Կարծիք

15.02.2011 16:55


Ինչ կապ ունի Եգիպտոսը Հայաստանի հետ

Ինչ կապ ունի Եգիպտոսը Հայաստանի հետ
Հայաստանցիների քաղաքականապես գրագետ հատվածը, բնականաբար, մեծ ուշադրությամբ հետեւել եւ շարունակում է հետեւել եգիպտոսյան իրադարձություններին:
Նրանք, ովքեր աղոթում են, որ օր առաջ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ տեղի ունենան, անկեղծորեն ցավում էին Կահիրեի Ազատության հրապարակում հավաքվածների համար եւ ցանկանում, որ հնարավորին չափ շուտ հաղթանակի եգիպտական հեղափոխությունը: Իսկ նրանք, ովքեր երազում են, որ վարչախումբը հավերժ պահպանի իր իշխանությունը Հայաստանում, հոգու խորքում հույս ունեին, որ Մուբարաքը հրաժարական չի տա եւ բանակին կհրամայի մի լավ պատժել փողոց դուրս եկած ժողովրդին:
Եգիպտոսում հաղթեց հեղափոխությունը: Մուբարաքը որքան էլ չէր ուզում, բայց հրաժարական տվեց: Այսուհանդերձ, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները լավագույն դեպքում միայն անուղղակիորեն կարող են ազդել հայաստանյան իրավիճակի վրա: Իհարկե, ցանկության դեպքում Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ կարելի է բազմաթիվ նմանություններ գտնել, բայց տարբերություններն անհամեմատ ավելի շատ են:
Մուբարաքը եւ նրա թիմը շատ ավելի հարուստ եւ հզոր էին, քան հայաստանյան վարչախումբը, բայց դա նրանց չօգնեց պահպանել իշխանությունը: Մյուս կողմից, Եգիպտոսի ռազմավարական գործընկերները, ի տարբերություն Հայաստանի` անհամեմատ ժողովրդավար են: Ուզենք, թե չուզենք, մենք պետք է հաշվի նստենք նաեւ այս գործոնի հետ:
Եթե Պուտինը կամ Մեդվեդեւը դեռ ընտրությունները չավարտված շտապում են շնորհավորել Հայաստանի չընտրված նախագահին, ապա Օբաման Մուբարաքին մտերմաբար խորհուրդ էր տալիս հրաժարական տալ: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ուզենք, թե չուզենք, ստիպված ենք խոստովանել, որ մոտ 30 տարի արտակարգ դրության պայմաններում ապրած եգիպտացիներն ավելի վճռական գտնվեցին եւ զոհեր տալուց հետո չդադարեցրին պայքարը:
Եգիպտացիներն անհամեմատ ավելի համառ գտնվեցին, չնայած ավելի աղքատ չեն, քան հայաստանցիները: Եգիպտոսում բնակվում է մոտ 80 միլիոն մարդ, եւ փողոց դուրս եկավ մոտ 40 անգամ ավելի շատ մարդ, քան Հայաստանում: Այնպես որ, այստեղ խնդիրը քանակի մեջ չէ, այլ վճռականության: Եգիպտացիները չնահանջեցին, երբ նրանց նկատմամբ ուժ կիրառվեց, երբ ինչ որ ուղտավորներ եւ ձիավորներ հայտնվեցին: Բացի այդ, եգիպտացի զինվորականների մոտ պետականության գիտակցումն ավելի բարձր գտնվեց, քան հայաստանցի զինվորականների մոտ: Իհարկե, կարելի է հերթական անգամ ասել, թե բանակը փողոց դուրս բերվեց միայն վախեցնելու համար, եւ որ ուժ կիրառեցին անհայտ դիմակավորները, բայց անկախ նրանից, զինվորականները կրակել են, թե ոչ, այսուհանդերձ, նրանց տեղաբաշխումը քաղաքում արդեն իսկ ուժի կիրառում է:
Եգիպտական իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ոչ մի վարչախումբ հավերժ չէ, եւ որ նրա վախճանը կարող է վրա հասնել այն պահին, երբ շատերն այդ մասին չեն էլ մտածում: Եւ որքան էլ Եգիպտոսը Հայաստանին նման չէ, բայց հայաստանցիները հասկացան, որ եթե հնարավոր է տապալել Մուբարաքին, ապա գործող վարչախմբից ազատվելն առանձնապես բարդություն չի ներկայացնում: Բնականաբար, վարչախումբը եւ նրանց սպասարկուները եւս հասկանում էին, որ եգիպտական հեղափոխության հաղթանակից հետո հայաստանցիների մարտական ոգին միայն կբարձրանա: Պատահական չէ, որ հիմա պետականաշեն հեռուստաալիքները բացահայտ կամ քողարկված մեր բազմաչարչար ժողովրդին բացատրում են, թե որքան վատ բան է հեղափոխությունը եւ նույնիսկ համոզում են, թե ժողովրդավարությունն այնքան էլ լավ բան չէ, որքան կարծում ենք: Բայց կարելի է վստահ լինել, որ միամիտները շատ քիչ կլինեն եւ քարոզչամեքենային չի հաջողվի սրբել մեր հեռուստադիտողների ուղեղները: Վարչախումբը, ժողովրդին մոլորեցնելու փոխարեն շատ ավելի ճիշտ կվարվի, եթե կողքից նայի ինքն իրեն եւ հասկանա, որ ամենավատ տարբերակն այն կլինի, երբ գործը հասնի հեղափոխության:
Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանին եւ նրա խորհրդականներին թվում է, թե Ռուսաստանի աջակցությունը բավարար է ժողովրդի կեղեքումը հաջողությամբ շարունակելու համար, բայց իրականությունն այն է, որ նույնիսկ Ռուսաստանը չի կանգնի այն վարչախմբի կողքին, որը կորցրել է իրականության զգացումը: Վերջին հաշվով Ռուսաստանի նման հզոր երկրների համար խնդիր չի լինի համագործացել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Իսկ հեղափոխական ցնցումներից խուսափելու եւ իրական իշխանափոխություն իրականացնելու համար հսկայական դեր ունեն նրանք, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական նոր ուժ, որը կկարողանա երկրում սթափության մթնոլորտ հաստատել եւ երկիրը շարժել ժողովրդավարության եւ տնտեսական վերափոխումների ճանապարհով:
Բնականաբար, վարչախումբը եւս գիտակցում է, որ նոր ուժի ձեւավորումը կարագացնի իր վախճանը եւ խաղի մեջ է մտցնում տարբեր ֆիգուրների, բայց դա դատապարտված քայլ է:
Ժողովուրդը սպասում է այն ուժին, որը կգլխավորի ժողովրդավարության համար մղվող պայքարը: Ընդամենը երկու ամիս առաջ Եգիպտոսում շատ քչերը կհավատային, որ եգիպտացիները դուրս կգան փողոց եւ հաղթանակի կհասնեն: Այսօր էլ Հայաստանում քիչ չեն թերահավատները, որոնք չեն հավատում ո՛չ ժողովրդի հաղթանակին, ո՛չ էլ քաղաքական նոր հոսանքի ձեւավորմանը: Հավատան, թե չհավատան, բայց ընթացող գործընթացները միայն արագացնում են նոր ուժի ձեւավորումն ու հզորացումը, ինչպես նաեւ ժողովրդի հաղթանակը: Իսկ նրանք, ովքեր մտածում են, թե իրենք մշտապես պետք է զբաղեցնեն քաղաքական հարթակները, ճիշտ կանեն խորությամբ ուսումնասիրեն Մուբարաքի քաղաքական կյանքի վերջին շաբաթների պատմությունը:
Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը