՔԾ-ի պետը արդեն Սասուն Խաչատրյանը չէ` «մուտիլովկաների» հմուտ վարպետ Քոչարյան Անդրանիկն է. էն, որ իր կասկածելի «իրավաբանական» կրթությամբ եւ, մեղմ ասած, ոչ միանշանակ «հետագծով» ղեկավարում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը`հա՛մ ճարտարագետ է, այսինքն` ինժեներ, հա՛մ «ձեռի հետ» իրավաբանի դիպլոմ է ստացել, համ էլ, եթե հավատալու լինենք Վիկիպեդիայի տվյալներին` «դիվանագետ» է։ Ե՞րբ եւ ինչ պայմաններում է դիվանագետի կրթություն եւ որակավորում ստացել` սատանա՛ն գիտի։

Պարզվում է, էս մեր բազմափեշակ պատգամավորը, բացի ապրիլյան պատերազմի «մութ էջերը» քննելուց, նաեւ վերահսկում է ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործի «լիարժեք բացահայտման» գործընթացը (եթե, իհարկե, անձամբ չի ղեկավարում քննչական խմբի աշխատանքները)։ Կամ նվազագույնը Սասուն Խաչատրյանի գործերի հավատարմատարն է. անգիր գիտի` նախաքննությունն ինչ փուլում է, ուր է հասել, օպերատիվ ինչ գործողություններ են կատարվել, ինչ «նոր» իրեղեն ապացույցներ են ձեռքբերվել, մասնավորապես, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ Մարտի 1-ը «կոծկելու» գործում ունեցած «վճռորոշ դերակատարության» վերաբերյալ, ինչ է պատրաստվում անել, եւ այլն, եւ այդպես շարունակ։

Ու, ՀՔԾ-ից առաջ ընկնելով` մի տարի առաջ որպես վկա հարցաքննված անձին հրապարակավ մեղադրանք է առաջադրում. «Նա ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի»: Ավելին` պահանջում է «շուտափույթ վերադառնալ Հայաստան եւ պատասխանել նախաքննության հարցերին»։ Եվ ուղղորդում է քննչական խմբին` հանձնարարական է տալիս. «Մարտի 1-ի գործի շրջանակում պետք է ճշտվի Կոստանյանի կարգավիճակը»։

Մարդը մի ուրիշ ձեւի ծանր է տարել Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, թե` քննչական խումբը ոչ թե փորձում է բացահայտել 10 սպանությունները, այլ` հիմնավորել այդ սպանությունների բացահայտման անհնարինությունը։ Եվ ի՞նչ է ասում. «Նա պետք է չասի, նա պետք է արած լիներ: Ընդ որում, մեզ թող չասի, մենք բացահայտել ենք կառավարումը ոնց ա եղել, ինչի ա էդպես եղել, տասը մարդ զոհվել են»։ Հայերեն ասած` նշանակել ենք մեղավոր(ներ)ին, եւ վե՛րջ։

«Նոր իշխանության» անուրանալի ձեռբերումն այն է, ըստ ՀՔԾ գործունեությունը «վերահսկող» պատգամավորի, որ ինքը, այսինքն` նոր իշխանությունը, «բացահայտել է կազմակերպված, կառավարվող հանցագործությունների շղթան, որը սահմանադրական կարգի տապալման է բերել եւ այդ տապալման գործընթացին որպես պաշտոնյա Կոստանյանը մասնակից է»:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտին Կոստանյանը արդարադատության փոխնախարար էր, եւ, որպես այդպիսին, չէր կարող որեւէ կերպ մասնակից լինել «սահմանադրական կարգի տապալման» գործընթացին։ 2013թ. հոկտեմբերից հետո էլ, որպես գլխավոր դատախազ, չի՛ զբաղվել Մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ` պարզ պատճառով. դրանով, ինչպես եւ «նոր իշխանության» օրոք, զբաղվում էր ՀՔԾ-ն։

Եթե բա՛ն է փոխվել` Սահմանադրության հայտնի նորմը, ըստ որի, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով`յուրաքանչյուր պաշտոնատար անձ իրավասու է գործել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում (չմիջամտել այլ մարմինների գործերին, դիցուք, պատգամավոր «ըլլալով»` չզբաղվել հանցագործությունների բացահայտմամբ, չթելադրել նախաքննական մարմնին` ինչ անել կամ ինչ չանել), այլեւս չի գործում, թո՛ղ միանգամից այդպես էլ ասեն, իմանանք` Սահմանադրությունն այլեւս առ ոչինչ է։

Եվ ուրեմն` դատավոր Աննա Դանիբեկյանը «լրիվ ճիշտ» է, որ բանի տեղ չի դնում ՍԴ որոշումները. ինքն է որոշում` կատարե՞լ Բարձր դատարանի որոշումները, թե՞ անել այն, ինչ ուզում է Նիկոլը, Քոչարյան Անդոն, սրանց սրտի դատախազները եւ քննիչները։

Մնում է` հայտարարեն, որ դուրս ենք գալիս Եվրախորհրդից, որովհետեւ եվրոպական ստանդարտներն այլեւս նեղ են գալիս մեզ, ու պը՛րծ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը