Կարծիք

07.03.2011 23:07


Որքա՞ն է տևելու փակուղին

Որքա՞ն է տևելու փակուղին

Այսօր ավելի շատ են հնչում տեսակետներ, թե իրավիճակը Հայաստանում փակուղային է: Մեր կարծիքով, սա մեր իրականության ամենաօբյեկտիվ գնահատականն է: Առաջիկա ամիսների ընթացքում, վստահաբար,  այս գնահատականի կողմնակիցների թիվը  մեծանալու է, իսկ դա նշանակում է  նոր իրականության ձևավորում և ամենակարևորը` նոր իրականության ընկալում:

Եթե համառոտ նկարագրենք, ապա հայաստանյան փակուղին ունի հետևյալ բնութագիրը` կա գործող նախագահ, որն ունի շատ ցածր վարկանիշ և լեգիտիմության մեծ պակաս, ու նրա պաշտոնավարման ընթացքում երկրի տնտեսությունը ենթարկվում  է կոլապսի: Կա փողոցային ընդդիմություն, որը հավաքում է մեծ զանգված, բայց լիդերի շնորհիվ  ոչ այնքան մեծ, որ հնարավոր լինի իշխանություն վերցնել, կա Ռ. Քոչարյան, որի ժամանակ ժողովուրդը համեմատաբար ավելի լավ էր ապրում, բայց երկրորդ նախագահը ցույց չի տալիս հրապարակային ակտիվության նշաններ, ու հետևաբար չի ապահովում անհրաժեշտ կոնսոլիդացիա իր շուրջը, և վերջապես կա 4-րդ՝ նոր մարդու անհրաժեշտություն, որն ավելի շուտ վիրտուալ կերպար է և գործնական քաղաքականության մեջ չի նշմարվում:

Ահա այս փակուղին առաջիկայում  էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը, ու պետությունը հայտնվելու է կատարյալ տնտեսական և բարոյական ճահճի մեջ` բխող բոլոր հետևանքներով: Հասարակությունը գնում է ընտրությունների, հստակ գիտակցելով, որ ընտրություններով փակուղին չի հաղթահարվելու: Իսկ առանց ելք ընտրությունները միայն սրելու են խնդիրները:

Քաղաքական փակուղիներ ժամանակ առ ժամամանակ առաջանում  են տարբեր երկրներում: Նման իրավիճակներում կա երկու ուղի` հենվել Սահմանադրության վրա կամ գտնել ֆորսմաժորային լուծումներ:

Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը և զարգացումները պայմանավորվում են երկու փաստաթղթերով. առաջինը ՀԱԿ-ի ստեղծումը ազդարարող հուշագիրն է, երկրորդը` կոալիցիոն նոր հուշագիրը:

Ու քանի որ երկրում Սահմանադրությունը ունի ֆորմալ  բնույթ՝ այս երկու փաստաթղթերը ստանում են  պետության հիմնական օրենքի կարգավիճակ: Այս փաստաթղթերը  մի կողմից այլասերված և ճահճացած իրականության  արդյունքն են , մյուս կողմից, հենց նրանք  են ուժեղացնում այդ այլասերվածությունն  ու ճահիճը:

ՀԱԿ-ի հիմնադիրներից առնվազն կեսը Լ. Տեր-Պետրոսյանի հետ ունեն անլուծելի տարաձայնություններ: Ուղիղ կեսը շատ լավ հասկանում է, թե Լ.Տեր- Պետրոսյանը ինչ ֆունկցիա ունի այսօր և ինչ պայմանավորվածությունների շրջանակում է գործում: Ուղիղ կեսը  ուզում է դուրս գալ այդ ձևաչափից, բայց մեխանիզմը և պահը չի կարողանում գտնել: Եվ վերջապես ՀԱԿ-ի ուղիղ կեսը առողջ  և մտահոգ մարդիկ են, որոնք կարող են, և պետք է երկրի համար ունենան լուրջ դերակատարում, բայց կաշկանդված են տերպետրոսյանական հուշագրով:

Կոալիցիոն նոր հուշագրում գրեթե նույն վիճակն է: Բոլորը հասկանում են, որ ԲՀԿ-ն և Ծառուկյանը ոչ մի ընդհանրություն չունեն այսօրվա իշխանական էլիտայի հետ, ավելին` ունեն օրգանական անհամատեղելիություն, բայց նույն թիմում են: ԲՀԿ-ն, որ կարող է, և պետք է առաջիկայում ունենա լուրջ դերակատարում երկիրն այս վիճակից դուրս բերելու հարցում, այսօր ստիպված է ինչ-որ անիմաստ  թղթեր ստորագրել և իրեն կաշկանդել: Ծառուկյանը, որ այսօր ունի  անհամեմատ ավելի  բարձր վարկանիշ, քան Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը, այսօր  տեղավորվում է մարդկայնորեն վարկաբեկված Ա. Բաղդասարյանի կողքին:

ԲՀԿ-ն այս իմաստով, շատ նման է ՀԱԿ-ի մի հատվածին, որոնց ձեռքերն ինչ որ առումով կապում է փաստաթղթային կաշկանդվածությունը:

Կոալիցիոն նոր հուշագիրը իրականում ոչ թե նոր պրոցեսի սկիզբն էր, այլ` հնի վերջը: Քանի կա ՀԱԿ-ի ձևավորման անհեթեթ փաստաթուղթը, իշխանությունը պետք է ձևավորեր իր տարբերակը` վերականգնելու համար հավասարակշռությունը, միաժամանակ ճահիճը և փակուղին  դարձնելով կատարյալ:

Հիմա ընթացքի մասին: Բոլոր նորմալ մարդկանց հետաքրքրում է մեկ հարց. որքա՞ն է տևելու փակուղին: Պատասխանը պարզ է.  այնքան ժամանակ, քանի դեռ չի գոյացել փակուղին վերացնելու ռեսուրս:

Հաջորդ տրամաբանական հարցը հետևյալն է. որտեղի՞ց է գոյանալու անհրաժեշտ ռեսուրսը: Պատասխանը նույնպես հստակ է. ՀԱԿ-ից և կոալիցիոն նոր հուշագրից: Ավելի ճիշտ ՀԱԿ-ի և իշխող կոալիցիայի նոր հուշագրի լուծարումից: Միայն այդ դեպքում կազատվեն առողջ ու երկրի համար մտահոգ քաղաքական ուժերը, որոնք կկարողանան գտնել համագործակցության  նոր ձևաչափ` համոզմունքներին, սկզբունքներին և շահերին համապատասխան:   Եվ վերջապես, միայն այդ դեպքում կգտնվի 4-րդ մարդը, որը թույլ կտա երկիրը առանց արյունալի ցնցումների դնել առողջ զարգացման հունի վրա:

Հայաստանը մտել է սպասումների ծանր փուլ: Սպասումային փուլն է՛լ ավելի է վատացնելու տնտեսության վիճակը, է՛լ ավելի է խորացնելու անհուսության վիճակը մարդկանց մոտ: Որքան էլ ցավալի հնչի, բայց առանց այս սպասումային փուլի՝ անհնար էլ լինելու հասնել  երկիրն այլասերող քաղաքական փաստաթղթերի պատռման փուլին:

Երկրի բոլոր առողջ ուժերը պիտի օժանդակեն, որ այդ փուլը շուտ գա: Այդ դեպքում կունենանք լայն,  օրեցօր աճող բողոքական հսկայական շերտերի շահերին համահունչ  գործող,  ՀԱԿ-ից տարանջատված ազդեցիկ ուժեր` առանց Եղիազար Այնթապցու և բարձր վարկանիշ  ու առաջիկա քաղաքական զարգացումներում  պատմական  առաքելություն ունեցող Ծառուկյան` իր ԲՀԿ-ով: Այս պարագայում էական կոնստրուկտիվ ու մերանային դերակատարում կարող է ունենալ ՀՀԿ-ն, որի լուրջ հատվածն այսօր մտահոգ և երկփեղկված վիճակում է:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը