Կարծիք

07.03.2011 15:46


Այն մասին, թե ինչպես են ցանկանում խաբել հանրահավաքի մասնակիցներին

Այն մասին, թե ինչպես են ցանկանում խաբել հանրահավաքի մասնակիցներին

Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքում բավական հետաքրքիր եւ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, որը շատ լուրջ ուշադրության եւ ուսումնասիրության կարիք է զգում:

Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 15 կետանոց պահանջը իշխանություններին ներկայացնելուց հետո, ասաc. «Այժմ խնդրում եմ քվեարկել. համաձա՞յն եք ընդունել այս հայտարարությունը. դե՞մ. ձեռնպա՞հ։ Ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ»:

Կարելի էր անտեսել այս դրվագը, կարելի էր հպանցիկ անդրադառնալ եւ վերջ, բայց հանրահավաքից հետո նրանք, ովքեր շարունակում են առաջնորդվել «Լեւոնը մի բան գիտի» կարգախոսով, եւ նրանք, ովքեր շահագրգռված են նեոբոլշեւիզմի տարծմամբ եւ առավել եւս նրանք, ովքեր ծրագրում են իրականացնել «Ընտրություն 2018»  ծրագիրը, փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե հանրահավաքում տեղի ունեցած քվեարկությունը ժողովրդավարության դրսեւորում էր եւ դարակազմիկ նշանակություն է ունենալու ժողովրդավարության համար մղվող պայքարում:

Առավել ծիծաղելին այն է, որ թերթերից մեկում գրվեց, թե ՀՀ առաջին նախագահի կիրառած այս մարտավարական քայլը կարող է դառնալ երկրում փոփոխությունների սկզբնական գեներատորը, եթե հաջորդ հանրահավաքներում ապահովվի դրա շարունակականությունը:

Արդեն իսկ պարզ է, որ նման քվեարկություններ կրկին լինելու են: Պատճառն էլ այն չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդավար է կամ ցանկանում է ժողովրդին ուրախացնել, նրանց գոնե ձեւականորեն ընդգրկելով որոշումների կայացման գործընթացի մեջ:

Նրանք, ովքեր քաջածանոթ են Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա գիտեն, որ նա որոշումներն ընդունում է չքննարկելով անգամ իր ամենամոտ եւ նվիրված զինակիցների հետ: Վստահ եմ, որ 15 կետանոց պահանջի բովանդակությանը Կոնգրեսի առաջատար կուսակցությունների ղեկավարները իմացան հենց հանրահավաքի ժամանակ: Վստահ եմ նաեւ, որ այդ պահանջների մասին մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը չգիտեր անգամ Աշոտ Սարգսյանը: Այնպես որ, ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ներգրավեց քվեարկության բոլորովին այլ պատճառով, որին քիչ անց կանդրադառնանք: Իսկ հիմա, եթե մի պահ անգամ պատկերացնենք կամ մեզ ստիպենք հավատալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկությամբ ցանկանում էր ժողովրդավարություն ամրապնդել, ապա ստիպված կլինենք շեշտել, որ նրա արածը մաքրամաքուր բոլշեւիկյան քայլ էր, եւ որեւէ կապ չուներ ժողովրդավարության հետ:

Պատկերացնու՞մ եք, հանրահավաքում հնչում է 15 կետոնոց պահանջ: Անմիջապես ժողովրդին առաջարկվում է քվեարկել եւ տաղանդավոր հայ ժողովրդի ներկայացուցիչները հաշված վայրկյանների ընթացքում կարողանում են մարսել լսածը եւ կողմ են քվեարկում: Սա միայն ծիծաղ կարող է առաջացնել, բայց ցավն այն է, որ նրանք, ովքեր ձգտում են հայ ժողովրդին տեսնել ճորտի կարգավիճակում, իսկ իրենց առնվազն իշխան կամ ֆեոդալ, ամեն ինչ անում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս քայլը գովաբանեն: Ավելին, փորձ է արվում ժողովրդին ավելի ոգեւորել, նշելով, թե հին Հունաստանում որոշումներն ընդունվում էին հենց այս կարգով: Նշվում է, թե հանրահավաքում տեղի ունեցած քվեարկությունը պետական կառավարմանը քաղաքացիների ուղղակի մասնակցության ամրագրում է, որն իբր բնորոշ է եղել անտիկ քաղաք պետություններին:

Ամենայն հավանականությամբ, հանրահավաքի մասնակիցները պատկերացում անգամ չեն ունեցել, որ իրենք մասնակցում են պետական կառավարմանը, միայն ու միայն ձեռքերը վեր պարզելով, չհասկանալով անգամ, թե վարչախմբին ինչ պահանջ են ներկայացրել: Հավատացած եմ, որ հանրահավաքի մասնակիցներից շատերն անգամ ալարել են կարդալ այդ պահանջները եւ չեն էլ ընկալել, որ իրենք պահանջել են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Նրանք, ովքեր փորձում են միամիտ ժողովրդին համոզել, թե հին Հունաստանում որոշումները հենց այսպես են ընդունում, հաստատ շատ լավ էլ գիտեն, թե ինչպես են կառավարվել հին հունական քաղաք-պետությունները: Պարզ է, որ նրանք միայն ցանկանում են խեղճ ժողովրդին ծաղրել եւ թյուրիմացության մեջ գցել եւ նաեւ ոգեւորել, որ հետո ավելի հավեսով մասնակցեն քվեարկություններին:

Իսկ ամենակարեւորն այն է, որ մենք մինչեւ հիմա կարծում էին, թե ժողովուրդը պետական կառավարմանը մասնակցում է տարբեր ընտրություններին մասնակցելով: Պարզվում է, որ «Ընտրություն 2018» ծրագրի հեղինակները եւ նրանց սպասարկուներն այլ պատկերացում ունեն պետության կառավարման մասին: Հենց սրա վրա էլ մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք:

Իսկ հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց քվեարկել ներկայացված պահանջը: Պատճառը շատ պարզ է: Կոնգրեսն այլեւս չի թաքցնում, որ պատրաստ է նստել բանակցությունների ավազակապետության ներկայացուցիչների հետ: Եւ թող որեւէ մեկն իրեն չխաբի, թե բանակցությունները արտահերթ ընտրությունների շուրջ են լինելու: 15-րդ կետում շատ հստակ նշված է, «Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»:

Պարզ է չէ՞, որ աշխարհում ընդունված է բանակցել ինչ որ հարցի շուրջ եւ փոխզիջումային որոշում կայացնել: Իսկ որ հետո որեւէ մեկը որեւէ մեկին չմեղադրի անցկացվում են քվեարկություններ: Այնպես որ, երբ ինչ որ մեկը կանգնի եւ ասի, թե ես չէի պայքարում, որ այսինչը պատգամավոր դառնա կամ այնինչը նախարար, նրան կժպտան եւ կասեն, սիրելիս, իսկ դու նա չես, ով կողմ քվեարկեց, եւ ով պարտավորվեց անվերապահորեն ենթարկվել ուղենիշ-ծրագրին:

Ամեն ինչ շատ պարզ է: Պարզ է նաեւ, որ մարտի 17-ի հանրահավաքում արձանագրվելու է, թե ոչ մի պահանջ չի կատարվել, բայց նաեւ ասվելու է, որ մեր ճնշումները կհանգեցնեն նրան, որ դրանք կկատարվեն կամ դրանց մեծ մասը, որից հետո ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ կդնեն եւ կուղարկեն տուն մեկ կամ երկու շաբաթ հետո կրկին հավաքվելու եւ քվեարկելու համար:

Եւ մեկ անգամ եւս նրանց համար, ովքեր կարծում են, թե ժողովրդին խաբելը շատ հեշտ է: Արիստոտելն ասել է. «Երբ ժողովուրդը ընտրության տերն է, նա տերն է նաեւ կառավարության», իսկ Թենելոնն էլ ասել է, որ Հունաստանում ամեն ինչ կախված էր ժողովրդից, իսկ ժողովուրդը` խոսքից: Իսկ ընտրությունը կատարվում է ոչ թե հանրահավաքում քվեարկելով, այլ ընտրությունների ժամանակ` քվեախցիկում: Իսկ որ ամենակարեւորն է, հին հունական եւ ոչ մի քաղաք-պետությունում որեւէ մեկը չէր մտածի ժողովրդին հրապարակում հավաքել եւ ինչ որ անհասկանալի եւ կասկածելի քվերկություն կազմակերպել եւ դա անվաներ պետության կառավարում:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը