Մեկնաբանություն

02.11.2019 10:50


Ա՛յժմ կամ երբե՛ք

Ա՛յժմ կամ երբե՛ք

Փաշինյանի վարչախումբն իր բացահայտ ցինիկ, ապազգային, հակապետական նկրտումներով եւ գործողություններով, կարծես, ամեն կերպ արագացնում է խորհրդարանից դուրս ընդդիմադիր բեւեռի ձեւավորման գործընթացը. անում է հնարավորը եւ նույնիսկ անհնարը, որ ապրիլյան «խեղափոխության» փայատերերի ողորմածությանը թողնված ձախավեր ներքին եւ հատկապես արտաքին քաղաքականությունը մերժող արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների եւ անհատների լայն կոնսոլիդացիան հնարավորինս շուտ տեղի ունենա։

Ինչո՞ւ խորհրդարանից դուրս։ Որովհետեւ իրականությանը բաց աչքերով նայող ցանկացած մեկը հասկանում է` խորհրդարանում ընդդիմություն չկա որպես այդպիսին։ Կա՛ ԲՀԿ-ն, որը մեծ հաշվով Նիկոլի հետ չէ`իր բնույթով, ի բնե կառուցողական է, եւ անհնար է, որ «ներքուստ» դեմ չլինի իշխող «մաֆիայի» կազմաքանդիչ, ջլատիչ «գործունեությանը»։ Բայց հասկանալի պատճառով (որ 2015թ. փետրվար 12-ի հայտնի իրադարձություններից`«բոլոլաներից» հետո Գագիկ Ծառուկյանին ստիպեց «զենքերը» վայր դնել եւ ժամանակավորապես դուրս գալ քաղաքականությունից), չի կարող իրեն «նոր» Հայաստանի բռնապետի դեմ հրապարակավ ընդվզելու շռայլություն թույլ տալ, եւ բավարարվում է «այլընտրանքային ուժի» կարգավիճակով։

«Լուսավորի» մասին ավելորդ է նույնիսկ խոսել` սրանք թե՛ ներքին, թե՛ առավել եւս արտաքին քաղաքականության «տեսլականով» ընդամենը լրացնում են իշխող մեծամասնությանը. դարձել են Նիկոլի «սազանդարները» եւ անում են այն, ինչ անգամ քայլարածները չեն ուզում անել, ներկայացնում կառավարության «սրտի նախագծերը», երբեմն` «անցկացնում»` տպավորություն ստեղծելով, թե մեծամասնությունն ականջալուր է «ընդդիմության առաջարկներին», մինչդեռ ԲՀԿ-ի նախաձեռնությունները, որպես կանոն, մերժվում են։ Ժամանակ առ ժամանակ էլ լեզվակռիվներ են անում իմքայլականների հետ` քաղաքական բազմակարծության պատրանք ստեղծելով։

Հեղափոխական թմբիրի մեջ գտնվող հանրությանն «արագի մեջ» պարտադրված արտահերթ «գըմփ-գըմփ-հու» ընտրություններից ընդամենը 10-11 ամիս է անցել, բայց արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ ընդդիմությունը «դրսում» է. առավելապես «թավշյա» լակոտակրատիայի ներկայացուցիչներով համալրված, լակոտակրատիայի շահերը ներկայացնող` Նիկոլ-վարչապետի անվճար կցորդը դարձած խորհրդարանը ոչ մի կերպ չի արտահայտում հասարակական տրամադրությունները։

Հասարակություն ասելով` նկատի չունենք Նիկոլի ձեռքի կամ ոտքի ամեն շարժումից, ամեն խոսքից էքստազի մեջ ընկնող հողաթափիկ ինֆուզորիաներին, սորոսա-լեւոնականներին ու «ծռերի» սակավաթիվ կողմնակիցներին. խոսքը նրանց մասին է, ովքեր չեն կորցրել կամ ժամանակի ընթացքում վերականգնել են սթափ դատելու կարողությունը եւ տեսնում են` ուր է գահավիժում երկիրը «խեղափոխական» ծնծղաների, ծափ-ծլնգոցների ներքո։

Մի կողմից` իրավական, քաղաքական եւ արժեհամակարգային բեսպրեդելը, որի ամենացցուն դրսեւորումը իշխող ուժի ձեռամբ Սահմանադրական դատարանի շուրջ ահագնացող «ճգնաժամն» է, մյուս կողմից`Արցախյան ճակատում եւ հայ-ռուսական հարաբերություններում հասունացող աղետը, վաղուց դուրս է եկել հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի դեմ պայքարի կամ «նախկինների քաղաքական ռեաբիլիտացիայի» տիրույթից. խաղասեղանին դրված է Արցախի եւ Հայաստանի՝ որպես իրավական, ժողովրդավարական պետության, ընդհանրապես`պետականության լինել-չլինելու խնդիրը։

Քաղաքական դաշտի հնաբնակ, «Վերնատուն» հասարակական, քաղաքական ակումբի նախաձեռնող Վազգեն Մանուկյանն արել է առաջին քայլը` հրավիրել է երկրի ապագայով մտահոգ առողջ ուժերին`համատեղելու ուժերը, ելք գտնելու ստեղծված իրավիճակից։ Ընդդիմադիր ուժերի համախմբման ավելի լավ շանս` «ոչ մի տեղ» չտանող այս կործանարար ընթացքը կասեցնելու եւ երկիրը կայուն, կանխատեսելի զարգացման ռելսերի վրա դնելու հնարավորություն, ինչպես ասում են, հնարավոր չէ հորինել։

Նիկոլենք, իհարկե, կփորձեն հիմա՛ էլ ընդդիմադիր դաշտը սեւ-սպիտակի բաժանել` ներկայացնել այնպես, թե «կռիվը»` ընտրությունը, հնի ու նորի, «նախկինների եւ ներկաների», «նախկին կոռումպացված ռեժիմի» կողմնակիցների եւ հակառակորդների, «ռեւանշիստների» եւ «բարեփոխիչների», անցյալի եւ ապագայի միջեւ է։

Եթե ընդդիմադիր ուժերը կուլ տան այդ խայծը, ինչի հավանականությունը, բարեբախտաբար, չնչին է`կույր պետք է լինել չտեսնելու Հայաստանի «լուսավոր ներկա եւ պայծառ ապագա» ներկայացող թավշյա գեներալների մարդկային, քաղաքական, գաղափարական եւ բարոյական սնանկությունը, երկրորդ նման հնարավորությունը մենք՝ որպես հասարակություն, կարող ենք եւ չունենալ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը